«Ընտրությունից հետո մեկնելու եմ Մոսկվա» Փաշինյանի հայտարարությունը դասական նախընտրական մանիպուլյացիա է. Տաթև Զորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀԱԿ-ի վարչության անդամ, քաղաքագետ Տաթև Զորյանը

– Տիկի՛ն Զորյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունից հետո մեկնելու է Ռուսաստան՝ Պուտինի հետ քննարկելու ստեղծված իրավիճակը։ Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ Փաշինյանը վստահ է, որ վերընտրվելու է կամ հանրությանն է վստահեցնում։

– Սա դասական նախընտրական մանիպուլյացիա է, որը միաժամանակ երկու նպատակ ունի։ Առաջինը՝ ներքին լսարանին, հատկապես տնտեսական վտանգներից մտահոգված ընտրողին, կեղծ վստահության ազդակ հղելն է, թե իրավիճակը վերահսկելի է, և ընտրություններից հետո մենք կարգավորելու ենք հարաբերությունները Մոսկվայի հետ։ Երկրորդը՝ սեփական վերարտադրության կանխավարկածը հանրության գիտակցության մեջ ներարկելն է, թե իբր իր հաղթանակն այլընտրանք չունի։

Սակայն իրականությունն այն է, որ քաղաքականության մեջ հարաբերությունները չեն կարգավորվում պարզապես հանդիպումների փաստով։ Ռուսաստանը՝ որպես գերտերություն, հաշվի է նստում ոչ թե հայտարարությունների, այլ գետնի վրա առկա իրողությունների և կոնկրետ ստանձնած հանձնառությունների հետ։ Ուստի սա ոչ թե վստահության նշան է, այլ նախընտրական շոուի բաղադրիչ։

– Հայ-ռուսական հարաբերություններն ինչպե՞ս կգնահատեք, չնայած իշխանականների վստահեցմանը, թե ամեն բան կարգին է, բայց հողի վրա այլ պատկեր ենք տեսնում:

 ։

– Իշխանական թեզերը, թե «ամեն ինչ կարգին է», բացարձակապես կապ չունեն իրականության հետ։ Հայ-ռուսական հարաբերություններն այսօր գտնվում են իրենց պատմական ամենացածր և ճգնաժամային կետում։ Մենք գործ ունենք համակարգային անվստահության հետ։ Երբ երկրի ղեկավարությունը մի կողմից Մարկ Ռուբիոյի այցի ընթացքում ստորագրում է TRIPP նախագծի տակ և Հայաստանը դիտարկում է որպես արևմտյան էներգետիկ միջանցք, որի բուն նպատակը Ռուսաստանին ու Իրանին տարածաշրջանից մեկուսացնելն է, իսկ մյուս կողմից հայտարարում, թե հարաբերությունները դաշնակցային են, դա քաղաքական երկերեսանություն է։ Այսօր հարաբերությունները պահպանվում են բացառապես տնտեսական իներցիայի և Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող էժան գազի գործոնի շնորհիվ, սակայն քաղաքական և անվտանգային առումով դրանք մաշված են։

– Տիկի՛ն Զորյան, եթե այնուամենայնիվ ՔՊ-ն վերընտրվի, ապա հայ-ռուսական հարաբերություններն ի՞նչ ընթացք կստանան։

– ՔՊ-ի վերընտրվելու դեպքում հայ-ռուսական հարաբերությունները կմտնեն վերջնական կոլապսի և տնտեսական պատժամիջոցների փուլ։ Մոսկվան այլևս որևէ հիմք չի ունենա հանդուրժելու մի վարչախմբի, որն ունի ԱՄՆ նախագահի բացահայտ աջակցությունը և պաշտոնապես ներգրավված է Արևմուտք-Արևելք հակառուսական լոգիստիկ նախագծերում։ 

Առաջին հարվածը լինելու է տնտեսական. Ռուսաստանը կչեղարկի գազի սակագնային արտոնությունը (150 դոլարը) և Հայաստանի համար կսահմանի շուկայական գին, ինչը կբերի էլեկտրաէներգիայի, տրանսպորտի և առաջին անհրաժեշտության ապրանքների թռիչքաձև թանկացման։ Դրան կհաջորդեն Լարսի անցակետի «տեխնիկական» խնդիրները, ինչը կաթվածահար կանի հայկական արտահանումը։ ՔՊ-ի վերընտրությունը նշանակում է Հայաստանը վերածել աշխարհաքաղաքական գերհզոր բախման թատերաբեմի, որի տնտեսական և անվտանգային գինը վճարելու է հայաստանցին։

– Գործող իշխանությունը ԵՄ գնա՞լ, թե՞ ԵԱՏՄ-ում մնալ է ուզում իրականում։

– Գործող իշխանությունը չունի որևէ հստակ ռազմավարական տեսլական կամ հայեցակարգ ո՛չ ԵՄ-ի, ո՛չ ԵԱՏՄ-ի մասով։ Նրանց արտաքին քաղաքականությունը պայմանավորված է բացառապես սեփական իշխանությունը պահելու տակտիկական խնդրով։ ՔՊ-ն հրաշալի հասկանում է, որ Հայաստանի տնտեսությունը 90%-ով կախված է ԵԱՏՄ շուկայից և ռուսական էներգակիրներից, ուստի տնտեսապես չեն կարող դուրս գալ այդ համակարգից։

Սակայն քաղաքական թիկունք ունենալու և ներքին լսարանին եվրոպական պատրանքներով կերակրելու համար նրանք վարում են արևմտամետ հռետորաբանություն։ Սա «երկու աթոռի վրա նստելու» կործանարար քաղաքականություն է, որն Արևմուտքում ընկալվում է որպես անհետևողականություն, իսկ Ռուսաստանում՝ որպես դավաճանություն։ Իրականում նրանք ոչ թե ԵՄ կամ ԵԱՏՄ են ուզում գնալ, այլ փորձում են Հայաստանի սուվերենությունը քիչ-քիչ ծախելով՝ երկարաձգել սեփական վարչախմբի կյանքը։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am