«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է նախկին պատգամավոր, «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու Արմեն Եղիազարյանը
– Պարո՛ն Եղիազարյան, նախօրեին իշխանական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը տեսաուղերձում արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիներին է դիմում, ասելով, որ եթե ընտրակաշառք են վերցրել, հենց օդանավակայանում կձերբակալվեն, քանի որ Հայաստանի իրավապահ մարմիները այդ ամենը բացահայտելու են: Ի՞նչ մեխանիզմներով են դա անելու իրավապահ համակարգի ներկայացուցիչները:
– Ես խիստ կասկածում եմ, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կամ Ներքին գործերի նախարարությունը դրսում կարող է նման ծավալուն օպերացիա իրականացնել ու ինչ-որ վերահսկողություն իրականացնել ամբողջ Ռուսաստանի տարածքով մեկ, դա ես աբսուրդի ժանրից եմ համարում: Նախ իրենք այդքան ռեսուրս չունեն, ոչ էլ այդ հնարավորություններն ունեն, մենք տեսել ենք, որ իրենք նույնիսկ ներքին խնդիրները չեն կարողանում վերահսկել, միայն ընդդիմադիրներին են կարողանում գաղտնալսել:
Այս մասով, ես համոզված եմ, որ սա զուտ մարդկանց վախեցնելու, վախի մթնոլորտում պահելու համար է, քանի որ ակնհայտ է, որ այսօր Հայաստանն օրենքից դուրս երկիր է, մեծ ապօրինություններ են տեղի ունենում, ու այս մասով իրենք ուղղակի վախեցնում են արտագնա աշխատանքի մեկնած մեր հայրենակիցներին, որ չգան ու չմասնակցեն ընտրություններին: Շանտաժի, տեռորի մթնոլորտ են ստեղծում ու այդ ամենով փորձում են կանխել դրսում գտնվող Հայաստանի քաղաքացիների մասնակցությունը ընտրություններին: Սա իհարկե նպատակ ունի ահաբեկել նաև Հայաստանում ապրող քաղաքացիներին:
– Վերջին օրերին «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներին իրավապահ մարմինները բերման են ենթարկում, հրապարակվում են գաղտնալսումներ՝ ընտրակաշառք տալու բովանդակությամբ: Իրավապահ մարմինների այս գործողություններն ինչպե՞ս եք գնահատում:
– Ակնհայտ է, որ այս բոլոր գործողությունների հիմքում քաղաքական միտումն է, այսպիսով փորձում են մարդկանց դեմոտիվացնել ու լռեցնել, որովհետև հնարավոր են համարում, որ կարող է իրենց ցանկալի արդյունքը չունենալ ընտրություններից հետո: Իրենք վախեցած են, վտանգ են զգում ու պատրաստ են ցանկացած քայլի՝ ընդհուպ ապօրինությունների, որպեսզի ամեն գնով կանխեն իրենց իշխանությունից հեռանալու գործընթացը:
Ընտրակաշառքի մասով ես կարող եմ հետևյալը ասել․ մենք տեսանք ընտրակաշառքի բաժանում իշխանության կողմից, երբ Փաշինյանը որոշեց, որ պետք է բարձրացնել կենսաթոշակները: Սա ակնհայտ նախընտրական կաշառք էր, ու ընտրակաշառք բաժանելը սկսվել է հենց իրենցից, այս մասով իրենք խոսելու բան չունեն:
– Իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ եթե ընդդիմությունը նման բան նկատեր, ապա փաստերը կներկայացներ իրավապահ մարմիններին, եթե չի անում, ուրեմն նման բան չկա: Ինչո՞ւ չեք դիմում իրավապահ մարմիններին, եթե փաստեր ունեք:
– Դրանք մանիպուլյատիվ հայտարարություններ են, որովհետև իրենք աշխատում են «թղթով ճիշտ է» տրամաբանությամբ, հետևաբար չկա նաև օրենքի խախտում, բայց ակնհայտ է, որ այդ ամենի տակ թաքնված էր ընտրակաշառքը: Երկրորդ՝ այնքան հարցեր են եղել, որ իրավապահ մարմինները գործը սկսել են, բայց այդպես էլ ավարտին չեն հասցրել, երբ այն վերաբերում է իշխանությանը: Այս առումով, ես կարծում եմ, որ դրա վրա ժամանակ ծախսելը անիմաստ կլինի, որովհետև ընդամենը մեկ ամիս է մնացել, ու այս կարճ ընթացքում շոշափելի արդյունքի չենք կարող հասնել: Այդ ամենը կարելի է ձեռնարկել հունիսի 8-ից հետո՝ անկախ ընտրության արդյունքներից:
– Պարո՛ն Եղիազարյան, հաջողվելո՞ւ է այդպիսով մարդկանց վախի մթնոլորտում պահել:
– Մասամբ հաջողելու են, որովհետև կան մարդիկ, որ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով կաշկանդվելու են, մենք տեսնում ենք, որ այսօր անգամ սոցցանցերում ինչ-որ քոնթենթ հավանելու համար մարդը կարող է զրկվել աշխատանքից: Այս ամենն արդեն փաստ է վաղուց ու ակնհայտ:
– Ասացիք, որ Հայաստանն այսօր օրենքից դուրս երկիր է, կարո՞ղ ենք ենթադրել, որ վստահություն չունեք արդարադատության համակարգի նկատմամբ:
– Այո՛, բազմաթիվ են դեպքերը, երբ մարդկանց առանց հիմքերի ձերբակալում են, օրերով պահում անազատության մեջ, հետո բաց թողնում: Սա ևս նպաստում է վախի մթնոլորտի ստեղծմանն ու պահպանմանը մեր երկրում: Չնայած այս ամենին՝ ես համոզված եմ, որ ընտրախցիկում մարդիկ ճիշտ ընտրություն են կատարելու՝ ընտրելով ընդդիմադիր քաղաքական ուժերից որևէ մեկին:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















