Դաժան հիվանդություն. Հայաստանում թմրամոլների թիվը տարեցտարի աճում է, կախվածությունը ստիպում է կիրառել «բենզինով խառնած հաբեր»

Դաժան հիվանդություն. Հայաստանում թմրամոլների թիվը տարեցտարի աճում է, կախվածությունը ստիպում է կիրառել «բենզինով խառնած հաբեր»
Դաժան հիվանդություն. Հայաստանում թմրամոլների թիվը տարեցտարի աճում է, կախվածությունը ստիպում է կիրառել «բենզինով խառնած հաբեր»

40-ամյա Արտյոմ Սարգսյանը բնակվում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Երիտասարդ տարիներին նա շատ է կանեփ (մարիխուանա) ծխել, սակայն երբևէ մտքով չի անցել բուժում ստանալ` խուսափելով հարեւանների կարծիքներից.
«Այսօր արդեն գիտակցում եմ, որ կյանքս կորցրել եմ, չունեմ կին, երեխաներ, իմ տարիքի մարդկանց երեխաներն արդեն դպրոց են գնում, իսկ ես նոր եմ հասկանում, թե ինչ եմ արել կյանքիս հետ, և թեև այսօր ավելի քիչ կամ գրեթե թմրանյութ չեմ ծխում, բայց ինձ էլ ով աղջիկ կտա, որ լավ հայր դառնալու հույսեր փայփայեմ»,- հուսահատ ասում է նա:

Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում բուժման նպատակով նարկոլոգիական կենտրոն դիմողների թիվը տարեկան աճում է 100 տոկոսով, թմրանյութ օգտագործողների քանակը` 10 տոկոսով: 2009 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված է 1141 թմրամոլ, որոնցից 12-ը կանայք են:

Ոչ պաշտոնական` միջազգային կազմակերպությունների ներկայացրած հաշվարկներով, Հայաստանում կա 30 000 թմրամոլ, նրանցից 5000-7000-ը թմրանյութն ընդունում են ներերակային ճանապարհով:

Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր ՓԲԸ-ի տնօրեն Արարատ Վարդանյանը «Մեդիալաբին» ասում է̀ թմրամոլության խնդիրը լուրջ է հատկապես մարզերում, որտեղ չկան բարվոք պայմաններ` բուժման, ինչպես նաև դիսպանսերներ դիմողների զբաղվածության հարցը լուծելու համար:

«Եվ եթե մայրաքաղաքում նարկոլոգիական դիսպանսեր դիմելու կարծրատիպն այս կամ այն կերպ փորձ է արվում ջարդել, մարզերում վիճակն այս առումով շատ անմխիթար է: ,-ասում է նա:-Թմրամոլության բուժումը բարդ է, քչերին է հաջողվում բուժումից հետո տիրապետել ու կրկին թմրանյութ չփորձել: Սա դաժան հիվանդություն է, և հատկապես ծանր է այն մարդկանց վիճակը, ովքեր չեն դիմում դիսպանսեր` իբր չցանկանալով արատավորել իրենց անունը, իսկ այդպիսիք մարզերում շատ-շատ են»:

Ըստ Արարատ Վարդանյանի, դիսպանսեր դիմող թմրամոլները հավաստում են, որ շրջապատում շատերն են թմլամոլ, սակայն չեն ցանկանում բուժում ստանալ, իսկ եթե ինչ-ինչ պատճառներով թմրանյութը պակասում է, դիմում են «ոչ ավանդական թմրադեղին»:

«Վիճակը շատ տխուր է, որովհետև երբ գումար չեն ունենում թմրանյութ գնելու համար, թմրամոլները իրենց պահաջը բավարարելու համար սկսում են ստեղծագործել. բենզինի հետ խառնում են տարբեր տեսակի դեղեր, ներերակային ճանապարհով ստանում իրենց դոզան: Սա շատ բարդ հարց է, քանի որ նման միջոցներով թմրանյութ ստանալուց հետո շատ դժվար է օրգանիզմը կարգավորել»:

Սակայն, մնալով ստվերում, այնուամենայնիվ որոշ մարդիկ փորձում են վերադառնալ հին կյանքին, կարգավորել կյանքը:

Ըստ վիճակագրության, 2011-ի օգոստոսի 1-ի դրությամբ դիսպանսերում բուժում է ստանում 52 հիվանդ, այդ թվում ալկոհոլիկներ, հոգեկան հիվանդությամբ տառապող մարդիկ, թմրամոլներ: Տարվա առաջին վեց ամիսներին դիսպանսերն ընդունել է 30 թմրամոլի, ովքեր համապատասխան բուժում ստանալուց հետո դուրս են գրվել:

42-ամյա Իգոր Սմբատյանը ալկոհոլիզմի դեմ բուժում է ստանում արդեն չորրորդ անգամ, նա նշում է, որ թեև թմրանյութ չի օգտագործում, սակայն իր շրջապատում շատերն են հատկապես ծխելու միջոցով թմրանյութ օգտագործում, իրեն էլ հաճախ առաջարկում են:

«Խմիչք շատ եմ օգտագործել հատկապես վերջին երկու տարիներին, երեխաս մահացել է, այժմ ես ու կինս ենք: Չգիտեմ` ինչից սկսեցի այսքան խմել, երկար տարիներ վարորդ եմ աշխատել, սակայն ալկոհոլը հաղթեց ինձ: Այժմ որոշել եմ վերջնական բուժվել, խմելն ինձնից վերցրեց ամեն ինչ, ես ամեն ինչ ունեի, հիմա գրեթե ոչինչ չունեմ, կյանքից միակ հույսս այն է, որ դուրս գամ այստեղից ու այլևս չխմեմ, որքան էլ ընկերներս համոզեն, թե խմիչքը կամ թմրանյութը դարդերից կազատի»,- ասում է Սմբատյանը:

Դիսպանսերի տնօրեն Վարդանյանը նշում է, որ մինչ օրս որպես թմրամոլության դեմ պայքարի թերացման պատճառ` պետությունը ֆինանսական խնդիրներն է մեջբերում, սակայն, դա այլեւս արդարացում չի կարող լինել. «այսօր նարկոլոգիական կենտրոններում օգտագործում են 40-50 տարվա հնության դեղամիջոցներ այն դեպքում, երբ աշխարհը թմրամոլության բուժման հարցում վաղուց արդեն այլ պրեպարատներ է կիրառում».

«Ճիշտ կլինի, որ պետությունը Երևանից բացի նաև մարզերում իրականացնի ծրագրեր, մասնավորապես, Երևանում թմրամոլներին այսօր հատկացվում է արհեստական թմրանյութ, որն օգագործվում է հաբի տեսքով, նվազում է ներարկային տարբերակով հիվանդության տարածումը: Ինչու նման որևէ միջոցառում չի իրականացվում մարզային դիսպանսերների համար, ինչ է` մայրաքաղաքի թմրամոլը մարզի թմրամոլից ավելի լավն է»,- տարակուսում է տնօրենը:

Այս պահին նրա ղեկավարած հիվանդանոցում թմրամոլ չկա, սակայն դա չի նշանակում, թե Սյունիքի մարզում ևս թմրամոլներ չկան: Իրենք, դիսպանսերում բուժվող թմրամոլներն է պատմում, որ Սյունիք մարզում «ահռելի ու սարսափելի է վիճակը», սակայն ոչ ոք չի դիմում բուժհաստատություններ:

Այսօր ՀՀ-ում թմրամոլության բուժումը կամավորության սկզբունքով է, հիվանդն ընդունվում է իր կամքով ու ցանկությամբ կամ ծայրահեղ թմրամոլների դեպքում` դատարանի որոշմամբ, բուժման հիմնական տարիքը 20-45 է:

Սյունիքի նարկոլոգիական դիսպանսերն թեև ունի բազում խնդիրներ, սակայն փորձում է հիվանդների առօրյան փոքր-ինչ հետաքրքիր դարձնել: Այստեղ գործում է կահույքի պատրաստման արհեստանոց, որտեղ վարպետ Արամ Մկրտչյանի «աշակերտները» կահույքագործության դասերի են հաճախում և աշխատում:

Մկրտչյանն ասում է` դժվար է աշխատել հիվանդների հետ, սակայն վստահ է` եթե փորձում ես հասկանալ հիվանդին, զիջել, օգնել, ուշադրություն դարձնել, կարելի է իրար հասկանալ:

«Հիմնականում մարզում գործող միջազգային կազմակերպություններն են պատվիրում գույք` դպրոցների կամ հենց կազմակերպությունների համար,-ասումէ նա: -Մեզանում դեռևս զարգացած չէ այն մտածելակերպը, որ թմրամոլը կամ հոգեկան հիվանդություն ունեցող մարդը կարող է լավ գործ անել, ինչ որ բան ստեղծել»:

Փառանձեմ Հովհաննիսյան

Կապան

© Medialab.am