Քաղաքացիների մեծ մասը չի ուզում հրապարակավ տեսակետ արտահայտել, բայց քվեախցիկում իր ձայնը ազատորեն կտնօրինի. Աղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ԱԺ անկախ պատգամավոր, Միասնական ազգային սահմանադրական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը 

– Պարո՛ն Աղազարյան, նախընտրական քարոզարշավը մոտենում է ավարտին, և կխնդրեմ գնահատեք քարոզարշավի ընթացքը:

– Իմ գնահատմամբ՝ քարոզարշավի երկրորդ կեսն անցնում է ընդդիմադիր դաշտի ընդգծված առավելությամբ, որովհետև ընդդիմադիր քաղաքական ուժերը կարողացան դիմակայել իշխանությունների՝ երբեմն օրենքից դուրս, երբեմն ինչ-որ քաղաքակրթության սահմաններից դուրս քարոզարշավի տրամաբանությանը ու նույնիսկ որոշ դեպքերում օրակարգ թելադրել: Եթե առաջ ամեն օր իշխանությունն էր օրակարգ թելադրում, ապա երկրորդ կեսում ակնհայտ էր, որ ընդդիմությունը սկսեց օրակարգ թելադրել: 

– Ո՞ր դեպքերում է, որ ընդդիմությունը օրակարգ է թելադրել:

– Երբ «Ուժեղ Հայաստանը» ներկայացրեց «Սաֆարովների կանխարգելման» օրենքի նախագիծը, որը կյանքի կկոչեն, երբ իշխանության գան: Սա շատ լուրջ հարց է, իսկ երբ իշխանության շրջանակներում ասում են, թե այդպիսի թեմա չկա, երբեք չի քննարկվել և այլն, կարող ենք հավատալ, բայց որ այդ թեման օրակարգում չկա, այդպես չէ: Նիկոլ Փաշինյանը անցած տարեվերջին Եվրոպայից դիմեց Իլհամ Ալիևին, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները ձեռնպահ մնան «Արևմտյան Ադրբեջան» գաղափարից, մենք էլ՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից: 

Նիկոլ Փաշինյանն ամբողջ աշխարհի առաջ դիմեց Ալիևին այդ հարցով, բայց Ալիևը դրան չի արձագանքել, կարձագանքի ընտրություններից հետո, երբ Աստված չանի, հանկարծ Նիկոլ Փաշինյանը հաղթի: Հետևաբար այդ հարցը օրակարգում կա, սրան գումարած հունիսի 18-19-ը Օրդուբադում տեղի է ունենալու մեծ կոնֆերանս այդ հարցի վերաբերյալ, ու այդ կոնֆերանսը նամակով դիմելու է Հայաստանի իշխանությանը, հետևաբար չպետք է ասել, թե օրակարգում չկա, հետո մարդկանց փաստի առաջ կանգնեցնել: Այդ հարցի բարձրաձայնումը «Ուժեղ Հայաստանի» կողմից շատ թիրախային էր ու շատ մեծ ազդեցություն ունեցավ մարդկանց վրա: Շփվում ենք մարդկանց հետ ու զգում ենք, որ այդ թեմայի բարձրաձայնումից հետո շատերի մեջ տրամադրություն է փոխվել:

– Պարո՛ն Աղազարյան, երբ այս կամ նմանատիպ այլ թեմաների մասին բարձրաձայնվում է, իշխանություններն ասում են, որ «դուք Ադրբեջանի դեսպանն եք ու տարածում եք նրանց խոսույթը Հայաստանում»:

– Եթե, Աստված չանի, ՔՊ-ն մնա իշխանության, ու այդ հարցն ավելի լրջանա, ապա ասելու են, որ մենք հուշեցինք Ադրբեջանին, որ նման հարցով դիմի: Սա ուղղակի ծիծաղելի է:

– Քաղաքական ուժերի շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

-Համենայնդեպս իշխանությունները չեն հաղթում իմ տպավորությամբ, բայց, դե, պետք է սպասել քվեարկության արդյունքներին, որովհետև երկու դեպքում էլ խզումն ակնհայտ մեծ չէ: Ես, բնականաբար, չեմ բացառում ենթադրյալ ընտրակաշառքի այս դեպքերը, բայց մինչ այս ու սրանից հետո ստեղծվելիք ֆոնը նպատակ ունի ցանկալի արդյունք չստանալու պարագայում որոշակի քայլեր կատարելու:

– Ի՞նչ քայլեր:

– Օրինակ՝ ընտրությունների արդյունքները չճանաչելը: Ընդդիմությունը հաշվարկ ունի, որը ես կարծում եմ սխալ է, իրենք կարծում են, որ եթե ընտրություններից հետո իշխանությունները օրենքից դուրս ինչ-որ բան անեն, կարելի է հեղափոխական վիճակ ստեղծել, բայց դա չի լինելու, քիչ հավանական է, որովհետև այն պայմանական 100 հոգին, որ ձայն է տալիս այս կամ այն ընդդիմադիր ուժին, հաստատ այդ 100-ից երկուսը դուրս կգան փողոց: 

Միակ ելքը քվեարկությունն է, որը պետք է արձանագրի այն առավելությունը, որն ունի ընդդիմադիր դաշտը իշխանության նկատմամբ: Քաղաքացիների մեծ մասը չի ուզում հրապարակավ իր տեսակետն արտահայտել, իսկ քվեախցիկում, եթե վստահ լինի, որ իր ձայնը չեն վերահսկում, կտնօրինի այն ազատորեն, բայց այդ նույն քաղաքացին չգիտեմ թե որ դեպքում փողոց դուրս կգա, դա է խնդիրը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am