«Էրդողանի քաղաքական թիմն աղետի գոտում քարոզարշավ է անցկացնում». Անդրանիկ Իսպիրյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը

Պարո՛ն Իսպիրյան, Հայաստանի կողմից Թուրքիա ուղարկված փրկարարական օգնությանն ինչպե՞ս են արձագանքում Թուրքիայում: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում հնչող մեկնաբանություններն իշխանության այս քայլի վերաբերյալ:

– Հայաստանում հնչող մեկնաբանություններին հետևելիս ցավ եմ ապրում, որովհետև երկու տարբեր կողմերից հնչող դիրքորոշումներն էլ խիստ ծայրահեղ են: Ես չեմ կարծում, որ փրկարարների տեսքով տրամադրված օգնությունը կարելի է աշխարհի վերջը համարել: Ինչ վերաբերում է ձեր առաջին հարցին. ինձ համար ցավալի էր, որ նույն Թուրքիայի իշխանությունները շեշտում են տարբեր երկրների օգնությունները, այդ թվում՝ ոչ իրենց բարեկամ, բայց Հայաստանի անունը դեռ որևէ պաշտոնյա չի շեշտել, թեև Հայաստանի վարչապետն անձամբ է զանգել ու խոսել Էրդողանի հետ:

Հայաստանի տրամադրած օգնության մասին դեռ որևէ պաշտոնյա չի խոսել, միայն երեկ՝ օրվա կեսից հետո, Հայաստանի անունը սկսեց շրջանառվել թուրքական մամուլում: Այս համատեքստում, կարծում եմ, Կարո Փայլանի գրառումները մեծ դեր ունեցան:

– Հաշվի առնելով հանգամանքը, որ թուրք պաշտոնյաները Հայաստանի տրամադրած աջակցության մասին չեն խոսում, որքանո՞վ կարող ենք արդարացված համարել իշխանության ներկայացուցիչների ու այն մարդկանց, որոնք կողմ են արտահայտվում Թուրքիային օգնելուն, հույսերը, թե այս քայլը, հնարավոր է՝ դրական միտում մտցնի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

– Հարաբերությունների կարգավորման հարցում այս քայլը որևէ դեր ունենալ չի կարող: Նման քայլերն ուղղակի փոքրիկ, Թուրքիայի համար հաճելի երևույթներ են ու վերջ: Թուրքիան իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է՝ ելնելով իր ազգային շահերից, Հայաստանը զանգեց, օգնություն ուղարկեց թե չէ՝ Թուրքիայի քաղաքականության վրա զրո ազդեցություն ունի:

Սա ուղղակի դիվանագիտական քայլ է: Հունաստանը ևս ուղարկել է օգնություն, որն այսօր ավելի լարված հարաբերություններ ունի Թուրքիայի հետ, քան Հայաստանը:

– Այսինքն՝ Թուրքիան շարունակելու է աջակցել «իր եղբայր Ադրբեջանին ցանկացած հարցում»:

– Բնականաբար, այս օգնությունը ոչինչ չի նշանակում այդ առումով: Թուրքիայի քաղաքականությունն ինչպես եղել է, այդպես էլ շարունակվելու է:

– Երկրարշարժը Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրա ի՞նչ ազդեցություն է ունենալու, պարո՛ն Իսպիրյան:

– Թուրքիայի քաղաքական վերնախավը այս ընթացքը ևս փորձում է օգտագործել իր քաղաքական քարոզչության նպատակով: Ֆիքսված են դեպքեր, երբ պաշտոնյաները, այդ թվում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը, քաղաքապետներ, իրենց ելույթներում շեշտում են իրենց կուսակցական պատկանելությունը ու նշում, որ իրենց կուսակցությունը ամեն ինչ կանի:

Գնում են աղետի վայր ու քարոզարշավ անում, ընդդիմությունն իհարկե մեղադրեց իշխանություններին դրա համար, Էրդողանն էլ շատ կոպիտ հակադարձեց՝ նրանց անվանելով «անթասիբներ, աննամուսներ, անպատիվներ»:

– Տնտեսական կյանքում ի՞նչ հետևանքներ կլինեն:

– Այն շրջաններում, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը, խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ, տնտեսության համար կարևոր ենթակառուցվածքներ չկան, որ ասենք՝ ընդհանուր տնտեսության վրա լուրջ ազդեցություն կունենա, բայց Թուրքիայի համար իհարկե մեծ ծախսեր են ենթադրում այդ տարածքները վերականգնելը, ինչը նրան ինչ-որ չափով կթուլացնի:

Մի կարճ միջոց Թուրքիան կսևեռվի իր խնդիրների վրա, ինչը մեզ մի փոքր շնչելու հնարավորություն կտա, որովհետև Ադրբեջանին գոնե շատ չի հրահրի Հայաստանի դեմ:

– Թուրքիայում կա՞ ներքին դժգոհություն գործող իշխանությունից:

– Միանշանակ: Սարսափելի է տեսնել մարդկանց, որոնք ուղղակի մենակ են փողոցներում, հատկապես այն վայրերը, որոնք թուրքաբնակ չեն, օրինակ՝ Հաթան, որտեղ մահացածների թիվը մոտ 4000 է: Այդ Հաթայի հատվածն ամբողջովին անտերության է մատնված, քանի որ ապրող թուրքեր չկան:

Թուրքիայում միշտ է եղել ազգային խտրականությունը, ու երկրաշարժն ավելի ցցուն դարձրեց դա, նայում ես տեսանյութերը, դիակները փողոցներում են, փլատակների վրա աշխատողներ չկան, մարդկանց սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ տվող չկա: Պետական աջակցությունը բավարար չէ:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am