«Վարչապետն ապրում է ինչ-որ երազանքների, իր խաղաղարբուքի մեջ, որը կեղծ է». ինչո՞ւ է Փաշինյանը ուղերձում հիշատակել Թումանյանին ու Չարենցին

ԵՊՀ բանասիրական գիտությունների դոցենտ, լեզվաբան Նարինե Դիլբարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը «անհաջող հնարախաղ» է համարում, իսկ երկու հայ մեծանուն գրողներին հիշատակելը՝ մանիպուլյացիոն դրսևորում:

«Փաշինյանը հերթական անգամ մանիպուլյացիա է արել այս ուղերձում. մեղմ բառով արտահայտված՝ ուղեղների կողմնորոշման, իրականում՝ աչառու կողմնորոշման հերթական փորձն էր: Իրականում ուղերձի ժանրի տրամաբանությունն է՝ մարդկանց հեռացնել ինչ-որ իրողություններից և մերձեցնել քո ցանկացածին: Պարզապես այս պահին այդ ուղերձը կեղծ էր և մեր երկու մեծերին, ինչպիսին Թումանյանն ու Չարենցն է, այդ կեղծ հարթության մեջ տեղափոխելու անհաջող փորձ էր»,- «Մեդիալաբի» հետ զրույցում վերծանելով Փաշինյանի ամանորյա ուղերձը՝ ասում է Նարինե Դիլբարյանը:

Հիշեցնենք՝ Ամանորի գիշերը իր երկար շնորհավորական ուղերձի առաջին հատվածում Հայաստանի վարչապետը հիշատակել էր հայ մեծանուն գրողներ Հովհաննես Թումանյանին և Եղիշե Չարենցին. «2023 թվականն ուզում եմ հայտարարել Չարենցի և Թումանյանի ռազմավարական գործերի ընթերցման տարի, որպես պետության կայացման առանցքային ուղերձ ու ռազմավարություն, որպես ինքներս մեզ հետ հաշտվելու դեղատոմս, որպես մեր երազանքները որպես ռազմավարություն ձևակերպելու և ռազմավարությունը որպես երազանք ընկալելու միջոց: Որպես գործիք՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունենում մեզ հետ այս օրերում: Իսկ տեղի է ունենում հետևյալը. մենք պայքարում ենք անկախ, ինքնիշխան, բարեկեցիկ և ապահով պետություն ունենալու համար, կոնկրետ՝ պետություն: Մենք բիբլիական ելքի մեջ ենք և քայլում ենք անապատի միջով՝ Երկիր Նաիրիից մղվելով դեպի 29800 քառակուսի կիլոմետր շատ կոնկրետ ձև ու չափ ունեցող Հայաստանի Հանրապետություն: Սա ծանր և վտանգավոր, բայց և անխուսափելի ճամփորդություն է՝ հանուն փրկության, հանուն հանրապետության, հանուն պետականության»:

Դիլբարյանն ասում է՝ հայկական իրականությունում Թումանյանին ու Չարենցին ընկալելու առումով կան որոշակի կարծրատիպեր, որոնք օգտագործվում են «ուղեղների լվացման կամ հնարախաղային տեխնոլոգիաներ կիրառելու նպատակով»: Հենց դրանք էլ, ըստ դոցենտի, դրվել են վարչապետի ուղերձի հիմքում:

Հովհաննես Թումանյանը ներկայացվում է որպես սպիտակ դրոշ պարզած, խաղաղարար հասարակական գործիչ, բայց, ըստ Նարինե Դիլբարյանի, խաղաղությունը Թումանյանի համար ոչ թե նպատակ էր, այլ միջոց:

«Հովհաննես Թումանյանի վերաբերյալ կա կարծրատիպ, թե նա, լինելով գրող և միևնույն ժամանակ հասարակական գործիչ, ժամանակին մեծ տեղ է տվել հաշտությանը, երբ անհրաժեշտ է եղել՝ սպիտակ դրոշ է պարզել՝ թուրքական իշխանությունների հետ որոշակի պայմանավորվածություններ ստեղծելու առումով: Բայց այս ճշգրիտ քայլերը երբ դուք պարզունակ ու որոշակի դիտավորությամբ եք գնահատում, ապա կարող ես ասել, որ ինքն ընդհանրապես պարտվողական էր, գտնում էր, որ պայքարել պետք չէր: Բայց նրա «Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը վկայում է այն մասին, որ Թումանյանը ոչ թե պարզապես հանձնվողական էր, այլ տվյալ իրավիճակը գնահատում էր որպես այս պահին խաղաղ բանակցություններ վարելու ու առավելագույն օգուտներ ստանալու ժամանակ, իսկ հաջորդ փուլում ակտիվ պայքարելու ու նոր շարքեր ձևավորելու հնարավորություն:

Այսինքն՝ Թումանյանին ընկալել մի մարդ, որը միշտ սպիտակ դրոշ է պարզել, մեղմ ասած, խիստ միտումնավոր, աչառու և սխալ է, որովհետև հիշենք նաև Թումանյանի որդիներին, որոնք պայքարում էին ու այդ պայքարում զոհվեցին, և այդ կորուստն էր, որ Թումանյանին այս կյանքից հեռացրեց դեպի երկնային բարձունքները:

Այսինքն՝ առաջին կեղծ կարծրատիպը, որն իմ ընկալմամբ կարող է ընկած լինել վարչապետի ուղերձում, հետևյալն է՝ Թումանյանն էլ էր խաղաղարար, ես էլ եմ խաղաղարար: Բայց իրականում Թումանյանի համար խաղաղությունը ոչ թե նպատակ էր, այլ միջոց. խաղաղությունը միջոց էր ստեղծելու հզոր պետություն և ոչ թե բացարձակ ու անիմաստ նպատակ»,- ասում է ԵՊՀ դոցենտը:

Անդրադառնալով ուղերձում Եղիշե Չարենցի հայտնի «Երկիր Նաիրի» վեպը՝ վարչապետի կողմից հիշատակելուն, Դիլբարյանն ասում է՝ «կեղծ կարծրատիպ է, թե ազգային ամեն ինչ ուղեղային մորմոք է»:

Նրա խոսքով՝ վարչապետը փորձում էր Երկիր Նաիրին հակադրել Հայաստանի Հանրապետությանը:

«44-օրյա ամբողջ պատերազմի ընթացքում վերընթերցեցի ու հիմա էլ պահ առ պահ շարունակում եմ կարդալ «Երկիր Նաիրին», տեսնում եմ, որ այնտեղ առկա է մեր հասարակության ամբողջ կտրվածքը՝ անձնատու կապիտուլյանտներից, կեղծավոր փարիսեցիներից մինչև իրական հայրենիքի պատկեր, մինչև իրական Առաքելոց վանք:

«Երկիր Նաիրիում» հիմնականը Մազութի Համոյի վերջն է, այսինքն՝ ցույց տալ, որ խաչի վրա ոչ միայն Հիսուսն է, այլև խաչի վրա նաև փարիսեցի, անկարողունակ կեղծավորներն են, որոնք միայն անձնական շահի համար են պայքարում: Դա բազմաշերտ գործ է: Երկիր Նաիրին, այո՛, Տերյանի ամբողջ բանաստեղծական շարքում դարձել է առասպելական հայրենիքի խորհրդանշան, բայց փորձը ցույց է տալիս, որ երբ դու չես դնում առասպելական հայրենիքի խորհրդանշանը, այլ դնում ես ինչ-որ խղճուկ նպատակ, ինչպիսին, օրինակ՝ 29 հազար քառակուսի կիլոմետրը, և սկսում ես հայրենիքը չափել կիլոմետրերով ու խոսել, թե դա ուղեղային մորմոք է, դու ձախողված ես: Այսինքն՝ այդ ուղերձի գաղափարաբանությունն այս էր՝ եկեք հրաժարվենք Երկիր Նաիրիից, դա ուղեղային մորմոք է, եկեք սիրենք ու պահպանենք այդ 29800 քառակուսի կիլոմետրը, եկեք լինենք Թումանյանի պես խաղաղարար»,- ընդգծում է ԵՊՀ դոցենտը:

Նա բացատրում է՝ Թումանյանը սպիտակ դրոշը պահել է մի ակնթարթ, պայքարել հայկական պետականության համար և, ընդ որում՝ այդ պետականության համար սահմաններ չի գծել, իսկ «Երկիր Նաիրիում» Չարենցը ցույց է տվել, թե ում հետևից չի կարելի գնալ, թե ինչպես չի կարելի խաբվել և, կարևորը՝ պետք է սովորել սխալներից և ոչ թե անընդհատ դրանք կրկնել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև պատվո պահակախմբի ուղեկցությամբ այցելել էր Թումանյանի հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել ու ինքն էլ խոնարհվել էր գրողի հուշարձանի դիմաց:

Ըստ Դիլբարյանի՝ այդ քայլը ևս մանիպուլյացիոն քայլ էր, քանզի «կապ չունի, թե դու ո՛ւմ արձանի մոտ ես կանգնել, ո՛ւմ արձանի առջև ես ծաղիկ սփռում, ավելի կարևոր է, թե դու ի՛նչ նպատակով ես օգտագործում այդ մարդու անունը»: «Իսկ դու օգտագործում ես այն՝ արդարացնելու քո սեփական ձախողումները»,- նշում է Նարինե Դիլբարյանը:

Փաշինյանը իր ուղերձում նաև սիրո խոստովանություն էր արել հայ ժողովրդին ու իր սխալները մի տեսակ արդարացրել հետևյալ խոսքերով. «Սիրում եմ բոլորիդ, սիրում եմ մեր երկիրը, մեր պետությունը, և որտեղ սխալվում ու սայթաքում եմ, որտեղ ձախողվում եմ՝ գուցե չափազանցված, գուցե խելամտությունը ստվերող սիրո պատճառով: Բայց սերը, ի վերջո, ավելին է ու ամենազորը, և փոթորկված օվկիանոսում հայտնված մեր նավը՝ Հայաստանի Հանրապետությունը, հասցնելու ենք խաղաղ նավահանգիստ»:

«Դա մեղմացուցիչ հանգամանք չի կարող լինել: Սերը շատ զգայական է, և իշխանավորները պետք է ոչ թե սիրեն, այլ գործեն: Գործեն խելամտորեն: Խելամտության կորուստը շատ վտանգավոր է: Այդ տեսանկյունից ուղերձը հերթական անգամ ցույց տվեց, որ վարչապետը պատրաստ չէ շարունակելու ճիշտ գործունեությունը և անկարող է շարունակել իր գործունեությունը ողջամտության դաշտում: Նա ապրում է ինչ-որ երազանքների, իր խաղաղարբուքի մեջ, արբեցել են խաղաղությամբ, որը կեղծ է»,- նշում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am