Ոչ միայն տեսական, այլև գործնական. քաղաքացիական ակտիվությունը` UAct-ULive-OST դասընթացի շրջանակներում

Ոչ միայն տեսական, այլև գործնական. քաղաքացիական ակտիվությունը` UAct-ULive-OST դասընթացի շրջանակներում
Ոչ միայն տեսական, այլև գործնական. քաղաքացիական ակտիվությունը` UAct-ULive-OST դասընթացի շրջանակներում

40 երիտասարդներ` «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի և հարևան 10 երկրներից օրերս Ծաղկաձորում քննարկում էին հասարակության մեջ քաղաքացիական մասնակցության, ակտիվության և այլ կարևոր ու արդիական խնդիրներ` UAct-ULive-Open Space Technology (OST ) ուսուցողական դասընթացի շրջանակներում:
Ծրագրի նպատակն էր տարածել OST-ը և Շվեդիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Թուրքիայի, Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի երիտասարդներին ներկայացնել դրա կիրառման արդյունավետությունն ու հնարավորությունները: Այն ուղղված էր մասնակիցների շրջանում քաղաքացիական մասնակցության, մարդու իրավունքների և հավասար հնարավորությունների մասին իրազեկման բարձրացմանը:

Այն ֆինանսավորվել էր Եվրամիության կողմից` «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի շրջանակում` Young Professionals Caucasus-ի (Շվեդիա) և «ԱրմԷկտիվ երիտասարդական կենտրոնի» (Հայաստան) նախաձեռնությամբ:

«Օփեն սփեյսը յուրահատուկ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս նույնիսկ իրար հետ որևէ ընդհանրություն չունեցող մարդկանց քննարկելու և զարգացնել նորարարական գաղափարներ: Հիմքում ոչ միայն քննարկումներն են, այլ նաև հետագա որոշակի քայլերի պլանավորումը»,- «Մեդիալաբին» ասում է «ԱրմԷկտիվ-երիտասարդական կենտրոն» ՀԿ նախագահ, ծրագրի համակազմակերպիչ Քրիստինե Ասատրյանը:

Նա նշում է, որ շատերը քաղաքականությունն ու քաղաքացիական ակտիվությունը կապում են միմյանց, այն դեպքում, երբ «քաղաքացիական ակտիվությունը կարող է ընդհանրապես կապ չունենալ քաղաքականության հետ»:

«Քաղաքացիական ակտիվության հիմքում կարող են ընկած լինել գենդերային հավասարության հարցեր, մշակութային, կարծրատիպերի դեմ տարվող ակցիաներ, բռնության դեմ պայքար և այլն»,- ասում է Ասատրյանը:

Միջոցառման կազմակերպիչները նշում են, որ UAct-ULive դասընթացը ոչ միայն տեսական է` հիմնված քննարկումների վրա, այլև գործնականում հնարավորություն է ընձեռում քաղաքացիապես ակտիվ անձանց իրենց ներդրումն ունենալ և ուժերը փորձել իրական կյանքում:

© Medialab.am