Իրավունք. մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հարազատներն ակնկալիքներ չունեն իշխանություններից

Իրավունք. մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հարազատներն ակնկալիքներ չունեն իշխանություններից
Իրավունք. մարտիմեկյան իրադարձությունների զոհերի հարազատներն ակնկալիքներ չունեն իշխանություններից
Հեղինակ MediaLab

Մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների հարազատները թեև հավատում են ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգին, սակայն, չեն կարծում, որ դա ազդեցություն կունենա Հայաստանի իշխանությունների վրա` սպանությունների բացահայտման գործում և զոհերի հարազատներին դրամական փոխհատուցում տալու հարցում:
«Երբ Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ մեր փաստաբանը նրան ասաց, որ զոհերի հարազատներին փոխհատուցում չի տրվել, նա զարմացավ»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց մարտիմեկյան իրադարձությունների զոհ Գոռ Քլոյանի հայրը` Սարգիս Քլոյանը:
Թոմաս Համմարբերգը մայիսի 9-ին հրապարակել է հունվարին Հայաստան կատարած այցի հետևանքով գրված զեկույցը, որտեղ առաջին անգամ խոսել է սպանված քաղաքացիների հարազատներին փոխհատուցում տալու անհրաժեշտության մասին:

«10 զոհերի ընտանիքները պետք է ստանան փոխհատուցում` իրենց հարազատների կորստին հավասարազոր և ամբողջությամբ ներգրավված և տեղեկացված լինեն հետաքննությանը»,- գրված է հանձնակատարի զեկույցում:

Հիշեցնենք, որ մարտիմեկյան իրադարձությունների զոհերին ֆինանսական փոխհատուցում տալու մասին այս տարվա մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ խոսել էր նաև նախկին նախագահ, ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Կոնգրեսի հանրահավաքի անունից Լևոն Տեր-Պետրոսյանը պահանջել էր «լիարժեքորեն փոխհատուցել մարտի 1-ի ոճրագործությունից տուժած բոլոր քաղաքացիների նյութական վնասները՝ մասնավորապես սպանվածներից յուրաքանչյուրի ընտանիքին հատկացնելով 1 միլիոն դոլար, իսկ վիրավորներին՝ առնվազն 100.000 դոլար»:

Սարգիս Քլոյանի խոսքով` Համմարբերգը տեղյակ է, որ Հայաստանի վարչապետը կառավարության պահուստային ֆոնդից ժամանակին փոխհատուցել է մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ «թալանված» խանութների և «վառված» մեքենաների տերերին:

Քլոյանի խոսքով` Համմարբերգը կարող է միայն կոչ անել, բայց ինքը չի կարծում, որ փոխհատուցում կլինի, քանի դեռ այդ հարցով քրեական գործեր չեն հարուցվել:

Մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանն էլ նշեց, որ ինքն «այս իշխանություններին տանել չի կարող և պատրաստվում է նրանց դեմ պայքարել բոլոր հնարավոր ձևերով»:

«Բայց եթե նրանց պատճառով իմ և մյուսների որդիները զոհվել են, և այս հարցում իշխանությունները պարտավորություններ ունեն զոհերի հարազատների հանդեպ, ապա նրանք պարտավոր են կատարել այդ պարտավորությունները: Բայց դա չի նշանակում, որ մենք դրանից հետո կլռենք»,- նշեց տիկին Հովհաննիսյանը:

Իր զեկույցում հանձնակատարը նաև անդրադարձել է մարտիմեկյան իրադարձությունների բացահայտմանը. հանձնակատարը նշել է, որ մարտի 1-ին զենքի կիրառումը անթույլատրելի էր, և 10 զոհերի սպանությունների բացահայտման գործընթացը եղել է անարդյունք: Ըստ նրա` Հայաստանի իշխանությունները պետք է որոշակի հետաքննություն իրականացնեն և հայտնաբերեն մեղավորներին:

Համմարբերգը նաև ողջունել է Սերժ Սարգսյանի վերջին հանձնարարականը` այս սպանությունների բացահայտման հետ կապված: Նա հույս է հայտնել, որ այս հանձնարարականը կվերածվի կոնկրետ գործընթացի` մեղավորներին հայտնաբերելու և պատժելու առումով:

Հիշեցնենք, այս տարվա ապրիլի 20-ին Սերժ Սարգսյանը հրավիրել էր դատաիրավական բարեփոխումների թեմայով խորհրդակցություն, որի ընթացքում անդրադարձել էր մարտի 1-ի թեմային:

«Բազմիցս ասել եմ և հիմա էլ կրկնում եմ, որ սպասելիքները շատ են, և, առաջին հերթին, խոսքս վերաբերում է մարտի մեկի դեպքերին: Ակնկալում եմ նոր թափ և ընդգծված ակտիվացում` նշված դեպքերի բացահայտման հարցում»,- ասել էր Սարգսյանը:

«Համմարբերգը Հայաստանում ընդունել է մեզ և խոստացել հետևել սպանությունների բացահայտման գործընթացին: Մենք մի քիչ էլ հավատում ենք Համարբերգին, բայց չենք հավատում, որ իշխանությունները կբացահայտեն այս սպանություները, որովհետև նրանք չեն կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած են»,- նշեց Սարգիս Քլոյանը:

Նրա խոսքով` այդ հարցում բացահայտման կարիք էլ չկա, որովհետև ամեն ինչ վաղուց բացահայտված-վերջացած է:

«Մնում է միայն քաղաքական կամք, որ քրեական գործեր հարուցեն: Ո՞վ չգիտի, թե ովքեր են հրաման տվողները, ովքեր են եղել կրակողները: Տիգրան Պասկևիչյանի ֆիլմում ամեն ինչ բացահայտ ասվում է: Ինձ համար պարզ է, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է միայն ժամանակ ձգել»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նշեց Քլոյանը:

Ալլա Հովհաննիսյանն էլ նշեց, որ երբ Սերժ Սարգսյանն ապրիլին խոսում էր մարտի մեկի մասին, իր համար պարզ էր, որ դա արտաքին ճնշումների արդյունք է, նաև` նույն Համմարբերգի, թեև այն ժամանակ նրա զեկույցը դեռ հրապարակված չէր:

«Այսինքն` սա Սերժ Սարգսյանի բարի կամքը չէր: Բայց այս իշխանություններից ես կոնկրետ ակնկալիքներ չունեմ, իմ կարծիքով` մարտի մեկը չի բացահայտվի, քանի դեռ իշխանափոխություն չի եղել, որովհետև մարտի մեկն իրականացնողները չեն կարող բացահայտել մարտի մեկը»,- նշեց Ալլա Հովհաննիսյանը: Տիկին Հովհաննիսյանի խոսքով` չնայած իշխանություններից ակնկալիքներ չունի, սակայն Թոմաս Համմարբերգի զեկույցն իրեն գոհացրել է:

Քրիստինե Խանումյան

© Medialab