Հոգսեր. իշխանությունները հույսեր են կապում գյուղատնտեսական բարեփոխումների հետ

Հոգսեր. իշխանությունները հույսեր են կապում գյուղատնտեսական բարեփոխումների հետ
Հոգսեր. իշխանությունները հույսեր են կապում գյուղատնտեսական բարեփոխումների հետ

Կառավարությունը ցածր տոկոսադրույքով վարկեր եւ չհարկվող պարարտանյութեր է առաջարկում գյուղատնտեսներին, սակայն վերջիններս այս օգնությունը բավարար չեն համարում:
Անցյալ տարվա աղքատ բերքահավաքից հետո ընդունված բազմաթիվ բարեփոխումների շնորհիվ`Հայաստանի կառավարությունը գյուղատնտեսության ոլորտում կտրուկ փոփոխություններ է ակնկալում, սակայն իրենք` գյուղատնտեսները, պակաս լավատեսական են տրամադրված:

«Անցյալ տարի պատշաճ բերք չունեցանք, եւ, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսության ոլորտը ծանր վիճակում է: Գյուղերում իրավիճակը շատ բարդ է, գյուղատնտեսներն իրենց ապահով չեն զգում», – ասում է Հրանտ Առաքելյանը, ով տասը հեկտար տարածքով ագարակային տնտեսություն ունի Արարատի շրջանի Լուսառատ գյուղում:

2010-ին հողագործները բախվեցին ոռոգման ջրի, թունաքիմիկատների եւ գյուղատնտեսական սարքավորումների վարձակալման բարձր գների խնդրին:

Հայաստանում գործող 330 000 ագարակային տնտեսությունների մեծ մասը, որոնք ստեղծվեցին սեփականաշնորհման գործընթացի արդյունքում, որպես կանոն, ընդամենը մեկ կամ երկու հեկտար հողատարածք ունեցող ագարակներ են, որոնք դժվարությամբ են հոգում այս անսպասելի ծախսերը:

Վիճակագրական տվյալների համաձայն` Հայաստանում սննդամթերքի գները տարեկան կտրվածքով աճել են 12 տոկոս ով, գյուղատնտեսական արտադրանքի գնաճը կազմել է 40-5 տոկոս, իսկ մրգի գինը աճել է 4-5 անգամ:

«Գյուղատնտեսությունը սկսեց ուշադրություն գրավել, երբ խնդիրների ծավալները ճգնաժամային մակարդակի հասան, ինչը լրջորեն անդրադարձավ ոչ միայն անապահով եւ միջին խավերի, այլ նաեւ կառավարության բարձրագույն օղակների վրա: Նրանք սկսեցին գիտակցել, որ այն ազդում է ոչ միայն սոցիալ-տնտեսական իրադրության վրա, այլ նաեւ սպառնում է իրենց քաղաքական հեղինակությանը», – նշում է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի տնօրեն Թաթուլ Մանասերյանը:

Իրավիճակով անհանգստացած` նախագահ Սերժ Սարգսյանը հրահանգեց նախարարներին մեկնել գյուղական վայրեր` խնդրի պատճառներն ուսումնասիրելու նպատակով: Դեկտեմբերին գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվեց «Արտֆուդ» պահածոների գործարանի նախկին տնօրեն Սերգո Կարապետյանը, ով գյուղատնտեսության երկու փոխնախարարներին փոխարինեց Հայաստանի պետական ագրարային համալսարանի երիտասարդ շրջանավարտներով:

Գյուղատնտեսության ոլորտում հետագա ցնցումների ազդեցությունը մեղմելու նպատակով` կառավարությունը հանձնարարեց բանկերին բարելավել գյուղատնտեսական վարկերի պայմանները, ինչպես նաեւ վերացրեց ներմուծվող գյուղատնտեսական սարքավորումների, պարարտանյութերի եւ թունաքիմիկատների համար գանձվող ավելացված արժեքի հարկը:

Առաքելյանի խոսքերով, չնայած այս միջոցառումներին, գյուղատնտեսության ոլորտը անցյալ տարվա նման շարունակում է ոչ շահութաբեր մնալ:

«Եթե անցյալ տարի ծախսել եմ 1,16 միլիոն դրամ (3160 դոլար), ապա այս տարվա ծախսերս կազմել են 1,25 միլիոն դրամ: Խաղողի տարեկան բերքը կազմում է 10-12 տոննա, 1 կգ-ի վաճառքի գինը`130 դրամ, սա նշանակում է, որ արտադրանքը նույնիսկ իր ինքնարժեքը չի փոխհատուցում, իսկ շահույթի մասին խոսք անգամ լինել չի կարող», – ասում է նա:

Փորձագետներն իրենց հերթին ասում են, որ անցյալ տարի [իշխանությունների կողմից] տրված հանձնարարություններից շատերը չեն իրականացվել:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Հովսեփ Խուրշուդյանը կասկած է հայտնում, որ գյուղատնտեսական բարեփոխումները բախվել են կառավարության հետ սերտ կապեր ունեցող ազդեցիկ գործարարների շահերի հետ:

«Ներմուծողների եւ տեղական արտադրողների շահերի բախումը թույլ չի տալիս հետամուտ լինել իրական գյուղատնտեսական բարեփոխումների իրականացմանը: Այժմ ներմուծողները վերահսկում են իշխանության բոլոր լծակները, նրանք ստեղծել են մի արատավոր օղակ, որտեղ ներմուծված ապրանքների քանակը երեք անգամ գերազանցում է արտահանումների մակարդակը», – ասում է նա:

Պաշտոնյաները պնդում են, որ բարեփոխումները պարզապես ցուցադրական իմաստ չեն կրում, եւ որ ներմուծված գյուղատնտեսական սարքավորումների ու թունաքիմիկատների` հարկերից ազատումը անմիջական դրական ազդեցություն է ունեցել սննդամթերքի գների վրա:

«Անկախությունից ի վեր, առաջին անգամ հայ հողագործը զգում է, որ պետությունը լուրջ եւ հիմնավոր կերպով սկսում է զբաղվել գյուղատնտեսության ոլորտի խնդիրների լուծմամբ: Նախարարությունը ավելի շատ է համագործակցում գյուղատնտեսի հետ, եւ մենք պետք է հաստատվենք այս դերում: Միայն կոնկրետ գործողությունների շնորհիվ հնարավոր կլինի վերադարձնել հողագործի վստահությունը», – հայտարարել է գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Կառավարական որոշման համաձայն` ապրիլից հայկական բանկերը սկսել են ցածր` 14 տոկոս տարեկան տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր տրամադրել: Վարկի 4 տոկոսը մարվում է պետական սուբսիդավորման հաշվին, իսկ լեռնային եւ սահմանամերձ գոտիներում բնակվող հողագործներին տրամադրվող գյուղատնտեսական վարկերի տարեկան տոկոսադրույքը կազմում է 8 տոկոս: Մինչդեռ անցյալ տարի գյուղատնտեսական վարկի միջին տարեկան տոկոսադրույքը կազմում էր 22 տոկոս: (Տես`«Վարկային ճգնաժամը ծանր կացության մեջ է դրել հայ գյուղատնտեսին» հոդվածը):

Չնայած բանկերն արդեն ավելի քան 11 միլիոն դոլարի չափով սուբսիդավորած գյուղատնտեսական վարկեր են տրամադրել, իրենք` հողագործները պնդում են, որ ստացած միջոցները, միեւնույն է, չեն բավականացնում:

«Այդ միջոցները բոլորին հասանելի չեն: Անձամբ ես չեմ բողոքում, այս ծրագրով 2,2 միլիոն դրամի չափով երկու տարվա վարկ եմ ստացել, բայց այն բավարար չէ հողը մշակելու համար: Մենք ոչ թե տարվա մեկ եղանակի համար նախատեսված, այլ երկարաժամկետ` 5-7 տարվա կտրվածքով տրվող ավելի մեծ վարկերի կարիք ունենք», – ասում է Առաքելյանը:

Նրա խոսքերով` ներկա պահին գլխավոր խնդիրը ոռոգման ջրի բարձր գինն է, որի մեկ խորանարդ մետրն արժե 11 դրամ:

Այնուամենայնիվ, գյուղատնտեսության նախարարությունն այս տարի գյուղատնտեսական արտադրանքի ծավալների 10 տոկոսանոց աճ է կանխատեսում:

«Ես լիովին բավարարված չեմ բարեփոխումների իրականացման արագությամբ, բայց գործընթացը շարունակվում է, եւ կարծում եմ` մենք տարին կավարտենք դրական ցուցանիշներով, – հույս է հայտնել Կարապետյանը:

 

Նաիրա Մելքումյան

Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի

Հոդվածն արտատպվում է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից: (www.iwpr.net)