«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը
– Տիկի՛ն Կարապետյանց, հնարավոր ահաբեկչության փորձի գործով Քննչական կոմիտեն շարունակում է խուզարկություններ անցկացնել, կան ձերբակալվածներ, որոնք ՀՅԴ անդամ են, վերջիններիս կուսակիցները նշում են, որ այս ամենը ընդամենը ռեպրեսիաներ են, որ կատարվողն օրենքից դուրս է: Դուք ինչպե՞ս եք գնահատում տեղի ունեցողը:
– Մինչ այս պահը Քննչական կոմիտեի, Դատախազության ու մնացած բոլորի հրապարակած ընտրովի նյութերը ինձ հիմք չեն տալիս մտածելու, որ մենք գործ ենք ունեցել ահաբեկչության հետ: Դա շատ լուրջ մեղադրանք է, նման հայտարարություն, մեղադրանք չեն արվել անգամ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, մարտի 1-ի ժամանակ, երբ փաստացի կային այրված մեքենաներ, զոհեր:
Ես պնդում եմ, որ այն, ինչ մինչ այս պահը ներկայացվել է հասարակությանը, իրենք դրանցով չեն կարող հիմնավորել, թե ահաբեկչություն է պլանավորվել: Այս միտումը խիստ վտանգավոր է, որովհետև ես ենթադրում եմ, որ ցանկացած մեկը, որ տանն ունի օրինական զենք ու երբևէ համարձակվել է որևէ կոշտ գրառման տակ հավանության նշան դնել, վաղ առավոտյան գնալու են նրա տուն ու ահաբեկչության հոդվածով մեղադրանք առաջադրեն, սա անթույլատրելի գործընթաց է:
Ես պնդում եմ, որ ուզում եմ լսել ձայնագրության ամբողջական տարբերակը, ամբողջական կոնտեքստն ինձ համար շատ կարևոր է, որովհետև չի բացառվում, որ դրանից հետո կարող է հերքվել այն, ինչի մասին փորձում են ակնարկել իշխանությունն ու նրա կողմնակիցները:
– Ի՞նչ նպատակով է իշխանությունը փորձում ցույց տալ, որ ծրագրվել է ահաբեկչություն, որ իրենք, ինչպես ասում են, կանխել են երկրորդ հոկտեմբերի 27:
– Հոկտեմբերի 27-ի հետ աղերս չունեցող պրոցես է, ես հասկանում եմ, որ այս իշխանությունն ամեն անգամ փորձում է ինչ-որ համեմատությունների մեջ մտնել՝ ավելի լավը երևալու համար, որովհետև չունի սեփական ձեռքբերում ու արժանիք: Հաշվի առնելով, թե ինչպես էր հանրությունը վերաբերվում Դեմիրճյանին ու Վազգեն Սարգսյանին, իրենք փորձում են տեղավորվել դրա տակ:
Նպատակը շատ պարզ է՝ մարդկանց մեջ վախ սերմանել, որպեսզի որևէ մեկը չհամարձակվի ընդդիմանալ, խոսել: Կա վարկած, թե փորձում են չեզոքացնել քաղաքական հակառակորդների, բայց կարծում եմ, որ այն մարդիկ, որոնց արդեն կալանավորել են, չունեն քաղաքական այնպիսի կշիռ, որ կարողանան ինչ-որ պրոցեսներ գեներացնել, այդ մարդիկ տարբեր փուլերում ինչ-որ բաներ փորձել են ու չեն հաջողել, հետևաբար ինձ համար անհասկանալի է, թե որքանով են այդ մարդիկ քաղաքական հակառակորդներ:
Որ այդ մարդիկ կարող են ռուսական շահ ներկայացնել, ինձ համար դարձյալ փաստարկ չէ, իսկ այս պահին իշխանությունն ո՞ւմ շահերն է ներկայացնում, արդյոք Հայաստանի՞: Պետք է հասկանալ, թե իրականացվող գործողություններն արդյոք բխում են Հայաստանի՞ շահերից, թե՞ սրանք պահանջներ են երրորդ կողմից, որպեսզի Նիկոլ Փաշինյանն իր վերարտադրվելու հարցում անձամբ սատարում ստանա:
Ես կասկածներ ունեմ, որ այս ամենի հիմքում դա է դրված: Այսինքն՝ մի կողմից հասարակությանը վախի մեջ են պահում, մյուս կողմից՝ բավարարում այլ երկրների շահերը, որոնք բացահայտ հնչեցվում են Ադրբեջանի կողմից: Ակնհայտ է, որ այս ամենը պատվերի կատարում է զուտ մի պատճառով, որպեսզի Նիկոլ Փաշինյանին վերարտադրվելու երաշխիքներ տան:
– Տիկի՛ն Կարապետյանց, ասացիք, որ սա վտանգավոր միտում է, ովքե՞ր ու ինչպե՞ս պետք է կասեցնեն այդ միտումը:
– Հնարավոր կլիներ կասեցնել, եթե ունենայինք առողջ քաղաքական դաշտ ու քաղաքական ուժեր, որոնք հայտ կներկայացնեին և կունենային, օրինակ՝ արտահերթ ընտրություններ, բայց չունենք այդ քաղաքական ուժերը, որ սեփական ժողովրդին ներկայացնեն հստակ ծրագիր, որին կհետևի ժողովուրդը:
Պետք է կասեցներ քաղհասարակությունը, որը, ես պնդում եմ, մենք չունենք: Չունենք այնպիսի քաղհասարակություն, որ ունեինք մինչև 2018 թվականը, որովհետև մի մասը ներգրավված է պրոպագանդիստական գործունեության մեջ, մի մասն էլ լռում է, որովհետև վախենում է, որ այդ ամենն ազդեցություն է ունենալու իրենց ֆինանսավորման վրա, քանի որ դա դուր չի գա դոնորներին:
Շատ փոքր մասն է մնացել, որը շարունակում է խոսել, բայց դա շատ քիչ է ու չի կարող ծածկել այն ամբողջ դաշտը, որը զբաղեցրել են նիկոլականներն իրենց մեդիաներով, եթերներով:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















