Սա լակմուսի թուղթ է Ադրբեջանի հակամարդկային էությունը ցույց տալու համար, բայց հայկական կողմի ջանքերը բավարար չեն. Նորիկյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ, իրավաբան Նորայր Նորիկյանը 

– Պարո՛ն Նորիկյան, Հայաստանում հավատարմագրված դեսպանները Լաչինի միջանցքում էին, հումանիտար օգնությունն արդեն մի քանի օր այդ ճանապարհին է, իսկ Ադրբեջանը պնդում է, որ այդ ճանապարհով բեռների մուտք Ստեփանակերտ թույլ չի տալու: Ինչ է ստացվում, որ Ադրբեջանն անում է այն, ինչ ուզո՞ւմ է:

– Այո՛, պետք է արձանագրել, որ Ադրբեջանը դժվար թե թույլ տա հումանիտար բեռն այդ ճանապարհով տեղափոխել Արցախ, որովհետև այդ քայլով իր համար նախադեպ կստեղծի ու հետագա նման իրավիճակներում որևէ հիմք չի ունենա արգելելու այդ ճանապարհով անցնելը: 

Պետք է մեծացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի վրա, պետք է հասնել նրան, որ լեգիտիմացվի Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանի վերահսկողության բացակայությունը, որ այդ միջանցքի նկատմամբ իրավունք ուներ Ռուսաստանը, ինչը, չգիտես ինչ պայմաններում, կորցրել է: Պետք է հասնել նրան, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքի վերաբերյալ սահմանված դրույթը վերականգնվի: 

Հիմա պետք է ստեղծել միջազգային ֆոն, ցույց տալ Ադրբեջանի իրական դեմքը, այդ բոլոր հավատարմագրված դեսպաններն ի վերջո պետություններ են ներկայացնում, նրանց միջոցով պետք է ցույց տալ, որ Ադրբեջանը տորպեդահարում է միջազգային իրավունքը, կասկածի տակ է դնում բանակցային գործընթացն ու տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հնարավորությունը, որ նա միտված է ուժի իրավունքով պարտադրելու իր առավելապաշտական պատկերացումները, ինչը չի բխում տարածաշրջանում խաղաղություն հաստատելու բոլորի շահերից: Պետք է անել այնպես, որ Ադրբեջանը հայտնվի իր իսկ սարքած ծուղակում:

– Ովքե՞ր պետք է դա անեն:

 – Նկատի ունեմ Հայաստանի ու Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարությանը, յուրաքանչյուրն իր մանդատի ու հնարավորությունների շրջանակներում պետք է դա անի: Ընդհանուր կոնսենսուս է ձևավորվել նաև ներքաղաքական դաշտում՝ կապված բեռների տեղափոխման հետ: Սա լակմուսի թուղթ է Ադրբեջանի հակամարդկային էությունը ցույց տալու համար, բայց հայկական կողմի գործադրվող ջանքերը բավարար չեն, պետք է բոլոր ասպեկտներով գործադրվեն այդ ջանքերը: 

Ռուսաստանի հետ պետք է ուղիղ երկխոսել ու խաղի կանոնները հստակեցնել, պետք է դրվի կոնկրետ խնդիր, որ Ռուսաստանն ապահովի Լաչինի միջանցքի նկատմամբ իր վերահսկողությունը: Սա կոնկրետ դրույթ է, ու այստեղ հայկական կողմի դիրքերն անխոցելի են: Պետք է պարզել՝ ինչո՞ւ է Ռուսաստանը կորցրել Լաչինի միջանցքի նկատմամբ վերահսկողությունը, ու պահանջել, որ վերականգնի այդ հսկողությունը: Ամենակարևորը՝ այդ վերականգնումը չպետք է լինի Հայաստանից ինչ-որ զիջումների գնով, այդ գինը վաղուց ենք վճարել:

– Պարո՛ն Նորիկյան, որ ասում եք՝ այդ հարցում Հայաստանի դիրքերը անխոցելի են, դրան հակառակ Ռուսաստանի արտգործնախարարության՝ օրեր առաջ արված հայտարարությունն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը դժվարացրել է նաև այդ եռակողմ հայտարարության դրույթների կատարումը, այսինքն՝ Ռուսաստանի տրամաբանությամբ՝ այնքան էլ անխոցելի չեն այս հարցում մեր դիրքերը:

– Այդ նույն տրամաբանությամբ՝ Վլադիմիր Պուտինն էլ էր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, դեռևս 20 թվականի դեկտեմբերի 17-ին, Վաշինգտոնն էլ է ճանաչում, ԵՄ-ն էլ: Սա դիտարկել որպես պատրվակ ու խուսափել սեփական պարտավորությունների կատարումից՝ ես արդարացված չեմ համարում:

– Հայաստանի իշխանությունը կփորձի՞ ուղիղ երկխոսել Ռուսաստանի հետ, եթե հաշվի առնենք, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե ինքը մանդատ չունի, որ Արցախի մասով որևէ բան քննարկի ու որոշի:

– Ես չգիտեմ, բայց պարզ է, որ եթե Հայաստանի ղեկավարության ջանքերը բավարար լինեին, ու ամեն բան ճիշտ արված լիներ, չեմ կարծում, որ այսօր նման բարդագույն իրավիճակում հայտնվեինք: Այս ամենի պատասխանատուն գործող իշխանությունն է, որն էլ փաստորեն կամ չի ուզում, կամ անզոր է ապահովելու Հայաստանի ռազմավարական շահերի իրացումը, որը պահանջում է Արցախի հետ բնականոն կապի հաստատում: Կամ թող ժողովրդին անկեղծ ներկայացվի՝ ո՛վ է խանգարում, ո՛վ չի ուզում բացել Լաչինի միջանցքը:

Ասում եք, թե սա շատ լավ հնարավորություն է՝ ցույց տալու Ադրբեջանի մարդատյաց դեմքը, բայց նրանք ասում են՝ Աղդամ-Ստեփանակերտ ճանապարհով հասցրեք այդ բեռները, օգտվեք այդ ճանապարհից…

– Մենք ո՞նց ենք հայտնվում Աղդամում, ես դա չեմ հասկանում, ասում են՝ այդ ճանապարհը բաց է, կարող են օգտվել, ո՞վ օգտվի, ինչպե՞ս գնանք Աղդամ, որ հետո գանք Ստեփանակերտ: Նույնիսկ եթե այդ ճանապարհը կա, բաց է, ալտերնատիվ ճանապարհներ կան, դա ի՞նչ կապ ունի Լաչինի միջանցքի հետ, չեմ հասկանում: 

Լաչինի միջանցքը կոնկրետ համաձայնության արդյունք է, որով կողմերից յուրաքանչյուրը որոշակի պարտավորություններ է վերցրել իր վրա: Բացե՛ք Լաչինի միջանցքն ու վե՛րջ. այս հարցում Հայաստանը պետք է սկզբունքային դիրքորոշում որդեգրի, պետք է այս հարցը տանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, Ռուսաստանին ներկայացնի: Թող անեն, ումի՛ց են վախենում:

– Պարո՛ն Նորիկյան, Կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստան է ժամանելու մեգաաստղ Սնուփ Դոգը: Հաշվի առնելով այն իրավիճակը, որում գտնվում են Արցախն ու Հայաստանը, իշխանության այս որոշումն ինչպե՞ս եք գնահատում, ի՞նչ նպատակով է ըստ ձեզ նման համերգ կազմակերպում իշխանությունը:

– Չեմ կարող ասել, թե ինչ նպատակով են իշխանություններն այդ երգչին Հայաստան հրավիրում ու նման շոու կազմակերպում, բայց ակնհայտ է, որ որոշակիորեն ուշադրություն շեղելու կամ հանրության տրամադրությունները եղած խնդիրներից հեռացնելու ֆոն են փորձում ձևավորել: Չգիտեմ՝ դա որքանո՛վ է համարժեք այս իրականությանը, բայց որ սեպտեմբեր ամսին Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը կամ, ավելի հստակ՝ Հայաստանի շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակը կարող է կրիտիկական լինել, կամ կարող է շրջադարձային լինել, փաստ է, որովհետև Արցախում ստեղծված իրավիճակը ցանկացած պահի կարող է պայթել՝ իր բոլոր դրսևորումներով հանդերձ, ինչն էապես կփոխի Հայաստանում ու մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների տրամաբանությունը: Մի բան ակնհայտ է, որ Հայաստանում առկա հանրային տրամադրությունները բոլորովին այլ շեշտադրումներ են պարունակում, քան այն, ինչ փորձում է անել իշխանությունն այս քայլով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am