Հայաստանի կողմից դեպի Արևմուտք արվող քայլերը ձևական բնույթ են կրում. Անդրիաս Ղուկասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը

– Պարո՛ն Ղուկասյան, ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ եռակողմ համաձայնություններով` Ադրբեջանից Նախիջևան բացվող հաղորդակցության վերահսկողությունը իրականացնելու է ՌԴ ԱԴԾ սահմանային ծառայությունը, այս հայտարարությունը հերքեց ՀՀ ԱԳՆ խոսնակը: Կողմերի հակասական հայտարարություններն ինչո՞վ եք բացատրում:

– Ի սկզբանե Ռուսաստանը պլանավորում էր, որ այդ երկաթգիծը և ավտոմոբիլային ճանապարհը անցնելու են Մեղրիի սահմանային հատվածով, դա ամրագրել են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում Ռուսաստանի նախագահը, Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը: 

Վերջին շրջանում բանավեճերն այդ հարցի շուրջ այն մասին էին, որ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանային հատվածներում պե՞տք է դրվեն մաքսակետեր, թե՞ ոչ: Ադրբեջանը պնդում էր, որ մաքսակետեր չպետք է լինեն, Հայաստանի ղեկավարությունը հակառակն էր պնդում: Հայաստանն այդ առումով արել է ու անում է այն, ինչ պարտավորվել էր, ինչ հեռանկար է սպասվում այդ ամենին, ես դժվարանում եմ ասել: 

Ես չեմ կիսում այն կարծիքը, որ Հայաստանին այսօր անհրաժեշտ է Ադրբեջանի տարածքով երկաթգիծ դեպի Ռուսաստան, ու, իմ համոզմամբ, Հայաստանն այստեղ որևէ շահ չունի: Դա ձեռնտու է Ռուսաստանին, դրա համար էլ հենց Զախարովան է խոսում այդ մասին: Ռուսաստանն այս մասին խոսում է, որովհետև Հայաստանից ակնկալում է ինչ-որ քայլեր՝ քաղաքական բալանսը պահպանելու համար: Եթե Հայաստանն ինչ-որ ցուցադրական քայլեր է անում դեպի Արևմուտք, դա պետք է հակակշռի ինչ-որ ցուցադրական քայլերով դեպի Ռուսաստան:

– Այդ քայլերն ինչո՞ւ եք ցուցադրական համարում:

– 2019 թվականին մտել է ուժի մեջ Հայաստանի Եվրամիության հետ ընդլայնված և համապարփակ համագործակցությունը, ըստ այդ պայմանագրի՝ Հայաստանը մի շարք լուրջ բարեփոխումներ պետք է կատարեր, ինչի դիմաց ԵՄ-ն պատրաստ էր ֆինանսական օժանդակություն տրամադրել Հայաստանին: 

Հայաստանը ոչ մի գործնական քայլ չի արել՝ բացառությամբ Հռոմի ստատուտի վավերացման, բայց մնացյալ առաջադրանքը, որը Հայաստանն այդ պայմանագրով ունի՝ բարեփոխել օրենսդրությունը, ԵՄ-ի հետ համատեղ ու համահունչ արտաքին քաղաքականություն իրականացնել, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ի վիճակի չէ իրականացնել, ո՛չ ցանկություն ունի, ո՛չ այդպիսի նպատակներ: 

Ողջ գործողությունները վկայում են, որ Հայաստանի կողմից այդ պայմանագրի սաբոտաժ է գնում: Այսօր, երբ կառավարությունը կորցրել է իր հանրային օժանդակությունը, Երևանի ընտրությունները դրա մասին են վկայում, իշխանությունը կարողանում է պահել բավականին կասկածելի գործարքների միջոցով, օրինակ՝ այդ Երևանի ընտրության ավագանու քվեարկության ժամանակ, որը տեսանք, չունենալով բավարար մանդատներ, այնուամենայնիվ, արհեստական դրության շնորհիվ Ավինյանը կարողացավ քաղաքապետ ընտրվել: 

Այս ամենը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանը ու իր կառավարությունը նման բարեփոխումներ առաջ տանելու համար ո՛չ քաղաքական ռեսուրս, ո՛չ էլեկտորալ ռեսուրս չունեն, ու սրա համար է, որ ես դեպի Արևմուտք արվող քայլերը, Նիկոլ Փաշինյանի ելույթը Եվրոպական խորհրդարանում ձևական բնույթ կրող գործողություններ եմ համարում, որոնք գործնականում ամրապնդված չեն իրական գործողություններով, ու ոչ մեկը մտադիր չէ դա ամրապնդել: 

– «Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները, գալ Բրյուսել, հասնել վերջնակետի ու կնքել խաղաղության պայմանագիրը»,- ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի այս հայտարարությո՞ւնն էլ է ձեր ասած ձևական քայլերից, պարո՛ն Ղուկասյան:

– Դա Հայաստանի կառավարության երազանքն է, նրանց գաղափարախոսությունն արդեն ամփոփվել է ու պարզ է, որ նրանք Արցախի էթնիկ զտումը դիտարկում էին Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հնարավորություն ու համարում են, որ այդպիսով Հայաստանը կդառնա երջանիկ ու բարեկեցիկ, երբ կբացի սահմանները Թուրքիայի ու Ադրբեջանի համար, կծախի ընդերքը թուրքական ընկերություններին, էներգետիկ համակարգը՝ ադրբեջանական ընկերություններին, կլուծարի բանակը, որովհետև Հայաստանի ինչի՛ն է պետք բանակ իր թուրք բարեկամների հետ խաղաղ ապրելու պարագայում: Այս գաղափարախոսության շրջանակում է գոյատևում այս կառավարությունը: 

Նույն Ադրբեջանը պատրաստ չէ նրանց հետ խաղաղության պայմանագիր կնքել, ու լիովին այլ են Ադրբեջանի, Թուրքիայի ու Ռուսաստանի ծրագրերը: Արմեն Գրիգորյանը որևէ ավել բան չասաց, քան Նիկոլ Փաշինյանն է հրապարակային ասում, բայց պարզ տեսնում ենք, որ մի քանի օր առաջ Լեմկինի ինստիտուտը զգուշացրեց, որ Ադրբեջանի կողմից հարձակում է պատրաստվում Հայաստանի վրա, ու մենք տեսանք ԱՄՆ պետքարտուղարության շատ խիստ հայտարարությունները, որ նման հարձակումը շատ ծանր հետևանքներ կունենա: Այսինքն՝ այդ կեղծ տեսությունը, որ եթե Ղարաբաղը տանք՝ բարեկեցիկ ու լավ կապրենք, կհարստանանք, ֆիասկո կրեց: Արցախում տեղի ունեցավ հայերի էթնիկ զտում, բայց Հայաստանի համար ռազմական վտանգները չեն նվազում: 

– Այսինքն՝ խաղաղության պայմանագրի կնքումն ունի զրո հավանականությո՞ւն:

– Ես կարծում եմ, որ Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարող կնքել այդ պայմանագիրը, որովհետև դրա հետ կապված Արևմուտքն Արցախին վերաբերող հարցերով Ադրբեջանից պահանջներ ունի, ու այդ տեսությունը, թե Արցախը տանք, ավելի լավ կապրենք, տապալվեց այստեղ, որ Արևմուտքը պատրաստ չէ Արցախի հարցը լուծված համարել՝ ի տարբերություն Հայաստանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների:

– Որ ասում եք՝ Արևմուտքը պահանջներ ունի Արցախի մասով, նկատի ունեք, որ Արցախը ճանաչում են Ադրբեջանի մաս, ու միակ պահանջը հայերի իրավունքների ապահովումն է այնտե՞ղ:

– 1992 թվականից ի վեր, երբ միջազգային ճանաչում ստացան Հայաստանը ու Ադրբեջանը, միջազգային հանրությունը Արցախը ճանաչում էր Ադրբեջանի կազմում վիճելի տարածք, վեճի առարկան Արցախի ինքնորոշման իրավունքի հարցն էր: Հայերի էթնիկ զտումն Արցախում որևէ բան չփոխեց, հարցը շարունակում է մնալ: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am