Պատուհանից այն կողմ. հաշմանդամություն ունեցող երեխաները զրկված են դպրոց գնալու հնարավորությունից

Պատուհանից այն կողմ. հաշմանդամություն ունեցող երեխաները զրկված են դպրոց գնալու հնարավորությունից
Պատուհանից այն կողմ. հաշմանդամություն ունեցող երեխաները զրկված են դպրոց գնալու հնարավորությունից

Կոտայքի մարզի Արամուս գյուղի 8-ամյա բնակիչ Գագիկ Հունանյանը, ամեն անգամ դպրոցականներ տեսնելով, ծնողներին հարցնում է, թե երբ է ինքը դպրոց գնալու: Տեղաշարժվելու խնդիր ունեցող Գագիկը ստիպված է տանը կրթություն ստանալ:

Ու մինչ հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ները փորձում են լուծել տղայի` հանրակրթարան հաճախելու հարցը, նրա դպրոցը իրենց տունն է, դասընկերները՝ խաղալիքները: Սակայն նրա առօրյան փոխվում է, երբ ժամանակ առ ժամանակ Արամուսի միջնակարգ դպրոցի ուսուցիչներն այցելում են տնային պարապմունքներ անցկացնելու համար:

«Ես չէի կարողանում իմ երեխային դպրոց տանել, դրա համար ինքը 8 տարեկան է, նոր առաջին դասարանի առարկաներ է սովորում: Մեր դպրոցում ասում էին, որ իր նման երեխաների համար հատուկ դպրոցներ կան, այն դեպքում, երբ իմ տղան միայն տեղաշարժվելու խնդիր ունի»,- բորբոքվում է տղայի հայրը՝ 40-ամյա Արշակ Հունանյանը:

Գագիկի` կրթություն ստանալու խնդիրը լուծելու համար Արշակ Հունանյանը շղթայական մի շրջան է անցել՝ գյուղի միջնակարգ դպրոցից Կոտայքի մարզպետարան, կրթության և գիտության նախարարություն և կրկին հետ՝ դպրոց… Եվ այդպես 1,5 տարի դպրոցահասակ Գագիկը զրկված է եղել ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և միջազգային փաստաթղթերով ամրագրված կրթություն ստանալու իրավունքից:

«Հետո մի կերպ համաձայնեցին ուսուցիչներ ուղարկել, որ տանը կրթություն ստանա: Հիմա ուսուցիչները քիչ-միչ գոնե գալիս են»,- պատմում է երեխայի հայրը:

Սակայն Արամուսում Գագիկը միակը չէ, որ նման իրավիճակում է հայտնվել: 5 տարի առաջ դպրոց գնալու հնարավորությունից զրկված էր նաև Արամուսի մեկ այլ բնակիչ` 14-ամյա Արտյոմ Սերոբյանը: Արտյոմի ընտանիքը պնդում է, որ դպրոցի տնօրենը խոչընդոտներ է ստեղծել՝ երեխայի դասասենյակը բարձրացրել են շենքի վերջին հարկ, ուսուցիչները չեն ստուգել երեխայի կատարած տնային աշխատանքները:

«Արտյոմն ասում էր` մամ, ինչի՞ դաս սովորեմ, մեկ ա` չեն ստուգում»,- ասում է տղայի մայրը:

Մինչդեռ Արամուսի միջնակարգ դպրոցի տնօրեն Սամվել Զոհրաբյանը հերքում է այդ մեղադրանքները՝ ասելով, թե դասարանի տեղը չի փոխել, ուսուցիչները միշտ բարյացակամ են եղել. «Նույն դասարանում անգամ կա մեկ երեխա, ով լսողության խնդիրներ ունի, բայց նրա դեպքում երբեք նման խնդիր չի ծագել»:

«Ես ընդունում եմ, որ սխալ եմ եղել, ու ասել եմ, որ հաշմանդամության խնդիրներ ունեցող երեխաները սովորական հանրակրթական դպրոցների համար չեն: Բայց, ախր, դուք չգիտեք, թե ինքն ինչ հնարավորություններ ունի: Չկար մի օր, որ ուսուցիչները չբողոքեին: Ախր, իրենք իրենց դիմումով են տարել երեխային, ո՞րն է իմ մեղքը»,- արդարանում է տնօրենը:

Նման վերաբերմունքի հանդիպելով` Սերոբյանները սկսեցին իրենց տղային հենաշարժական համակարգի խանգարումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց տանել, սակայն առողջական խնդիրների, ինչպես նաև ամեն օր Երևան գնալու հնարավորություն չունենալով (Արամուսը Երևանից 21 կմ հեռու է), կարճ ժամանակ անց տղային այդ դպրոցից էլ հանեցին:

4 տարի առանց կրթության մնալով` Արտյոմ Սերոբյանը միայն այս տարվա ապրիլի 2-ից ուսումը շարունակելու հնարավորություն ստացավ շնորհիվ «Հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանության ազգային դաշինքի» խորհրդի անդամ ՀԿ-ների ղեկավարների, որոնք այցելեցին Արամուս` այս խնդրով զբաղվելու համար:

«Ես զարմանում եմ, թե դուք ինչպե՞ս եք քննություններ հանձնել դպրոցի տնօրենի ատեստավորման համար, քանի որ այնտեղ հստակ հարցեր կան ներառական կրթության վերաբերյալ: Երեխան պետք է սովորեր այս դպրոցում, քանի որ դա նրա իրավունքն է, ու նա իր իրավունքից չի օգտվել միայն մեկ պատճառով, դա վերաբերմունքն է»,- Արամուսի դպրոցի տնօրենի հետ հանդիպման ժամանակ նշեց «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով` 2011 թվականի վիճակագրության համաձայն` Հայաստանում բնակվում է ավելի քան 8000 հաշմանդամություն ունեցող երեխա:

ՀՀ կրթության զարգացման 2011-2015 թվականների պետական ծրագրի տվյալներով` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հստակ թիվ չկա: Հայտնի է միայն, որ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչպես նաև դպրոցների ներառական կրթահամակարգում ընդգրկված է 4000 երեխա:

«Արամուսի խնդիրը եզակի չէ. ծնողներից շատերը հիմնականում անիրազեկ են, իսկ անբարեխիղճ տնօրեններ հանդիպում են ամենուր: Ծնողները շատ հաճախ չգիտեն, որ իրենց երեխան կարող է սովորել այն դպրոցում, որը երեխայի համար ընտրել է ծնողը: Եթե տնօրենը կամ ուսուցիչը բարի մարդ է, օգնում է, որ երեխան ներառվի դպրոցում` կոչվի այն ներառական, թե` ոչ: Ցավոք, շատ բան մարդկային գործոնից է կախված»,- «Մեդիալաբին» ասում է «Հույսի կամուրջ» ՀԿ հաշմանդամ մարդկանց շահերի պաշտպանության պատասխանատու Զառա Բաթոյանը:

Փորձագետին լրացնում է Հայաստանի կրթության և գիտության նախարարության իրավաբան Լուսինե Գրիգորյանը` ընդգծելով, որ հանրակրթական դպրոցի ոչ մի տնօրեն իրավունք չունի երեխային չընդունել դպրոց՝ պատճառաբանելով, թե նա հաշմանդամություն ունի.

«Դրա համար դպրոցի տնօրենին կարելի է պատասխանատվության ենթարկել իր պաշտոնական լիազորությունները չկատարելու համար»,- ասում է իրավաբանը:

«Մենք կվերահսկենք Արամուսի դպրոցն ու տնօրենին այնքան ժամանակ, մինչև նա հասկանա, որ կրթությունը բոլորի համար է»,- նշում է Բաթոյանը` հույս հայտնելով, որ սեպտեմբերից Գագիկ Հունանյանը ևս դպրոց կհաճախի:

Սակայն անգամ դպրոց հաճախելու դեպքում երեխաները խնդիրներ կունենան, քանի որ շենքը հարմարեցված չէ հատուկ կարիքներով այս տղաների համար. թեքահարթակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին, զուգարանը հարմարեցված չէ:

Ի տարբերություն հանրակրթական դպրոցների` հանրապետությունում գործող ներառական դպրոցների պարագայում գոնե փորձում են շենքային պայմանները հարմարեցնել հաշմանդամություն ունեցող երեխաներին:

Ներառական կրթության համակարգը Հայաստանում ներդրվել է ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների մասին հռչակագրին միանալուց հետո (1992 թ.)։ Ներառական դպրոցների թիվը դրանից 10 տարի անց` 2002-ին, եղել է ընդամենը 52-ը, այժմ այդ թիվը հասել է 81-ի, որոնցից 42-ը` Երևանում, 39-ը՝ մարզերում:

Հայաստանում հաշմանդամ և կրթության առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաներին հանրակթական դպրոցներ ներառելու խնդրին հետամուտ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչները նշում են, որ ներառական կրթությունը մասամբ է իրականացվում Հայաստանում, քանի որ հաճախ երեխան միայն ֆիզիկապես է ներկա լինում դասերին, բայց լիարժեք չի մասնակցում որպես աշակերտ:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի կրթական ծրագրերի ղեկավար Մերի Պողոսյանը «Մեդիալաբին» ասում է, որ որոշ ներառական դպրոցներ բարեխղճորեն են կատարում իրենց պարտականությունները, բայց միաժամանակ կան նաեւ այնպիսի դպրոցներ, որտեղ դեռ ուսուցիչներին վերապատրաստելու եւ ծնողների տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու կարիք կա:

Կարինե Իոնեսյան

Լուսանկարում՝ Արամուս գյուղի երեխաները վերադառնում են դպրոցից

© Medialab.am