«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Տիգրան Քեյանը
– Պարո՛ն Քեյան, Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես է եկել առաջարկով, որ ում վարորդական իրավունքից զրկվելու 1 տարին լրացել է, առանց քննության իրավունք շնորհվի: Ոմանք այս առաջարկը համարում են սխալ, պատճառաբանելով, որ պետական մակարդակով խրախուսվում է հարբած մեքենա վարելը, ինչը վտանգավոր է երթևեկության մասնակիցների համար: Ձեր մասնագիտական գնահատականն ինչպիսի՞ն է այս առաջարկի վերաբերյալ:
- Վերջերս՝ մոտ երկու օր առաջ, այս հարցը քննարկվել ու մեր ֆեյսբուքյան հարթակում է դրվել, և մեծամասնությունը դեմ է եղել, որ նման համաներում լինի: Վարորդական իրավունքից զրկվելու մի քանի իրավական տեսակետ կա. շատ իրավաբաններ ասում են, որ եթե մարդը խմած երթևեկել է, ապա այդ մարդիկ արդեն մեկ տարի զրկված են երթևեկության մեջ գտնվելուց, դա արդեն իր պատիժն է, դրանից հետո նորից քննություն հանձնել, վարորդական իրավունք ստանալը նրանք համարում են կրկնակի պատիժ: Բայց ես չեմ կարող ասել, թե կոնկրետ առաջարկի պարագայում ինչպե՛ս են որոշելու, այսինքն՝ այդ զրկվածները ովքե՞ր են, խմածության հետևանքով զրկվելու մի քանի ձև կա, օրինակ՝ արագության գերազանցում, կարող ես վարորդականից զրկված լինել առանց պետհամարանիշի երթևեկելու դեպքում ու մի քանի այլ հոդվածներով: Ես չգիտեմ, թե այդ բոլոր բողոքող վարորդները խմածության հետևանքո՞վ են զրկվել վարորդական իրավունքից, թե՞ տարբեր հանգամանքներում:
Այս ամենը պետք է հասկանան, նոր փորձեն գնահատել, թե ինչպես պետք է այդ մարդկանց օգնել: Այն քաղաքացուն, որն խմածության հետևանքով առաջին անգամ չի զրկվել վարորդական իրավունքից, բայց նույն տարվա մեջ այդ խախտումը երկրորդ անգամ է արել, ապա նրան երրորդ շանս տալու իմաստը ո՞րն է: Հանգամանքները, թե միջոցառման եմ եղել, ես այդքան էլ հիմնավոր չեմ համարում, որ այդ հանգամանքները պետք է հաշվի առնվեն, բայց քանի որ այս առաջարկի վերաբերյալ որոշումը պետք է հանրային քննարկման արդյունքում կայացվի, թող քաղաքացիներն էլ որոշում կայացնեն: Ցանկացած համաներում վատ բան չէ, բայց դա պետք է այնպես լինի, որ համաչափություն լինի, որ ամեն անգամ չօգտվեն այդ համաներումից, դա առօրյա բան չդառնա:
Օրենքները պետք է այնպես լինեն, որ մարդիկ համաչափ պատժվեն, օրինակ՝ Գյումրու մաքսակետում, որտեղ մեքենաներ են մաքսազերծում, կա նաև ճանապարհային ոստիկանություն։ Հիմա, եթե մեքենադ գրանցելու համար երթևեկում ես մաքսակետից դեպի ճանապարհային ոստիկանություն մոտ 100 մետր, այդ ընթացքում փակցրած չես լինում մեքենայի տրանզիտ համարները, որը պետք է մեկ վայրկյան հետո պոկես, որ տանես ճանապարհային ոստիկանությունում պետական գրանցում անես, ճանապարհային ոստիկանությունը, որը հսկողություն է իրականացնում, այդ 100 մետրի համար մարդկանց կանգնեցնում ու առանց պետհամարանիշի երթևեկելու համար զրկում է վարորդական իրավունքից: Այսպիսի դեպքերը շատ-շատ են, բայց այդ մարդիկ վարորդական իրավունքից զրկվելու ենթակա մարդիկ չեն: Դրա համար եմ ասում, որ իրավիճակները տարբեր են, ու պետք է հասկանալ, թե կոնկրետ ո՛ր իրավիճակն են փորձում համաներեն, ու ի՛նչ շրջանակի մասին է խոսքը:
– Կա՞ հստակ վիճակագրություն, որին նաև դուք եք տիրապետում, թե ոչ սթափ վիճակում ղեկին նստելու հետևանքով որքան ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվում:
– Այստեղ խնդիրը ոչ թե հարբած ղեկին նստելու վիճակագրություն պետք է ունենանք, այլ՝ վթարի պատճառի վիճակագրությունը: Օրինակ՝ ես հարբած ղեկին եմ եղել, դուք եկել իմ մեքենային հետևից հարվածել եք, ես ի՞նչ մեղք ունեմ, հա, ես հարբած եմ եղել, բայց վթարի ստեղծողը ես չեմ եղել: Կարող են ունենալ վիճակագրություն սթափ ու ոչ սթափ լինելու վերաբերյալ, կարող են տոկոսներ ասել, բայց այդ տոկոսի քանի՞ տոկոսն է մեղավոր եղել վթարային իրավիճակի համար, այդ վիճակագրությունը չկա: Նման վիճակագրություն ոչ մեկը չունի՝ ո՛չ ճանապարհային ոստիկանությունը, ո՛չ էլ այլ գերատեսչություն, որ մենք էլ տիրապետենք այդ վիճակագրությանը: Բայց ասեմ նաև, որ ես կողմ չեմ ամեն անգամ՝ ընտրությունից ընտրություն, որոշակի համաներումներ իրականացնելուն, որովհետև երբ 2018-ին վարչական ակտի համաներում եղավ, ու Կառավարությունն էլ որոշեց, որ քաղաքացիները չպետք է լինեն, կոպիտ ասած, տուգանքի մատերիալ, բայց գնալով դարձանք տուգանքի մատերիալ:
Կրկնում եմ՝ այնպիսի խախտումներ կան, որ մարդիկ դրա համար չպետք տուգանվեն: Ինչո՞ւ իրենք չեն անդրադառնում առաքման ծառայություն մատուցող վարորդներին, ես այսօր շատ տնտեսվարողներ գիտեմ, որ վարորդ-առաքիչներ չեն կարողանում գործի ընդունել, որովհետև շատերը հրաժարվում են՝ ասելով, որ երկրորդ շարք կանգնելու համար իրենցից տուգանային միավորներ են դուրս գալիս, ու մեկ տարվա մեջ բոլորի վարորդական իրավունքը դուրս է գալիս, այդ մարդիկ չեն ուզում աշխատել այդ գործով: Այսպիսի խնդիրները պետք է ավելի շատ բարձրաձայնվեն ու լուծվեն:
Իսկ խմածության մասով կարող է համաներում արվել, հետո տեսնեն, թե երկրում ինչ իրավիճակ է առաջանալու, բայց ամեն տարի մեզ մոտ խմածության հետևանքով վարորդական իրավունքից զրկվելու թվաքանակը ավելանում է: Տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ ոչ սթափ վարելու դեպքերի նվազում չի նկատվում, այդ իսկ պատճառով իրենք պետք է մտածեն՝ կարելի՞ է այս դեպքում գնալ համաներման, թե՞ ոչ:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am

















