Քաղաքական որոշումը վաղուց կայացված էր, ՀԾԿՀ-ն ընդամենը փաթեթավորեց այն. Պիպոյանը՝ ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու որոշման մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը 

– Պարո՛ն Պիպոյան, օրեր շարունակվող քննարկումներից հետո Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց ՀԷՑ-ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան դադարեցնել: Ի՞նչ է սա ենթադրում, որո՞նք կարող են լինել այս որոշման հնարավոր հետևանքները:

– Իմ դիրքորոշումն այս ամենի հետ կապված ես արտահայտել էի լսումներից դեռ մեկ օր առաջ. ես Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատանքը մշտապես գնահատել եմ այն հարթության մեջ, որ նրանք ոչ թե սպառողների շահերից բխող որոշումներ են կայացնում, այլ այն կառույցն է, որը, կոպիտ ասած, ապահովում է քաղաքական որոշումների փաթեթավորումը: Կոնկրետ դեպքում պարզից պարզ էր, որ այդ քաղաքական որոշումը վաղուց էր կայացված, հետևաբար նրանց մնում էր ապահովել փաթեթավորումը, ու նրանք դա ապահովեցին ու իրավական ձևակերպումը տվեցին: 

Այն, որ գործընթացը դեռևս չի ավարտվել, դա պարզ է, որովհետև բոլոր նրանք, ովքեր հետևել են նիստերին, համոզվեցին, որ փաստաբանական թիմը քարը քարին չթողեց բոլոր այսպես կոչված հիմնավորումներից, որ բերվել էին ՀԷՑ-ին լիցենզիայից զրկելու համար, ու, որ ամենակարևորն է՝ այս գործընթացը թե՛ մեր դատական համակարգում, թե՛ միջազգային արբիտրաժներում քննվելու է, ու այն հակափաստարկները, որոնք բերում էին փաստաբանական թիմի փաստարկներին, բավականին թույլ էին, ավելին ասեմ՝ որոշ դեպքերում անգամ բացակայում էին, այստեղից հետևություն, որ Միջազգային արբիտրաժային դատարանում Հայաստանն ունենալու է խնդիր: 

Սպառողներին, իհարկե, շատ քիչ բան է հետաքրքրում այս հարցում, նրանց հետաքրքիր է, որ իրենք հոսանքը միացնեն, տեսնեն՝ լույս ունեն ու ամսվա վերջին քիչ գումար վճարեն: Այս որոշումից հետո ինչպե՞ս կկառավարվի ՀԷՑ-ը. կապված է հաջորդ կառավարումից, բայց կյանքի փորձը ցույց է տվել, օրինակ՝ պետությունը կառավարել է «Բարձրավոլտ էլեկտրացանցերը», այն ավելի վատ է զարգացել, քան՝ ՀԷՑ-ը: 

ՀԷՑ-ի մենեջմենթի հետ կապված որոշակի դրական միտումներ արձանագրվել են որոշակի փուլում, չնայած բազմաթիվ խնդիրների, հիմա ես չեմ բացառում, որ որոշակի ինստիտուցիոնալ հենք առկա լինի, որի հիման վրա հնարավոր լինի ժամանակավոր կառավարումը առանց խոչընդոտների իրականացնել, անգամ եթե լուրջ զարգացում չապահովվի, գոնե կառավարման ճգնաժամ չառաջանա: 

Այս իմաստով անշնորհակալ գործ է կանխատեսում անել՝ լա՞վ, թե՞ վատ կկառավարվի: Այստեղ կա այլ լրջագույն խնդիր. Հայաստանի ներդրումային միջավայրը, որն ուղիղ իմաստով այդքան էլ կապված չէ հոսանքի հետ, այնուամենայնիվ, եթե Արբիտրաժային դատարանը որոշում կայացրեց ի վնաս Հայաստանի, ապա ի վերջո Հայաստանի բյուջեից են վճարվելու այդ գումարները, իսկ դրանք այն գումարներն են, որոնցով հնարավոր է թոշակ բարձրացնել, հնարավոր է առողջության ապահովագրություն ներդնել՝ առանց լուրջ բեռ թողնելու քաղաքացու վրա և այլն: Այսինքն՝ այս գործընթացը շատ ավելի քիչ դրական բան է տալու, քան բացասական: 

Ավելին՝ նմանատիպ գործընթաց երբեք ու երբեք չէր մեկնարկի, եթե չլիներ քաղաքական գործոնը: Որևէ մեկը չի ասում, որ ՀԷՑ-ում խախտումներ չկան, բայց ՀԷՑ-ում խախտումների համար նախատեսված է վարչական պատասխանատվության մեխանիզմը, այսինքն՝ եղած խախտումներն այնպիսիք էին, որ պետք է վարչական պատասխանատվության ենթարկվեր: Շատ դեպքերում էմոցիոնալ ֆոնի վրա մենք չենք կարողանում մեր քաղաքացիներին ճիշտ բացատրել. որևէ մեկը չի ասում, որ խախտումը չպետք է արձանագրվի, ու դրա համար որևէ մեկը չպետք է պատասխանատվություն կրի: 

Քրեական օրենսգիրքը տարբեր հանցագործությունների համար տարբեր պատիժներ է, չէ՞, սահմանում։ Շատ վատ է, որ մենք գողություն անողին չենք բռնում ու պատժում, բայց եթե գողության համար ցմահ պատիժ տանք, ինչպես առանձնակի դաժանությամբ սպանություն կատարած անձին, ապա այդ ժամանակ պարզ կլինի, որ իրավաչափ չէր այն պատասխանատվությունը, որը մենք գողություն անելու համար սահմանեցինք: Այսինքն՝ մենք այստեղ չենք քննարկում, թե արդյոք գողություն անելու համար պե՞տք է պատիժ կիրառել, թե՞ չէ, քննարկում ենք, որ օրենքով սահմանված պատիժն է պետք կիրառել: Այսինքն՝ պետք է ոչ թե աչք փակել ՀԷՑ-ում խախտումների վրա, ինչը շատ դեպքերում արվում էր, այլ կոնկրետ խնդրի համար ՀԷՑ-ը պետք է ենթարկվեր օրենքով սահմանված պատասխանատվության: 

– Լիցենզիայից զրկումն ի՞նչ է ենթադրում:

– Ըստ էության կարելի է ասել՝ սեփականության իրավունքի փոխանցում, ՀԷՑ-ն այլևս կառավարում է բացառապես ժամանակավոր կառավարիչը, վերջ: 

– Պարո՛ն Պիպոյան, հիմա, եթե պետությունը հարմար գնորդ գտնի, կարո՞ղ է ՀԷՑ-ը վաճառել:

– Գործընթացը երկարատև է, ու բացի այդ՝ դրա համար կա Սահմանադրության համապատասխան հոդված, որը նախատեսում է դա, սա լրիվ այլ գործընթաց է ու չեմ կարծում, որ մեր սպառողներին իրավական ձևակերպումները հետաքրքիր են հատկապես այն կոնտեքստում, եթե հաշվի առնենք, որ սա թվացյալ ավարտն էր, որովհետև իրական գործընթացը տարբեր դատարաններով ու միջազգային արբիտրաժներով անցնելու է, իսկ թե ինչ կլինի այդ ժամանակ, չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց փաստաթղթային հիմնավորման տեսանկյունից շատ թույլ է: Այսպես ասեմ, եթե երկու ամիս կալանք ենթադրող արարքի համար ցմահ ես տալիս, ենթադրվում է, որ միջազգային դատարանում այդ որոշումը բեկանվելու է: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am