«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը
– Տիկի՛ն Թովմասյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանը Կաթողիկոս չունի, թե «Կտրիճ Ներսիսյանի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ԿԳԲ-ի գործակալ է»։ Իրավական ու քաղաքական տեսանկյունից ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները։
– Ձեր վկայակոչած արտահայտությունները ո՛չ քաղաքական են, ո՛չ էլ իրավական. դրանք շրիշակից ցածր մակարդակի դատողություններ են, որոնց հիմքը ինտերնետում տարածված ինչ-որ տեղեկություններ են: Երբ Նիկոլ Փաշինյանը օգտագործում էր «ըստ օդում կախված լուրերի» նախաբանը և սկսում էր դրա հետևից շարել ամենազազրելի պատմությունները՝ իբրև տեղեկություններ, այն ժամանակ դեռ վարչապետ չէր և օբյեկտիվորեն չէր կարող ստացած ինֆորմացիան 100 տոկոսով զատել, ստուգել:
Հիմա ողջ երկրի իրավապահ համակարգը նրա ձեռքին է, ծառայում են նրան անձնվիրաբար, հեզաճկուն, ինչո՛ւ չի հանձնարարում պարզել՝ ո՛վ է գործակալ, և պատժել: Իսկ Կաթողիկոս չունենալու հայտարարությունը չեմ ուզում մեկնաբանել, ես Հայ Առաքելական Եկեղեցում մկրտված, քահանաների ճյուղից եմ սերված, ուղղակի կլռեմ՝ իմ աղոթքներով և առանց աղմուկի եկեղեցի այցելելով:
– ՔՊ պատգամավոր Լուսինե Բադալյանը ասել է, որ Փաշինյանը հանրությանը դեռ նախապատրաստում է, որ հետո նոր փաստեր ներկայացնի։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ փաստերի մասին է խոսքը, առաջիկայում ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել։
– Նիկոլ Փաշինյանը, իմ տպավորությամբ, կարոտել է լրագրությանը: Նա ամեն օր արթնանում է և մտածում, թե այսօր ինչ նոր սենսացիա պետք է հանրայնացնի: ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վարչապետի որևէ լիազորության մեջ չի մտնում Եկեղեցու ներքին գործերին խառնվելը կամ եկեղեցականների կյանքի, ինտիմ հարաբերությունների մասին «ուտեչկաների» բարձրաձայնումները: Նիկոլ Փաշինյանը ինչ էլ ասի, ինչ փաստեր էլ ներկայացնի՝ իրավիճակը չի փոխվելու: Նրա գնացած պատարագներին գնալու են նույն մարդիկ, Եկեղեցու շուրջ համախմբվածությունը մնալու է նույնը: Պարզապես՝ այդ օրը մի թեմա ավել քննարկելիք կունենան մարդիկ:
– Տիկի՛ն Թովմասյան, վստա՞հ եք, որ իշխանության կողմից փաստերի հրապարակումը ազդեցություն չի ունենալու Եկեղեցու նկատմամբ ունեցած հանրության վերաբերմունքի վրա։
– Որևէ փաստի հրապարակումը ոչինչ չի փոխի, քանի որ Կաթողիկոսի մասին ինչ գիտեր Նիկոլ Փաշինյանը, այս կամ այն կայքերում արդեն տարբեր ձևերով հրապարակայնացվել է, նոր ոչինչ չկա: Պարզապես սա նախընտրական ակցիա է. Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական Եկեղեցուն է դարձրել թիրախ, պայքարի օջախ է բացել և ուզում է հաղթել այդ պայքարում ընտրություններից առաջ: Քանի որ շատ համայնքներում ՔՊ-ն պարտվել է, 2026-ի հունիսին ընդառաջ Փաշինյանն ուզում է հաղթանակի իր չափաբաժնով մասնակցել, որ վերարտադրության իր հնարավորությունները մեծացնի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















