«Առանց Արևմուտքի, ես վստահ եմ, այս տարածաշրջանն ուղղակի կուլ է գնալու ռուս-թուրքական տանդեմին». քաղագետը՝ Փաշինյանի Վրաստան այցի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը

– Պարո՛ն Օրդուխանյան, ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Վրաստան, ինչո՞վ եք այն կարևորում՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում ավելի շատ Ռուսաստանի վրա էին կենտրոնացել հայ պաշտոնյաները:

– Վրաստան այցն ինքնին շատ կարևոր եմ համարում ռազմավարական տեսանկյունից, բայց արդյունքների մասով հնարավոր կլինի խոսել, երբ այդ այցից հետո կսկսեն իրական որոշակի գործընթացներ Վրաստան-Հայաստան հարաբերությունների ամրապնդման և փոխշահավետ հիմքերի վրա դրանք առաջ տանելու օրակարգի շուրջ: 

Կառավարության ծրագրում Վրաստանի և Իրանի մասին շեշտադրումներ կատարելը բավական նպատակահարմար է, որովհետև տարածաշրջանը գտնվում է խորքային փոխակերպումների շեմին, և ակնհայտ է, որ երկու կողմից Հարավային Կովկասը՝ հարավային մասից Թուրքիան, հյուսիսային մասից՝ Ռուսաստանը, փորձում են ճնշելով, սեղմել, ըստ էության, Հայաստանին ու Վրաստանին: 

Դրան այլընտրանք կարող է դիտվել Վրաստան-Հայաստան-Իրան, այսինքն՝ Սև ծով-Պարսից ծոց կարևոր հաղորդուղին աշխատեցնելը, որը նախ կենսունակություն կտա այս պետություններին, և, միաժամանակ, նաև լավագույնս կհավասարակշռի տարածաշրջանը: 

Որովհետև տարածաշրջանում խաղաղություն հնարավոր չէ, երբ տարածաշրջանը հավասարակշռված չէ: Աշխարհում չկա մի տարածաշրջան, որտեղ անհավասարակշիռ իրավիճակ է, և կա խաղաղություն: Այս իմաստով, ես կարծում եմ՝ Վրաստան այցելությունը շատ կարևոր քայլ է:

– Ռուսաստան պարբերաբար այցերը, Մինսկի խմբի ռուս համանախագահի այցը, հանդիպումները Փաշինյանի, ԱԳ նախարարի հետ ուժեղացնո՞ւմ, թե՞ թուլացնում են մեր դիրքերը:

– Այդ այցերը բնական են, որովհետև ռազմավարական դաշնակից լինելու համատեքստում են տեղի ունենում: Այլ հարց է, թե որքանով են դրանք արդյունավետ: Եթե Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը լիարժեքորեն գործեր, այդ դեպքում կարելի էր ասել, որ արդյունավետության հեռանկար կարող է լինել, բայց հանդիպումները միայն ռուս համանախագահի հետ են եղել: 

Ակնհայտ է, որ Ռուսաստանի դիրքորոշումը էականորեն տարբերվում և հակադրվում է Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դիրքորոշումներին, որում մենք բազմիցս համոզվել ենք: Այստեղ հետաքրքիրն այն է, որ Թուրքիայի առաջարկած 3 + 3 ձևաչափը, այնուամենայնիվ, ներառում է նաև Ռուսաստանին: 

Այսինքն՝ ստացվում է, որ Ռուսաստանն այստեղ շահագրգիռ է, որ այդ եռանախագահության ձևաչափն այլևս չգործի, քանի որ Թուրքիայի առաջարկած ձևաչափում ինքն արդեն ներգրավված է: Այսինքն՝ ստացվում է, որ Թուրքիան ու Ռուսաստանը, ըստ էության, ցանկանում են Արևմուտքին ուղղակիորեն դուրս մղել Հարավային Կովկասի տարածաշրջանում առկա չկարգավորված հակամարտության կարգավորմանը որևէ ձևով մասնակցություն ունենալուց: 

– Կարծում եք՝ Վրաստանի հետ հարաբերությունները որոշակի առումով կբալանսավորե՞ն այս իրավիճակը:

– Սա կարող է ուղղակի ստեղծել զուտ նախադրյալներ: Եթե այս այցին չեն հետևելու գործնական քայլեր, սա կլինի ուղղակի այց, որը ողջունելի է, բայց ոչ արդյունավետ: Այսինքն՝ այս այցին պետք է հետևեն որոշակի գործողություններ: 

Դրանք շատ անհրաժեշտ են, որովհետև Վրաստան-Հայաստան երկաթգիծը կա և գործում է: Եթե խոսում ենք ապաշրջափակման մասին, ինչը փաստացիորեն ձեռնտու չէ Թուրքիային, որպեսզի Հայաստանի հետ բացի երկաթգիծը, որովհետև ինքը ինտենսիվորեն աշխատում է Կարս-Նախիջևան երկաթգծի ուղղությամբ: Այստեղ իրենց համար միակ խնդիրը լինելու է Հայաստանով անցնող միջանցքը: 

Ես կարծում եմ, որ Ադրբեջանը մինչ այս պահը չի ստորագրում ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը Արցախում՝ հավանաբար այդ լծակը փորձելով օգտագործել, որպեսզի Ռուսաստանը Հայաստանին ինչ-որ ձևով պարտադրի կամ համոզի միջանցք տրամադրել Թուրքիային ու Ադրբեջանին իր տարածքով, և միայն դրա դիմաց Ադրբեջանը կստորագրի ռուս խաղաղապահների տեղակայման փաստաթուղթը:

– Հայաստանի և Արցախի իշխանություններն անընդհատ խոսում են Մինսկի խմբի ձևաչափով խնդրի կարգավորման մասին, բայց այդ առումով որևէ գործողություն չի կատարվում, անընդհատ եռակողմ հայտարարությունն են մեջբերում: Ընդհանրապես, իրատեսակա՞ն է խոսել Մինսկի խմբի ձևաչափի վերականգնման մասին:

– Մինսկի խումբը և Մինսկի խմբի եռանախագահությունը նույն բանը չեն: Մինսկի խումբը ավելի մեծ թվով պետություններ է ներառում, այդ թվում՝ Թուրքիային: Այնպես որ, ես կուզեի, որ եթե այդ միտումը չկա, թող շեշտադրվի Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը, այսինքն՝ Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ, դրանից հետո արդեն հնարավոր կլինի հստակ հետևություններ անել:

– Ըստ էության, Արևմուտքը տարբեր ձևաչափերով ձեռք է մեկնում Հայաստանին, մնում է, որ Հայաստանն ընդունի այդ ձե՞ռքը: 

– Ես կարծում եմ, որ այս պայմաններում Արևմուտքը, հաշվի առնելով նաև Հայաստանից ազդակները, եթե իհարկե դրանք կան, արել է առավելագույնը, մասնավորապես Ֆրանսիան: 

Հիշեցնեմ, որ Ֆրանսիայի խորհրդարանն էր, որ ի դեմս Սենատի և Ազգային ասամբլեայի, ճանաչեց Արցախի անկախությունը: Սա նախադեպ էր: Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հրապարակայնորեն դեմ խոսեց միջանցքի հեռանկարի վերաբերյալ: Այսինքն՝ առանց Արևմուտքի, ես վստահ եմ, այս տարածաշրջանն ուղղակի կուլ է գնալու ռուս-թուրքական տանդեմին: 

Մանե Հարությունյան

MediaLab.am