Ուղերձի հանրայնացումից հետո Ռուբեն Վարդանյանի կյանքին, անձին վտանգ սպառնալու է . Սիրանուշ Սահակյան

Լուսանկարը՝ AUA.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգային իրավունքի մասնագետ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը

– Տիկի՛ն Սահակյան, քանի որ մեր նախորդ զրույցում խոսել ենք Ադրբեջանում սպասվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունների ընթացքի ու վերջնարդյունքի մասին, այսօր կխնդրեմ ասեք, թե ի՞նչ հետևություններ կարելի է անել Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանի ուղերձից:

– Բոլոր այն մտահոգությունները, որոնք արտահայտել են մասնագետներն իրավիճակի վերլուծության հիման վրա, վերահաստատվել են պարոն Վարդանյանի կողմից: Նա, լինելով իրավունքների խախտման անմիջական զոհ, նաև փաստերի վերաբերյալ պնդումներ է ներկայացրել, ու մենք այս նամակից հստակ հետևություններ ենք անում, որ Ադրբեջանում անխտիր խախտվում են արդար դատաքննության իրավունքի բոլոր երաշխիքները: Սա վերաբերում է անկախ, անաչառ դատարանի կողմից գործի քննությանը, փաստաբանի կողմից իրավաբանական աջակցությանը ու պաշտպանության կազմակերպման հնարավորությունների գործունեությանը: 

Բայց այստեղ նաև անհանգստացնող դիտարկումներ կան նրա մասին, որ կեղծվում են արձանագրություններ, ցուցմունքներ, ու, ինչպես գիտեք, նախկինում մենք բարձրաձայնել էինք այդ մասին, որը մեզ ծանոթ էր Եվրոպական դատարանի դատական գործընթացներից, երբ Ադրբեջանը կեղծված քրեական գործերի նյութեր էր հրամցնում դատարանին, ու դիտավորությամբ՝ դաժան մեթոդներով սպանված հայերի առնչությամբ ինքնասպանությունների վարկածներ էին առաջ քաշվում: 

Իհարկե, միջազգային անկախ հետաքննությամբ հերքվել են ադրբեջանական վարկածները, բայց այստեղ ահազանգողն այն էր, որ ադրբեջանական քրեական գործերի նյութերում առկա էին ցուցմունքներ, փորձագիտական եզրակացություններ, որոնք հիմնավորել էին այսպես կոչված ինքնասպանության վարկածները, բայց հետագա օբյեկտիվ փորձաքննությունները բացահայտել էին գլխատումներ կամ, օրինակ՝ դիերի արհեստական փտմանն ուղղված միտումնավոր գործողություններ, ինչը նաև նպատակ ուներ թաքցնել հետքերը: 

Ինչպես տեսնում ենք, Ադրբեջանը, հավատարիմ մնալով իր գործելակերպին, շարունակաբար կեղծում է քրեական գործի նյութերն ու դրանք ներկայացնում է այն դատարաններին, որոնք պետք է վավերացնեն գործադիր իշխանության որոշումները: 

Կարծում եմ՝ պարոն Վարդանյանի ուղերձի հիմնական նպատակը այս խախտումների մասին բարձրաձայնելն է ու հրապարակային դատաքննություն անցկացնելու պայմաններ ապահովելը, ինչը, իհարկե, մեր գնահատմամբ, չի լինի: 

– Ըստ ձեզ՝ ինչպե՞ս է հնարավոր եղել, որ նման բովանդակությամբ ուղերձը հասանելի դառնա, նկատի ունեմ՝ Ադրբեջանն այս մասով վերահսկողություն չի՞ իրականացնում:

– Բնականաբար, Ադրբեջանը հեռախոսազանգերը, տեսաուղերձները, ցանկացած կապ արտաքին աշխարհի հետ վերահսկում է: Նշեմ, որ այս կոմունիկացիաների ընթացքում արտահայտված կամ չարտահայտված մտքերի համար հայ պատանդները ենթարկվում են պատժիչ գործողությունների ու բազմաթիվ սպառնալիքների, որոնք նաև կյանքի հանդեպ իրական վտանգներ են պարունակում: 

Ինչպես հայտնի է, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այցելում է, ու այդ շրջանակներում հեռախոսազանգերի, ինչպես նաև տեսաուղերձների հնարավորություն է տրվում, ըստ էության, պարոն Վարդանյանն այդ ուղերձը փոխանցել է հեռախոսազանգի ընթացքում, ու ընտանիքն այն հրապարակել է: 

– Հաշվի առնելով պարոն Վարդանյանի ուղերձում եղած որոշ արձանագրումներ՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ այդ ակնհայտ կեղծ ցուցմունքներում լինելու են ինչ-ինչ իբր փաստեր՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ու Արցախի Հանրապետության:

– Մենք դա չենք բացառում, հաշվի առնելով, որ այդ ցուցմունքները ոչ թե տրվել են հայերի կողմից, այլ գրվել են Ադրբեջանի հատուկ ծառայություններում, որոնք արտացոլել են ադրբեջանական վարկածն ու ներկայացնում են տեղեկատվություն, որը պետք է սպասարկի Ադբեջանի ազգային շահերն ու ռազմատենչ քաղաքականությունը, միջազգային իրավունքները ոտնահարող ագրեսիվ քաղաքականությունը: Այդ ցուցմունքներում կարող են արտահայտվել ցանկացած տեսակի տեղեկություններ, որոնք սակայն իրականությանը չեն համապատասխանում, ու որոնց իրական կրողները հայ պատանդները չեն: 

Մենք ունեցել ենք դեպքեր, երբ մի գերու անվան տակ ներկայացվել են մեկ այլ գերու կողմից հանցագործություններ կատարելու վերաբերյալ վկայություններ, որոնք կեղծված են եղել, հարկադրական միջոցներով են կորզվել, ու Հայաստան հայրենադարձվելուց հետո անձը նաև տեղեկատվություն է տրամադրել ցուցմունքների ստացման հանգամանքների վերաբերյալ: 

Եվրոպական դատարանում այս պահին վարվող գործերի շրջանակներում մենք ունենք անգամ դեպքեր, երբ անձի վրա լցրել են վառելիք ու պահանջել են տեսախցիկի առջև ընթերցել կոնկրետ տեքստ՝ սպառնալով, որ նշված տեքստի չընթերցումը կհանգեցնի անձի հրկիզման, ընդ որում՝ այս ողջ հարցաքննության ընթացքում պահվել է վառած լուցկի, այսինքն՝ պետք է հասկանանք, որ խոսքը կյանքի սպառնալիքների ներքո գտնվող անձանցից տեղեկությունների ստացման մասին է, ու անձինք զրկված են ազատ կամարտահայտությունից: 

Կան նաև փաստաթղթեր, որոնք չեն ստորագրվել, կամ մենք ունենք վկայություններ, երբ դատարկ փաստաթղթերի ներքո են ռազմագերիները ստորագրություն դրել՝ հարկադրանքի ներքո: Թե այդ դատարկ փաստաթղթերի վրա հետագայում ի՛նչ տեքստեր են լրացվել, հասկանալի է, որ անհայտ է, ու այս գործընթացն ամբողջովին կառավարվել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից:

– Ձեր գնահատմամբ՝ այս ուղերձի հանրայնացումից հետո Ռուբեն Վարդանյանի կյանքին, անձին վտանգ սպառնալո՞ւ է, այդ մտահոգությունը կարո՞ղ ենք ունենալ:

– Միանշանակ վտանգներ կան, այդ սպառնալիքներն իրական են, ու դրանք առկա են յուրաքանչյուր հայի հանդեպ՝ թե՛ բարձրաձայնող, թե՛ չբարձրաձայնող, պարզապես այստեղ անձը կարևորություն է տալիս պայքարին ու դրա միջոցով հայերի իրավունքների պաշտպանությանը՝ սեփական կյանքը վտանգելով: Ռուբեն Վարդանյանի գործունեությունն էլ վերահաստատում է այն, որ նա անձնական իր բարիքները ռիսկի տակ դնելով հանուն Արցախի ժողովրդի պայքար է իրականացրել:

– Տիկի՛ն Սահակյան, հաշվի առնելով այս ուղերձում առկա արձանագրումները, ձեր կատարած աշխատանքից բխող հետևությունները՝ հնարավո՞ր է ինչ-որ բան փոխել, թե՞ Ադրբեջանն անելու է այնպես, ինչպես նախապես ծրագրել է:

– Ադրբեջանական ծրագիրը կմնա անփոփոխ, ու մենք կունենանք արդեն իսկ կանխորոշված ելք՝ դատավճիռներ տևական կամ ցմահ ազատազրկման պատժատեսակի կիրառմամբ: Այլ հարց է, որ այդ խախտումները բարձրաձայնելու միջոցով կկարողանանք ունենալ միջազգային հանրության արձագանքը ու, ինչու ոչ, միջազգային դատական կամ քվազի դատական ատյանների դիրքորոշումներ, որոնք չեն ընդունի Ադրբեջանի դատարանների դատական ակտերը: 

Միջազգային հարթակում աշխատանքը իհարկե պետք է օգնի ձևավորելու քաղաքական, դիվանագիտական ճնշում Ադրբեջանի վրա, որի պայմաններում Ադրբեջանը ստիպված կլինի հարգել միջազգային իրավունքն ու ազատ արձակել հայ պատանդներին: Սրան կարելի է հասնել բացառապես միջազգային հանրության ներգրավվածության և ինտենսիվ քաղաքական ճնշումների շնորհիվ:

– Պետական մակարդակով այդ աշխատանքն այսօր կատարվո՞ւմ է, տիկի՛ն Սահակյան, թե՞ ոչ:

– Այստեղ մենք բազմաթիվ բացթողումներ ենք տեսնում, մեզ գոհացնում է ու մեր երախտագիտությանն արժանի է իրավական թիմի մեծ նվիրումով տարվող գործողությունը: 

Ինչ վերաբերում է քաղաքական ու դիվանագիտական աշխատանքին, քանի որ Հայաստանը ենթարկվում է Ադրբեջանի ճնշումներին, այդ աշխատանքն արդյունավետ չէ, ու այն ինքնուրույն գործունեություն չէ ու չի իրականացվում բացառապես ի շահ Հայաստանի ու հայերի իրավունքների:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am