Արսեն Թորոսյանի կողմից իր քաղաքական թիմի ստեղծած կառույցի որոշումները կասկածի տակ դնելն անտրամաբանական է. Իրավապաշտպան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը 

– Տիկի՛ն Կարապետյանց, Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, որը 2020-2022 թթ. ընթացքում զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, ձերբակալվել է պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս հասցնելու մեղադրանքով, ձերբակալվել է նաև «Մեդլայն կլինիկի» հիմնադիր տնօրեն Բաբկեն Շահումյանը։ Հակակոռուպցիոն կոմիտեի այս նախաքննությունը, սակայն, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի մոտ «կասկածի առիթներ է տվել»։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը։

– Արսեն Թորոսյանի կողմից իր քաղաքական թիմի ստեղծած կառույցի որոշումները կասկածի տակ դնելն առնվազն անտրամաբանական է, որովհետև սա այն էր, ինչով իրենք հպարտանում էին ու համարում արդյունավետ գործիքակազմ։ Արսեն Թորոսյանն առհասարակ առանձնացել է նրանով, որ մինչև ինքն անձամբ չի բախվում որևէ հարցի, որևէ խնդիր չի տեսնում։ 

Երկար ժամանակ մեզ համոզում էին, թե արդարադատության ոլորտում խնդիրները լուծվում են ու լուծվում են արդյունավետ այնքան ժամանակ, մինչև Արսեն Թորոսյանի վերաբերյալ դատական ակտ կայացվեց, ինքն էլ հայտարարեց, որ չի կատարելու այդ ակտը, որովհետև համարում է ապօրինի՝ առանց հասկանալու, որ պետական պաշտոնյան, հատկապես քաղաքական որոշումներ կայացնող թիմի անդամը, չի կարող չկատարել այն դատական համակարգի որոշումը, որը ունենք, ու որը իրենք են բարեփոխել։ 

Այսինքն՝ մինչև ինքն անձամբ չի բախվում այդ հարցին, որևէ խնդիր չի տեսնում, իսկ երբ բախվում է՝ անպայման խնդիր է տեսնում: Բոլորին խորհուրդ են տալիս դիմել «բարեփոխված» արդարադատության համակարգ, բայց հենց հարցն իրենց է հասնում՝ ձեռնամարտի են բռնվում այդ համակարգի հետ։ 

– Նման դիրքորոշումն արդյոք չի՞ նվազեցնում հանրության վստահությունը իրավապահ համակարգի նկատմամբ, այսինքն՝ երբ հենց իրենք են կասկածի տակ դնում իրավապահ համակարգի գործունեությունը։

– Իրենք անտրամաբանական, անհետևողական քաղաքականություն են վարում․ եթե դու հայտարարում ես, որ չկա համակարգային կոռուպցիա, որ նորաստեղծ կառույցներն ապահովում են կոռուպցիայի դեմ պայքարը, հետևաբար դու պարտավոր ես ընդունել այդ կառույցների որոշումները, երկրորդ՝ շատ-շատերը քովիդի ժամանակ հարցեր էին բարձրացնում կոռուպցիայի հետ կապված, առնվազն գոնե հիմնավոր կասկածներ ունեին, որ կոռուպցիոն խնդիրներ կան, բայց Արսեն Թորոսյանն այն ժամանակ՝ իրեն բնորոշ տիեզերական մասշտաբի մուննաթով, ելույթ էր ունենում՝ ասելով, որ չկա նման խնդիր։ Իրականում այդ խնդիրները շատ-շատ էին, որոնց մասին խոսում էին մասնագետները, անխուսափելի էր սա ինչ-որ փուլում։ 

Անկեղծ ասած, չէի սպասում, որ հենց այս իշխանության օրոք, հատկապես քովիդի հետ կապված հարցերը կբարձրաձայնվեն, որովհետև այս իշխանությունը չունի կամք որևէ գործ տրամաբանական ավարտին հասցնելու։ Մտավախություն ունեմ նաև, որ այս խնդիրը տանելու են փակուղի, որպեսզի իրական մեղավորները պատասխանատվության չենթարկվեն։ 

– Տիկի՛ն Կարապետյանց, այս գործի շրջանակներում էլ արդեն հասցրել են հնչել կարծիքներ, որ ընտրովի արդարադատության հետ գործ ունենք, համակարծի՞ք եք։

– Կոռուպցիայի ծավալն այստեղ այնքան մեծ է, որ ես ենթադրում եմ, որ օբյեկտիվ իրականության մեջ, զուտ մարդկային ռեսուրսների առումով, ուժերը կարող են չհերիքել բոլոր գործերին անդրադառնալ, բայց այն, որ մենք ունենք առանձին դեպքեր, որոնցով տասնամյակներ շարունակ, օրինակ՝ նույն Արթուր Դավթյանի օրոք, գործերը քնեցվել են, ու հիմա նոր տիկին Վարդապետյանի օրոք բերվում են ժամկետանց ինչ-որ գործեր, խոսում է այն մասին, որ կան սուբյեկտիվ գործոններ նաև, այնուամենայնիվ, այո՛, կա ընտրովի արդարադատություն։ 

Այլապես նույն Չարչյանի հետ կապված՝ անհասկանալի էր, թե ինչն էր պատճառը, որ տարիներ շարունակ Հաց բերողի գործը քնեցվեց, հետո երբ վաղեմության ժամկետը լրացավ, նոր ասպարեզ բերեցին։ Անհասկանալի էր, թե ոնց կարող էր Կարեն Անդրեասյանի օրոք Մնացական Մարտիրոսյանի վերաբերյալ գործը ԲԴԽ-ում չլսվել, քնեցվել էնքան, մինչև քննության ժամկետը լրանա, նոր միայն վեց կողմ ձայնով տանեն Հակակոռուպցիոն դատարան։ Այսինքն՝ այն, որ սա հենց ուղիղ իմաստով համակարգային կոռուպցիայի դրսևորում է, այլևս փաստ է։ 

– Կոնկրետ այս դեպքում կա՞ ընտրովի արդարադատություն։

– Կապրենք՝ կտեսնենք, եթե սահմանափակվեն միայն նախկին փոխնախարարով, ուրեմն յուրայիններին պատասխանատվությունից ազատելու խնդիր կա, թեպետ ես ինքս կասկածներ չունեմ, բանակում 15 զոհ ունենալուց հետո, երբ ոչ ոք իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, բնականաբար, Արսեն Թորոսյանն էլ մնալու է նույն կարգավիճակում։ 

Կամ եթե պատասխանատվության ենթարկելու հարց բարձրացվի, թույլ կտամ ինձ ենթադրել, որ տարաձայնություններ կան գործող իշխանության ներսում, ու նրանք, ովքեր փորձելու են առանձնանալ, իսկ դրանց թվում կարող է լինել Արսեն Թորոսյանը, կնախընտրեն ինչ-որ իրավիճակ ստեղծել ու Արսեն Թորոսյանին խաղից հեռացնել, ինչու ոչ։ 

 – Հինգ տարի է արդեն, ինչ հեղափոխական իշխանությունն է պաշտոնավարում, բայց մինչև այս պահը, տարբեր կարծիքներ են հնչում, որ  չի եղել մի կոռուպցիոն դեպք, որն ամբողջովին բացահայտվի, ու որևէ կոռուպցիոներ պատասխանատվության ենթարկվի: Ի՞նչ եք կարծում, արդյոք նույնը լինելու է այս գործի՞ մասով, թե՞ արդյունք կտեսնենք: Հիշենք, որ վերջերս գործադիրի ղեկավարն իր մտահոգությունը հայտնեց նաեւ կոռուպցիայի համաթվի մասով։

– Նիկոլ Փաշինյանը դասական պոպուլիստ է, խոսում է միայն խոսելու համար, նրա որևէ հայտարարություն չի կարելի լուրջ ընդունել, սկսած Ամուլսարի հայտնի Էլարդի քննարկումներից հետո, վերջացրած դատարանների բարեփոխումներով, ՍԴ-ի գրիչի պատմությունից հետո ու բոլոր ոլորտների, ներառյալ՝ արտաքին քաղաքականության մեջ նշաձողեր իջեցնելու հետ կապված հայտարարությունները, այս բոլորն այնքան պոպուլիստական են, հետևաբար, նրան լուրջ վերաբերվել չի կարելի։

– Իսկ եթե կոռուպցիայի այդ համաթիվը շարունակի նվազել, պետության համար ի՞նչ հետևանք է ունենալու։

– Հայաստանն ակնհայտորեն հետընթաց է ապրում։ Մեր բոլոր աջակցությունների հիմքում դրվում է Հայաստանի ժողովրդավարության ձգտելու տարրը, իսկ կոռուպցիան ժողովրդավարությանը վնասող ամենամեծ գործոնն է, ու շատ հնարավոր է, որ ինչ-որ փուլում Հայաստանը դադարի համարվել ժողովրդավար պետություն: 

Հուսամ, որ գնահատողները ճիշտ կգնահատեն ու դրա հիմքւմ կդնեն ոչ թե պոպուլիստ իշխանությունների դատարկ հայտարարությունները, այլ՝ ժողովրդի ցանկությունը փոփոխությունների գնալու։ Ի դեպ, եթե գնահատելու լինեն իրական պատկերը, կարծում եմ, այդ ցուցանիշը շատ ավելի ցածր կլիներ, զուտ փաթեթավորման առումով կարողացել են տարբեր նորաստեղծ կառույցները գնահատել՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի ուղղության կարևոր տարրեր, այնինչ պարոն Թորոսյանը կասկածի տակ է դնում իրենց հիմնած նորաստեղծ հակակոռուպցիոն կառույցները։ 

Պարոն Թորոսյանը հերթական անգամ, ինչպես շարքային չինովնիկ, իր անձնական հետաքրքրությունները շատ ավելի բարձր է դասում, քան պետության նկատմամբ վերաբերմունքը, սա խոսում է իրենց որակների մասին։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am