«Որևէ նորմալ մարդ չի համաձայնի այս իշխանության հետ գնալ համագործակցության». Կարապետյանցը՝ Մինասյանի հրաժարականի մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը

– Տիկի՛ն Կարապետյանց, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հիշեցնեմ, որ սրան նախորդել էր իշխանական պատգամավորների ստորագրահավաքի նախաձեռնությունը՝ նախարարի աշխատանքից դժգոհ լինելու հիմնավորմամբ, ինչից հետո փոխնախարար Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Նախարարի այս քայլն ինչպե՞ս եք գնահատում և ընդհանուր այս գործընթացներն ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Սա այն Ազգային ժողովն է, որը պատճառ չէր գտնում նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ու էլի բազմաթիվ մարդկանց համար ստորագրահավաք անել կամ առնվազն գոնե ձեռնպահ քվեարկել այն մարդկանց համար, որոնց վերաբերյալ քաղհասարակությունը փաստարկված պատեպատ էր տալիս իրեն, քվեարկությունից օրեր առաջ անընդհատ կրկնում էր։ Այնպես որ, որպեսզի հասկանաք, թե ովքե՛ր են այս մարդիկ, և արդյոք իրենք կամավո՞ր են այս հարցն օրակարգային դարձրել, թե՞ չէ, սա իրե՞նց մտահղացումն է, թե՞ հանձնարարություն են կատարում, պետք է իմանալ, որ Արթուր Դավթյանի ու մի շարք այլ մարդկանց վերաբերյալ ոչ միայն ստորագրահավաք չեն նախաձեռնել, այլ նաև քվեարկել են նրանց թեկնածության օգտին։ 

Մինասյանի որոշումը, կարծում եմ, շատ ողջամիտ է, որովհետև այս իշխանությունները իրենց նկատմամբ ոչ լոյալ մարդկանց հեռացնում են քրեական գործերի միջոցով, ամենայն հավանականությամբ, Մինասյանը դադարել էր առնվազն որոշ հարցերում լոյալ լինելուց: Այդ մարդկանցից են Դավիթ Սանասարյանը, Վահան Քերոբյանը, Դավիթ Տոնոյանը ու այլք, սրանք այն մարդիկ էին, որոնք ամենամեծ ներդրումն էին ունեցել կամ պատրաստ էին ունենալ իշխանության հետ համագործակցության շրջանակներում, բայց ինչ-որ հարցում լոյալ չեն եղել անձամբ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ու ամեն ինչ ավարտվել է քրեական գործերով, ոմանց համար՝ կալանքով։ 

– Այսինքն՝ կարծում եք, որ Գրիգոր Մինասյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, որ բանը չհասնե՞ր քրեական գործին։

– Ավելի խելացի է եղել, որ դիմում է գրել կամ, ինչպես ինքն էր ձևակերպել՝ միացել է իր դեմ սկսված ստորագրահավաքին։

– Իշխող խմբակցության պատգամավորներն ասում են, որ այս թեմայով անգամ խոսակցություն չի եղել Նիկոլ Փաշինյանի հետ, ուր մնաց նրա հրահանգով կամ իմացությամբ սկսեն ստորագրահավաքի գործընթացը։ Վստահեցնում են, որ կատարում են իրենց՝ վերահսկող մարմնի գործառույթները, ի՞նչ խնդիր կա։

– Վեց տարի հետո Ազգային ժողովը հասկացել է, որ վերահսկողական ֆունկցիա ունի, ու սկսել են ինչ-որ գործիքնե՞ր օգտագործել։ Իհարկե ուղիղ հանձնարարական է եղել, ուղղակի համոզված եմ՝ Նիկոլ Փաշինյանից, որովհետև բոլոր նրանք, ովքեր առնվազն հանրային ելույթ են ունեցել, այդ մարդիկ ի վիճակի չեն ինքնուրույն որոշումներ կայացնելու, ի վիճակի չեն վարչապետին դիմադարձ կանգնելու, այլ տեսակետ ունենալու այն պարզ պատճառով, որ 2021-ին այն մարդիկ, որոնք այլախոհ են եղել կամ ինքնուրույն կարծիք ձևավորելու և արտահայտելու կարողություն են ունեցել, նրանք չեն ներվել։ 2021-ի ցուցակում չկա այնպիսի մարդ, որն ի վիճակի է ընդդիմանալ Նիկոլ Փաշինյանին, գուցե, բացառությամբ այն խոշոր օլիգարխների, որոնք կարող են իրենց սեփական խաղը խաղալ։ 

– Իշխանական պատգամավոր Արփի Դավոյանը համոզված է, որ սա այնպիսի կարևոր պաշտոն է, որը պետք է զբաղեցնի ՔՊ թիմի անդամ։ Այս տրամաբանությամբ եթե առաջնորդվենք, ապա ինչպիսի՞ արդարադատություն կարող ենք ակնկալել Հայաստանում։

– Գալիս ենք այն տրամաբանությանը, որի մասին միշտ ասել եմ, որ ոչ թե լինի ՔՊ անդամ, այլ բացառիկ լոյալություն ունենա անձնապես Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, անձնապես։ Եթե իրենք տարաձայնության, անհամաձայնության կամ Փաշինյանի նկատմամբ մաքսիմալ լոյալություն չունենալու չնչին նշույլ նկատեն, այդ մարդիկ չեն կարող որևէ պաշտոն զբաղեցնել Հայաստանում  շատ երկար ժամանակ։ Նախարարները պետք է լինեն մարդիկ, որոնք կիսում են քաղաքական թիմի ծրագրերը, բայց որպեսզի կիսեն այդ ծրագրերը, այդ մտքերը, իշխող կուսակցությունը պետք է դրանք ունենա։ 

Այս իշխանությունն առաջնորդվում է օրվա իրավիճակով, այս իշխանությունը չունի երկարաժամկետ ծրագրեր, իրենք պահի դրությամբ իրենց հարմար իրավիճակների լուծումով են գնում։ Այնպես որ, ոչ մի ադեկվատ մարդ իրեն թույլ չի տա գալ ու պաշտոն զբաղեցնել մի տեղ, որտեղ քո իշխանությունն ընտրվում է ուրիշ կարգախոսներով, բայց գնում լրիվ հակառակ ճանապարհով։ 

Որպես մասնագետ, որպես ոլորտի պատասխանատու՝ դու անընդհատ հարվածի տակ ես, քեզ որպես մասնագետի բառացիորեն փչացնում են, քեզ օգտագործում են որպես մասնագետի, հետո կամ քրեական գործերի շրջանակներում են քեզանից ազատվում, կամ ստորագրահավաք են կազմակերպում։ Որևէ նորմալ մարդ չի համաձայնի այս իշխանության հետ գնալ համագործակցության։

– Ըստ ձեզ՝ Գրիգոր Մինասյանն ու Նիկոլ Փաշինյանը ինչի՞ շուրջ համաձայնության չեն եկել։

– Չեմ կարող կոնկրետ ասել, բայց ենթադրում եմ, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է որոշակի քայլեր, գործողություններ անել, որոնց ոչ համաձայն եղողներին կամ ենթադրյալ ոչ համաձայն եղողներից ինքն ազատվելու է։ Չեմ բացառում, որ տարբեր գործիքներով, Նիկոլ Փաշինյանը կարող է և կոմպրոմատներով և շանտաժի միջոցով փորձի լռեցնել այդ մարդկանց։ Ես, օրինակ՝ ակնկալում եմ պարոն Մինասյանից ազնվորեն ասել, թե իրական պատճառը ո՞րն է, շատ կուզեի, որ ազնիվ ու ուղիղ ասեր, այլ ոչ թե այն ելևէջներով, որ իր տեքստում կար։ 

Իրական պատճառը հաստատապես այդ ստորագրահավաքը չէր, բայց մյուս կողմից էլ հասկանում եմ, թե ինչքան հին, ավանդական գործիքներն օգտագործելով է, որ այս իշխանությունը կարողանում է դեռ պաշտոնավարել, ու չեմ պնդում, որ մարդը ազնիվ խոսի հանրության հետ, հասկանալով, որ Մինասյանը կարող է իրեն այդ կերպ հարվածի տակ դնել։

– Որոշակի գործողություններ ասելով՝ նկատի ունեք անվտանգության հարցերի հետ կապվա՞ծ։

– Հայաստանի սուվերենության, անվտանգության հետ կապված, հերթական «սահմանազատման» հետ կապված, Թուրքիային իրավունքներ զիջելով, միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելով։ Ու սրանց մեծ մասն ուղիղ կապ ունի արդարադատության ոլորտի հետ։ Սրանք իմ ենթադրություններն են, բայց, ամենայն հավանականությամբ, հենց այսպես էլ կա, դրա համար եմ ուզում, որ Մինասյանը անկեղծ խոսի հանրության հետ։ 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am