Հայաստանն այլևս ոչինչ պարտավոր չէ

2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունը նախատեսում էր հրադադարի հաստատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև մի շարք փոխադարձ պարտավորություններ։ Այդ հայտարարության 9-րդ կետում նշված էր․

«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»:

Այս դրույթը, ինչպես նաև դրա նախորդ կետերը, հիմնված էին այն ժամանակ գործող համակարգի վրա, որի առանցքային տարրերն էին՝ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության և պետական կառույցների ներկայությունը, Հայաստանի և Արցախի միջև կապը Լաչինի միջանցքով, որի անվտանգությունն ապահովվում էր Ադրբեջանի պարտավորությամբ և վերահսկվում էր ռուս խաղաղապահների միջոցով։

Ընդ որում՝ Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունների ներգրավումը որոշակի իրավական հիմք ուներ միայն այն համատեքստում, որ Հայաստանի պետական սահմանի մի շարք անցման կետերում (օրինակ՝ Մեղրի, «Զվարթնոց» օդանավակայան) ռուս սահմանապահներն արդեն իսկ գործառույթներ էին իրականացնում՝ համապատասխան միջպետական համաձայնագրերով։

2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառմամբ այդ ամբողջ համակարգը փաստացի վերացվեց։ Լաչինի միջանցքը դադարեց գործելուց, խաղաղապահները հեռացվեցին, իսկ Արցախի հայ բնակչությունը ենթարկվեց էթնիկ զտման և բռնի տեղահանման։ Այլ կերպ ասած՝ եռակողմ հայտարարության պայմանագրային հավասարակշռությունը միակողմանիորեն չեղարկվեց հենց Ադրբեջանի կողմից։

Վերջին շաբաթների հայտարարությունները՝ Սյունիքի ճանապարհի վերահսկողության հնարավոր փոխանցման վերաբերյալ, դուրս են ոչ միայն 2020 թ. հայտարարության իրավական տրամաբանությունից, այլ նաև հակասում են ՀՀ պետական ինքնիշխանության սահմանադրական սկզբունքներին։ Ոչ մի միջազգային կառույց, դաշնակից կամ գործընկեր չի կարող փոխարինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան վերահսկողությունը ՀՀ տարածքի և ճանապարհների վրա։

Իհարկե կանխատեսելի է միջազգային կենտրոնների ակտիվություն՝ Սյունիքի ճանապարհներին վերահսկողություն հաստատելու տարբեր առաջարկներով։ Տարածքը ռազմավարական նշանակության է, հատկապես՝ իսրայելա–իրանական վերջին լարվածության ֆոնին։ Սակայն այն հանգամանքը, որ տարբեր կողմեր ձգտում են ներգրավվել գործընթացում, որևէ պարտավորություն չի ստեղծում Հայաստանի համար։ Ոչ իրավական, ոչ բարոյական, ոչ ռազմաքաղաքական։

Հայաստանը որևէ իրավական պարտավորություն չունի ապահովելու իր կողմից չվերահսկվող կապ՝ ոչ Ադրբեջանի, ոչ էլ որևէ այլ երկրի համար։ Տվյալ ճանապարհի նկատմամբ վերահսկողությունը ենթակա չէ պատվիրակման կամ փոխանցման՝ անկախ ձևաչափից կամ նախաձեռնողից։ Ավելին, Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ուղու իրավազորությունն ամբողջությամբ պատկանում է Հայաստանի Հանրապետությանը՝ առանց որևէ միջազգային կամ երկկողմ սահմանափակման։

Իշխանությունների կողմից հնչեցվող բոլոր բացատրությունները, թե խոսքը նոր մեխանիզմի կամ ոչ լիարժեք վերահսկողության մասին է, պատկանում են քաղաքական ճամարտակության դաշտին։ Եթե Հայաստանի Հանրապետությունը ինքնուրույն չի վերահսկում Սյունիքի ճանապարհները, ապա դա ինքնիշխանության փաստացի կորուստ է՝ անկախ այն բանից, թե ինչպես է այն ներկայացվում կամ փաթեթավորվում։ Սյունիքի ճանապարհը Հայաստանի Հանրապետության տարածք է։ Իսկ այդ տարածքի վերահսկողությունը հանձնման ենթակա չէ։

Մարի Ներսեսյան

MediaLab.am