«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը
– Պարո՛ն Սուրենյանց, մի քանի օր տարբերությամբ Ռուսաստանից ու ԱՄՆ-ից բարձր մակարդակով անդրադարձ եղավ Հայաստանի անվտանգությանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարը խոսել է Սյունիքի վտանգված լինելու մասին, իսկ ԱՄՆ Կոնգրեսում պետքարտուղար Ռուբիոն հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության իրական ռիսկը պահպանվում է, ավելացնելով, որ ԱՄՆ-ն փորձում է այն կանխել: Ադրբեջանական կողմն էլ երեկ ու այսօր կրակում է Սյունիքի ուղղությամբ: Ի՞նչ մասին են այս իրադարձությունները ահազանգում:
– Միանգամից ֆիքսենք, որ գերտերությունները տիրապետում են հետախուզական հսկայական տեղեկատվության, ու խոսքն այս դեպքում մեր տարածաշրջանում խոշոր ազդեցություն ունեցող գերտերությունների բարձրաստիճան պաշտոնյաների մասին է: Հավանաբար նրանք տեղեկություններ ունեն աշխարհաքաղաքական այլ կենտրոնների ծրագրերի մասին, որոնք կարող են հանգեցնել պատերազմական գործողությունների, օրինակ՝ մենք գիտենք Իսրայելի ագրեսիվ քաղաքականության մասին, որը պարբերաբար սպառնում է հարվածներ հասցնել Իրանին, թեև ԱՄՆ-ն չի խրախուսում այդ քաղաքականությունը: ԵՄ պաշտոնյաները շատ հաճախ խոսում են «միջին միջանցքի» մասին, որը կարող է ռիսկեր առաջացնել:
Հիմա ես կոնկրետ չգիտեմ, թե Բելոուսովը կամ Ռուբիոն ինչի հիման վրա են նման հայտարարություններ արել, բայց եթե երկու գերտերության բարձրաստիճան պաշտոնյաներ նման բան են հայտարարում, դա արդեն խոսում է ինչ-որ իրական վտանգների մասին, նաև բացահայտում է այն, որ ԱՄՆ-ին ու Ռուսաստանին այս պահին Հարավային Կովկասում կայունություն է պետք:
– Կկարողանա՞ն այնպես անել, որ իրադրությունը չլարվի:
– Արդեն անում են. Ռուսաստանի ու Իրանի ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, որն այս հունվարին ստորագրվեց, տարածաշրջանում շատ կարևոր կայունացնող գործոն է, երբ ԱՄՆ-ն ակնհայտորեն չի խրախուսում Իսրայելի ռազմատենչ քաղաքականությունը Իրանի հարցում, դա ևս կայունացնող գործոն է տարածաշրջանի համար: Ու, ի վերջո, թեև վայրիվերումներով, բայց Մոսկվա-Վաշինգտոն երկխոսություն կա, կարծում եմ՝ այս երեք հանգամանքը բավարար է, որ ձեր հարցի պատասխանը լիարժեք լինի:
– Այս ամենին զուգահեռ՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակում են պնդել, թե ամեն ինչ արվում է խաղաղության հասնելու համար, որ Ադրբեջանի հետ բանակցում են: Այդ ռիսկերը Հայաստանում չե՞ն տեսնում, թե՞ ուղղակի չեն բարձրաձայնում դրանք:
– Չեն բարձրաձայնում, նույնիսկ սահմանային խախտումների վերաբերյալ մեր պաշտպանական գերատեսչությունը շատ ժլատ է, թեև մենք գիտենք, որ երկու ամսից ավելի է՝ ադրբեջանական կողմը Սյունիքի ու Տավուշի ուղղությամբ խախտում է հրադադարը: Խաղաղության օրակարգը Նիկոլ Փաշինյանի համար ոչ այնքան կարգավորման բովանդակություն է, որքան նախընտրական սլոգան, նա անընդհատ այդ մասին խոսում է հիմնականում նախընտրական, ներքաղաքական նպատակներով: Փորձում է դիրքավորվել իբրև խաղաղություն բերող ուժ, շատ լավ իմանալով, որ դա իրականությունից բավականին հեռու է, բայց ընտրողներին ներկայանալու այլ փաստարկ չունի:
– Փաստորեն անվտանգությանը սպառնացող ռիսկերը չբարձրաձայնելու նպատակը ընտրազանգված չկորցնե՞լն է:
– Իհարկե, ինչու ինքը չգիտի՞, որ հայ-ադրբեջանական երեք ուղղություններից որևէ մեկով առաջընթաց չկա: Ադրբեջանն ավելին կորզելու նպատակ ունի, ու հենց այդ մասին են նաև ԱՄՆ-ի ու Ռուսաստանի հայտարարությունները, երկրորդ՝ սահմանազատում-սահմանագծումը, ըստ էության, չի էլ մեկնարկել, այսինքն՝ այդ բառերի տակ քողարկված էր Տավուշի պաշտպանական դիրքերի փլուզումը: Երրորդ՝ կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ համաձայնությունից ընդհանրապես հեռու ենք, ու մերթընդմերթ, օրինակ՝ նախորդ օրը Թուրքիայի նախագահի մակարդակով, լսում ենք հայտարարություն «Զանգեզուրի միջանցքի» մասով: Որևէ ուղղությամբ գեթ մեկ առաջընթաց չկա:
– Հիմա հայ-ադրբեջանական բանակցություններ ընթանո՞ւմ են, ըստ ձեզ, ինչպես պնդում է հայկական կողմը:
– Դրանք բանակցություններ չեն, շփումներ են: Ակնհայտորեն հիմա տարբեր մակարդակների շփումներ լինում են, ես դա բանակցություն չէի համարի: Ավելի շուտ, երևի քննարկում են, թե ադրբեջանական պահանջներն ինչպե՛ս կատարվեն: Տեղի ունեցածը կարելի է կոչել ադրբեջանական օրակարգի շուրջ մտքերի փոխանակում, բանակցություն անվանելը դրանք շռայլություն կլինի:
– Պարո՛ն Սուրենյանց, եթե ասում եք, որ այս իշխանությունն էլ շատ լավ գիտի, որ խաղաղությունից հեռու ենք ու, մոլորեցնելով հանրությանը, փորձում է քվե ստանալ, ենթադրենք՝ դա հաջողվում է, ու իրենք նորից են ընտրվում, բայց խաղաղություն չի լինում, ի՞նչ են ասելու հանրությանը:
– Շատ լավ հարց եք տվել, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ սա իշխանություն է, որն ունի զրո քաղաքական պատասխանատվություն ու զրո հաշվետվողականություն: 2021 թվականին առաջարկեց մի ծրագիր, իսկ հիմա բոլորովին այլ բան է անում: Մարդը, որ քրոնիկ ստախոսությամբ է տառապում, չի դժվարանա հերթական սուտը ներկայացնել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















