«Քովիդի հերթական ալիք կլինի». աշխարհում սկսում են նոր սահմանափակումներ կիրառվել, ի՞նչ կարող է անել Հայաստանը

Չինաստանում կորոնավիրուսի վարակի նոր բռնկման ֆոնին Եվրոպական միությունը կանխարգելման նոր միջոցառումներ է սկսել իրականացնել. Չինաստանից ԵՄ մուտք գործող ուղևորները պետք է ունենան թռիչքից մեկ օր առաջ արված կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան:

Չինաստանում հակաքովիդային միջոցառումների չեղարկումը և ընդհանրապես, «զրո քովիդ» քաղաքականությունից հրաժարումը աշխարհին ստիպել են ձեռնարկել հակաքովիդային միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը անհանգստացած է Չինաստանում քովիդի տարածման, հիվանդացության ու մահացության ցուցանիշների աճի կապակցությամբ:

Ոչ պաշտոնական տվյալներով, դեկտեմբերի սկզբի դրությամբ՝ Չինաստանում վարակակիրների թիվը հասել է 248 միլիոնի:

Հաշվի առնելով 2020-ի նախադեպը, երբ համավարակը Չինաստանից սկսվեց ու տարածվելով աշխարհի երկրներով հասավ Հայաստան, մասնագետները մեր երկրում ևս չեն բացառում, որ քովիդը դարձյալ գլուխ կբարձրացնի:

«Այո, Չինաստանը հայտնում է օմիկրոնի նոր ենթատեսակի՝ BF7-ի մասին, որը համարվում է շատ ավելի արագ տարածվող, բայց կլինիկորեն ավելի թեթև ընթացող տարբերակ: Չինաստանում, իրոք, բավականին մեծ բռնկում է, այն աստիճան, որ հայտարարվում է, թե Չինաստանից այլ երկիր ժամանող 4 ուղևորից մեկի մոտ հայտնաբերվում է այս նոր ենթատեսակը: Նման պայմաններում Հայաստանը չի կարող խուսափել քովիդի բռնկումից»,- «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների դոկտոր Մերի Տեր-Ստեփանյանը:

Ավելին, նրա խոսքով, Եգիպտոսի իշխանություններն արդեն հայտարարել են իրենց մոտ նոր ենթատեսակի հայտնաբերման մասին, որի տարածման տեմպը ավելի արագ է, քան Չինաստանում հայտնաբերված ենթատեսակի դեպքում է:

Հայաստանի առողջապահության նախարարության հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ դեկտեմբերի վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել էր 37-ով՝ հասնելով 445.976-ի: Դեկտեմբերի 25-ի դրությամբ՝ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի դեմ ընդհանուր 2 միլիոն 279 հազար 743 պատվաստում։ Առաջին դեղաչափը ստացել է 1 միլիոն 156 հազար 287 մարդ, ամբողջությամբ պատվաստվել է 1 միլիոն 31 հազար 771 քաղաքացի, բուստեր ստացել է 85.459 մարդ:

Մերի Տեր-Ստեփանյանն ասում է՝ պատվաստման վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանը քովիդի նոր ենթատեսակի նկատմամբ չի ունենա անհրաժեշտ պաշտպանություն, քանի որ պատվաստման նկատմամբ քաղաքացիները հետևողականություն չեն ցուցաբերում:

«Ժամանակին պատվաստումային ակտիվությունից հետո կարելի է ասել՝ մենք չենք ունենա այնպիսի ակտիվ պաշտպանություն, որ միանշանակ հեշտությամբ կհաղթահարենք: Կան երկրներ, որոնք 60 տարեկանից բարձր անձանց համար խթանում են երկրորդ բուստերը, այսինքն՝ 4-րդ դեղաչափը, որպեսզի պատրաստ լինեն նոր շտամի դեմ պայքարելուն: Մոտեցումները տարբեր են: Ամեն դեպքում բուստերի ակտիվացումը քայլ է դեպի կանխարգելում»,- նշում է մասնագետը:

Նա հիշեցնում է՝ վաղուց կանխատեսվել էր, որ կորոնավիրուսը, ինչպես գրիպը, մնալու է մարդու հետ, հետևաբար դրա բարդություններից խուսափելու համար պատվաստումն անհրաժեշտություն է:

Նկատենք, որ այս պահին առողջապահության կազմակերպիչները փաստում են՝ Հայաստանում սուր շնչառական վարակներով և գրիպով հիվանդացության ակտիվություն է գրանցվում:

«Քովիդը այս տարի ձմռանը մեզ մի քիչ հանգիստ թողեց, բայց մյուս վիրուսները բավականին ակտիվ են, իսկ ամանորի օրերի շփումներն էլ բերեցին նրան, որ հիվանդացությունը բարձր ցուցանիշներ է գրանցում: Նման իրավիճակը, երբ մյուս վիրուսներն են ակտիվ, մեզ զերծ է պահում կորոնավիրուսից: Այդ վիրուսները կարծես թե շրջափուլային են, և այս հիվանդացությունը անկում ունենա, քովիդի հերթական ալիք կլինի, որովհետև վիրուսը շարունակում է մուտացվել ու շրջանառվել: Այս պահին համավարակի ավարտ հնարավոր չէ արձանագրել»,- ասում է համաճարակաբանը:

Մասնագետն ասում է՝ զգոնությունը ոչ մի կերպ չպետք է թուլացնել, պետք է վերականգնել սահմանային վերահսկողությունը և խստացումների գնալ, քանի որ վիրուսի մուտքի պարագայում տարածումը շատ արագ կարող է լինել:

Բացի այդ, ըստ Մերի Տեր-Ստեփանյանի, անհրաժեշտ է շարունակել մասնագետ բժիշկների շրջանում պատվաստումների վերաբերյալ վերապատրաստումները, քաղաքացիներին բացատրել, որ պատվաստումն է այսօր մահացու վիրուսից պաշտպանվելու միակ միջոցը: «Պատվաստումները, միևնույն է, մնում են վարակի կանխարգելման միակ գործիքը»,- ասում է նա:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am