Չի կարելի քաղաքականությունում կիսով չափ հղի լինել. վեկտոր չփոխելը մեզ համար մահացու է.Դավիթ Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ Դավիթ Ստեփանյանը

 Պարո՛ն Ստեփանյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Սանկտ Պետերբուրգում կայացած՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստին։

– Ես մինչև գնալն էլ եմ դեմ արտահայտվել, հիմա էլ եմ դեմ, ես կարծում եմ, որ չի կարելի քաղաքականությունում կիսով չափ հղի լինել,մանավանդ որ մենք կիսով չափ հղի լինելու շատ տխուր փորձ ունենք: Մեր 30 տարվա քաղաքականությունը այդպիսի քաղաքականություն է եղել, երբ մենք խոսել ենք կոմպլեմենտարիզմից, տարբեր վեկտորներից, բալանսներից, բայց իրականում ամեն ինչ բերել, մտցրել են Ռուսաստանի տակ, այնպես որ, պետք է որոշում կայացնել, որովհետև որոշում չկայացնելը, վեկտոր չփոխելը մեզ համար մահացու են և ունենալու ենշատ վատ հետևանքներ, որովհետև մենք այսօր ընտրություն այլևս չունենք։ 

Առաջ մենք ընտրություն ունեինք՝ գնա՞լ Արևմուտք, թե՞ չգնալ Արևմուտք, հիմա Արևմուտք գնալը այլընտրանք չունի։ 44-օրյա պատերազմի աղետից հետո, որը մեր գլխին բերեց ռուս-թուրք-ադրբեջանական եռամիասնությունը, արդեն սխալ է ասել թուրք-ադրբեջանական տանդեմ, եթե մենք շարունակենք գնալ այն հունով, որով նրանք մեզ տանում են, լինելու է մեզ համար կործանարար, ու ԵԱՏՄ-ի որևէ արդարացում, որ մենք լսում ենք, թե սա տնտեսական է, թե սա քաղաքական չէ, Փաշինյանը գնաց Պետերբուրգում ասաց՝ «Մեզ համար ԵԱՏՄ-ն տնտեսական պրոյեկտ է, այն չպետք է ունենա քաղաքական կամ աշխարհաքաղաքական օրակարգ»: Հա՛, ճիշտ դիրքորոշում է, ժամանակին Նազարբաևն էլ էր այդ նույն դիրքորոշումն առաջ տանում, բայց մենք հասկանում ենք, որ շարունակելով լինել անդամ երկիր, մենք Ռուսաստանին մեզ վրա ճնշում գործադրելու հավելյալ լծակներ ենք տալիս, ու եթե այսօր ԵԱՏՄ-ում մեր անդամակցության շարունակումը մեզ իսկապես ձեռնտու է, արդեն վաղը ձեռնտու չի լինելու, որովհետև ռազմավարական առումով՝ նույնիսկ տնտեսական շահերը փոփոխական են:

Եթե այսօր Ռուսաստանը պատժամիջոցների տակ է, ու մենք դրանից օգտվում ենք, վաղը Ռուսաստանն այլևս պատժամիջոցների տակ չի լինելու, իսկ մեր ապրանքները միայն ու միայն ռուսական շուկայում են վաճառվում, որովհետև մրցունակ չեն, քանի որ վաճառվում են ռուսական շուկայում, եթե այնտեղ չվաճառվեն՝ արտադրողները կսկսեն մրցունակության վրա աշխատել։ Այնպես որ, ռազմավարական առումով, նույնիսկ տնտեսական շահերից ելնելով, ապագայի մասին եմ ասում, ԵԱՏՄ անդամակցությունը մեր շահերից չի բխում, հետևաբար վեկտորի փոփոխությունը հրամայական է, ու արդեն ժամանակ էլ չունենք դրա համար։ 

 Իսկ իշխանության կողմից տարվող աշխատանքներ տեսնո՞ւմ եք՝ վեկտորի փոփոխության ուղղությամբ։ 

– Հենց երեկ Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը բավականին հետաքրքիր հարցազրույց է տվել վրացական հեռուստաընկերությանը, որում նշել է, որ Հայաստանը վեկտորի փոփոխության որոշում արդեն կայացրել է, մեզ մոտ սրա վրա ոչ մեկն ուշադրություն չի դարձրել։ 

Խավիեր Կոլոմինան նշել է, որ Հայաստանի ղեկավարությունն իրենց հետ շփումներում այդ հարցը բարձրացնում է ու այդ հարցում սպասում է ՆԱՏՕ-ից աջակցություն։ Այսինքն՝ նա ասում է, որ Հայաստանից այդ պահանջը կա, հիմա հերթական անգամ՝ եկանք կանգնեցինք մի խաչմերուկում, երբ պարզ չէ՝ մենք հիմա ՆԱՏՕ-ի աջակցությունն ենք հայցում, որ ՆԱՏՕ գնա՞նք, թե՞ գնում ենք ԵԱՏՄ։ 

Այսինքն՝ հերթական անգամ ամեն ինչ միանշանակ չէ, հերթական անգամ մենք չենք հասկանում՝ Նիկոլ Փաշինյանի գլխում ինչ է կատարվում, ու մենք տեսնում ենք տարբեր ինդիկատորներ՝ բոլորովին իրար հակառակ ուղղություններով։ 

 Իսկ գուցե Փաշինյանը ՆԱՏՕ-ից այդ երաշխիքները չի՞ ստացել, դրա համար էլ ԵԱՏՄ է գնում, պարո՛ն Ստեփանյան։

– Չեմ կարող ասել, միգուցե չի ստացել, միգուցե ստացել է, բայց վախենում է, ես չեմ կարող ասել։ Այդ հարցին կարող է պատասխանել միայն Նիկոլ Փաշինյանը, բայց չի պատասխանելու։

 Իսկ այդ կիսով չափ հղի լինելու քաղաքականությամբ՝ ո՞ւր ենք հասնելու։

– Եթե մենք շարունակում ենք մնալ Ռուսաստանի ազդեցության ծիրում, եթե շարունակում ենք մեզ վրա ճնշում գործադրելու ուղղությամբ հավելյալ գործիքներ տալ, եթե չենք փոխում մեր արտաքին քաղաքականության վեկտորը, ապա վերջում լինելու է հերթական ռուս-թուրքական գործարքը, որի օբյեկտը լինելու է արդեն Հայաստանի Հանրապետությունը։ Ես քանի անգամ եմ ասել, որ Ղարաբաղը կիսել են, ու վերջում էլ ասել եմ, չէ՞, որ մնացածն էլ ռուսները տալու են Ադրբեջանին, այդպես էլ եղավ, չէ՞, հիմա ասում եմ, որ եթե այսպես շարունակենք, այս անգամ կիսելու են Հայաստանը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am