Մարիտե Կոնտրամայտե. լիտվացի բանաստեղծուհու համար Հայաստանից ու հայերենից «էն կողմ աշխարհ չկա»

Հեռուստացույցի ձայնը բարձր է, իսկ բուխարու մի անկյունում կուչ եկած թմբլիկ կատուն ճպճպացնում է աչքերը: Սլավոնական դիմագծերով կինը մի կողմ է տանում սեղանին շարված գրքերը ու ընդառաջ գալիս. «Բարով եք եկել,- վարժ հայերենով ներս է հրավիրում նա, մինչ կատուն, առիթից օգտվելով, սկսում է ակտիվորեն ցաքուցրիվ անել բազմոցին դրված թղթերը: – Ոնց որ պարող փիղը, այնպես […]

Հեռուստացույցի ձայնը բարձր է, իսկ բուխարու մի անկյունում կուչ եկած թմբլիկ կատուն ճպճպացնում է աչքերը: Սլավոնական դիմագծերով կինը մի կողմ է տանում սեղանին շարված գրքերը ու ընդառաջ գալիս.

«Բարով եք եկել,- վարժ հայերենով ներս է հրավիրում նա, մինչ կատուն, առիթից օգտվելով, սկսում է ակտիվորեն ցաքուցրիվ անել բազմոցին դրված թղթերը: – Ոնց որ պարող փիղը, այնպես էլ հայերեն խոսող լիտվուհին, գիտեմ, տարօրինակ է, բայց իմ սերը «Սասունցի Դավիթն» է, իսկ հայերենն ինձ համար իսկական երաժշտություն է»,- ժպտում է նա:

Վիլնյուսի իր բնակարանում լիտվացի հայտնի գրող, բանաստեղծուհի Մարիտե Կոնտրամայտեն` սառը խառնվածքով և չոր շարժուձևերով, լիովին կերպարանափոխվում է, երբ սկսում է խոսել Հայաստանի մասին: Մինչ սեղանին հայտնվում է բալթյան խոտաբույսերով թունդ թեյը, նա շարունակում է անաղարտ հայերենով պատմել իր սիրո պատմությունը:

1971-ին երիտասարդ բանաստեղծուհի Մարիտեին Լիտվայի գրողների միությունն առաջարկում է իր ընտրությամբ խորհրդային հանրապետություններից մեկում կրթությունը շարունակել:

«Ես այն ժամանակ շատ երկրներում էի եղել, բայց երբ առաջարկեցին, վայրկենապես ասացի` Հայաստան, հայերեն եմ ուզում սովորել,- «Մեդիալաբին» ասում է Կոնտրամայտեն: – Դե, արդեն կարդացել էի «Սասունցի Դավիթ» էպոսն ու անվերադարձ սիրահարվել Դավիթին: Էպոսն ինձ համար ազգի հայելին է»:

Նա օրինակ է բերում վրացական մշակույթը և ասում, որ, ի տարբերություն հայերի, վրացիների մոտ իշխող գիծը կռվարարությունն է, ինքնասիրահարվածությունը:

«Վրացիներն իրենց մշակույթով կարծես ասում են` կկոտրեմ, կջարդեմ, ես եմ որ կամ, այսինքն` ամեն ինչ քարերի նման… Այդ ամենը հստակ երևում է ազգային երգ ու պարում,- ասում է բանաստեղծուհին,- իսկ հայկական պարերը, նազանքը, շուրջպարը` համեստ ու գեղեցիկ»:

Դժվարությամբ «պեղելով» լիտվերեն-հայերեն մի հին զրուցարան` Մարիտեն մեծ ոգևորությամբ բռնում է իր երազած Սասունցի Դավթի երկրի ճանապարհը:

«Ամբողջ ճանապարհին հուզմունքից ու լարվածությունից չքնեցի, իսկ երբ գնացքը վրացական տարածքներից դուրս եկավ, և ես վերջապես Հայաստան մտա, աչքերիս չէի հավատում,- պատմում է Մարիտեն` հիացմունքով հիշելով պատկերները: -Դիմացս Սարյանի գույներով Արարատն էր… ու ես ապշեցի, երբ տեսա, որ էդ գույներն իրական են»:

Հայաստանում Մարիտեի հիացմունքը երկար չի տևում: Տեղավորվելով ուսանողական հանրակացարաններից մեկում` երիտասարդ բանաստեղծուհին սկսում է բուռն սիրային հետապնդումների ենթարկվել երիտասարդ սասունցի դավիթների կողմից:

«Ես տարբերվում էի բոլորից, ու շատերին թվում էր, թե ռուս եմ, այսինքն` եթե մազերդ ու մաշկդ բաց գույնի են, ուրեմն դու ռուս ես, իսկ եթե ռուս ես, ուրեմն բոզ ես, ու կարելի է քեզ անպարկեշտ առաջարկներ անել,- ասում է Մարիտեն: – Հասկանո՞ւմ եք` հայի արժանապատվությունն այլ բան է, իսկ էդ պահվածքը` լրիվ այլ: Սկզբում շրջվում ու լիտվերեն նրանց հայհոյում էի, իսկ հետո հայերեն սովորեցի և արդեն համարժեք պատասխան էի տալիս»:

Որոշ ժամանակ անապահովության զգացողությունից հետո էությամբ ակտիվ ու պայքարող Մարիտե Կոնտրամայտեն հանդիպում է ապագա ամուսնուն` նույն հանրակացարանում բնակվող ուսանող Ռուսլան Հարությունյանին:

«Ես հասկացա, որ նրան հանդիպելուց հետո կյանքս լրիվ փոխվեց,- ասում է լիտվուհին: – Փողոցներում անտարբերությանս բախված տղաները հետևիցս «ռուս-կուկուռուզ» չէին գոռում, ես էլ ստիպված չէի երեք մատի կոմբինացիա ցույց տալ ու հայհոյել: Ռուսլանը դարձավ իմ թիկունքը, և ես հանգիստ իմ գործով զբաղվեցի»:

Մեկ տարվա ընթացքում երիտասարդ լիտվուհին սկսում է վարժ հայերեն խոսել:

«Հայերենը հոյակապ լեզու է, բացառիկ: Ինձ համար ամենաբարդը այբուբենը յուրացնելն էր,- ասում է Մարիտեն: – Մաթեմատիկայի պես սովորեցի լեզվի բանաձևերը` տառերը, քերականությունը ու վերջ, ամեն ինչ պարզ էր. կարող էի հեշտորեն կարդալ հրաշալի հայ գրականությունը, բացատրել, լսել հասկանալ… Ես այնքա~ն ուրախ էի»:

Երկու տարի Հայաստանում սովորելուց հետո Մարիտեն և Ռուսլանն ամուսնանում են և մեկնում Վիլնյուս, քանի որ, ըստ պայմանագրի, բանաստեղծուհին պետք է Լիտվա վերադառնար:

Վիլնյուսում ծնվում են նրանց երկու աղջիկները` Վեգան և Յուստինան:

«Պոետական շեղումներ են,- ժպտում է Ռուսլան Հարությունյանը,- դրա համար էլ երեխեքին աստղերի անուններով կոչեց»:

Աղջիկները նույնպես հայերեն են խոսում, իսկ Յուստինան հայկական հոգևոր երգեր և շարականներ է կատարում:

Վիլնյուսում Մարիտեն շարունակում է հայկական «թեմաները». կապերը իր սիրելի Հայաստանի հետ, ուր պարբերաբար այցելում է ամուսնու, ապա նաև` երեխաների հետ:

«Նա սիրահարված է մեր երկրին ու մշակույթին և ամբողջովին մտել է այդ ամենի մեջ,- ասում է Ռուսլան Հարությունյանը: – Ու մինչև հիմա էլ Հայաստանն ու հայերենը Մարիտեի համար ամենավեհ բաներն են, մի աշխարհ, որից էն կողմ էլ բան չկա»:

Մարի Ներսեսյան

Վիլնյուս

© Medialab.am