«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Նովալեքս» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, իրավագետ Վահե Գրիգորյան
– Պարո՛ն Գրիգորյան, հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման դեմ բոյկոտը շարունակվում է, արձանագրվում են դեպքեր, երբ վարորդները 100 դրամ վճարող քաղաքացուն կա՛մ դուրս են հրավիրում ավտոբուսից, կա՛մ հրաժարվում վարել: Իրավակա՞ն են արդյոք թե՛ քաղաքացիների, թե՛ վարորդների գործողությունները:
– Քաղաքացների կողմից իրենց բողոքը բարձրաձայնելու իրավունքի իրացումը, որն այժմ կոչվում է բոյկոտ, միանշանակ է, որ քաղաքացիները իրավունք ունեն բարձրաձայնելու իրենց բոլոր դժգոհությունները, բողոքները, ու բոյկոտը ևս անձի քաղաքական իրավունքն է, դա իրավունքի իրացման ձևն է նաև, հետևաբար որևէ հակաիրավական արարք այդտեղ առկա չէ, քանի որ քաղաքացիները հրաժարվում են ոչ թե վճարել, այլ հրաժարվում են վճարել փոփոխված չափը:
Հարկ է նշել, որ այդ չափի փոփոխությունը տեղի է ունեցել շատ հանկարծակի՝ հատկապես նոր սահմանված չափը, հետևաբար քաղաքացիներին անգամ պատշաճ իրազեկում չի ապահովվել նոր սահմանված նորմատիվ վարվելակերպի մասին: Այսինքն՝ երբ պետական մարմիններն ընդունում են որոշակի նորմատիվ իրավական ակտեր, վարքագծի համար պարտադիր կանոններ, ապա պետք է սահմանված կարգով ծանուցեն քաղաքացիներին, ու այդ ծանուցման և ակտի գործողության ժամկետի միջև տարբերությունը պետք է այնքան լինի, որ անձինք հասցնեն փոփոխել իրենց վարքագիծը՝ համապատասխանեցնելով նոր կանոնին:
Ինչ վերաբերում է քաղաքացիներին տուգանելուն. եթե քաղաքացիները հրաժարվեին վճարել առանց որևէ պատճառաբանության կամ դիտավորությամբ հրաժարվեին վճարել, ապա այս դեպքում, այո՛, տեղի կունենար իրավախախտում, բայց անգամ այդ պայմաններում կան վարչարարության որոշակի կանոններ, որոնք սահմանված են սկսած Սահմանադրության 50-րդ հոդվածից, ավարտած «Վարչարարության հիմունքների ու վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով, որոնք ենթակա են պարտադիր պահպանման ցանկացած վարչարարության, այդ թվում և՝ տուգանք նշանակելու մասին որոշմանն ուղղված գործողություններ կատարելու ժամանակ:
Երկրորդ՝ անձին տուգանելիս նախ պետք է հաշվի առնել՝ արդյոք նա ի՞ր մեղքով չի վճարել ուղեվարձի գումարը, չենք խոսում բոյկոտող անձի մասին, այլ՝ առհասարակ: Քանի որ շատ են տարածված դեպքերը, երբ տերմինալները չեն աշխատում, եթե անձը մեկ անգամ պահում է վալիդատորի վահանակի վրա, ու վճարումը չի ստացվում, ապա անձի արարքներում դիտավորությունը բացակայում է, կամ որևէ այլ պատճառով QR կոդը չի կարդում, այդ անձին անթույլատրելի է ու անհնար վարչական պատասխանատվության ենթարկել:
Ամենակարևորը՝ այսօր գործող օրենսդրությամբ՝ օրենսդիր մարմինը դեռևս չի կատարել այն փոփոխությունները, որոնց լույսի ներքո իր կողմից առ քաղաքացիներ իրականացվող վարչարարությունը կհամարվի օրինական ու իրավաչափ, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում սահմանված այն մարմինը, որին պատվիրակվելու է հսկիչների գործառույթը՝ գործողություններ ու լիազորություններ, գոնե այս պահին առկա օրենսդրական կարգավորումներով չափազանց խնդրահարույց են, միաժամանակ նույնքան խնդրահարույց է որոշ վարորդների կողմից երթևեկությունը դադարեցնելուն ուղղված քայլերը, երբ մեկ կամ մի քանի քաղաքացի չեն վճարում:
Վարորդները չունեն նման իրավունք՝ կանգնեցնել ավտոտրանսպորտային միջոցը, քանի որ, եթե քաղաքացին անգամ միտումնավոր չի վճարում ուղեվարձը, դա հիմք է ոչ թե երթուղային տրանսպորտային միջոցը կանգնեցնելու, այլ հիմք է անձին ենթադրաբար տուգանելու համար: Եթե չկան տուգանող մարմիններ, ապա դա չի նշանակում, որ երթևեկությունը պետք է դադարեցնել, ու այն քաղաքացիները, որոնք վճարել են, անկախ վճարման չափից, պետք է տուժեն, դա անթույլատրելի մոտեցում է ու հակաօրինական:
– Իսկ երբ տվյալ անձին, որը 100 դրամը դնում է ու առաջ անցնում, բոյկոտելով սակագնի փոփոխությունը, վարորդը դուրս է հրավիրում ավտոբուսից:
– Նման լիազորություն չունեն: Իրավունք ունեն տուգանելու քաղաքացիներին:
– Այդ դեպքում քաղաքացին իր ոտնահարված իրավունքն ինչպե՞ս վերականգնի:
– Եթե վարչարարություն է՝բողոքարկի Վարչական դատարան, եթե քրեորեն պատժելի արարքներ է պարունակում, իհարկե հաղորդում ներկայացնի հանցագործության մասին:
– Պարո՛ն Գրիգորյան, իսկ այս դեպքում տուգանքի չափը որքա՞ն պետք է կազմի:
– Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կա հատուկ հոդված, որով սահմանված է տուգանք՝ փոխադրամիջոցի տոմսի գումարը չվճարելու դեպքում։ Հսկիչը, ըստ գործող օրենսդրության, իրավունք ունի տուգանել քաղաքացուն տոմսի արժեքի կրկնակի չափով, բայց քանզի առկա է բազմարժեք տոմսային համակարգ, պետք է ընտրվի նվազագույն արժեքը՝ 150 դրամը, այսինքն՝ տուգանքի չափը չպետք է գերազանցի 300 դրամը: Իր հերթին, վարչարարությունը չպետք է լինի Սահմանադրության և օրենսդրության խախտմամբ, պիտի ապահովվի քաղաքացիների՝ լսված լինելու իրավունքը, պատշաճ վարչարարություն պիտի իրականացվի:
Հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված տարատեսակ ձախողված վարչարարությունների փորձը, կարծում եմ, որ դա չի իրականացվելու՝ հանգեցնելով կիրառված տուգանքների անվավերության հիմքերի առաջացման:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am