«Իրանցին առաջին տարին Հայաստան գալուց հետո հազվադեպ է վերադառնում հայաստանցիների վերաբերմունքի պատճառով». Նովրուզը`Հայաստանում

«Իրանցին առաջին տարին Հայաստան գալուց հետո հազվադեպ է վերադառնում հայաստանցիների վերաբերմունքի պատճառով». Նովրուզը`Հայաստանում
«Իրանցին առաջին տարին Հայաստան գալուց հետո հազվադեպ է վերադառնում հայաստանցիների վերաբերմունքի պատճառով». Նովրուզը`Հայաստանում

Երեւանի փողոցներում, սրճարաններում, սուպերմարկետներում եւ անգամ երթուղային տաքսիներում գլխաշորով կանանց եւ նորաձեւ երիտասարդների ներկայությունը վկայում է այն մասին որ իրանցի զբոսաշրջիկների այցելության ավանդական դարձած սեզոնն արդեն մեկնարկել է:
Այս տարի սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, մայրաքաղաքի փողոցներում հանդիպող իրանցիներն ավելի քիչ են: Մասնագետները պնդում են, թե տնտեսությունն է մեղավոր: Իրանում ստեղծված պայմաններն այս առումով այնքան էլ խոստումնալից չեն:

«Արտարժույթի` իրանական դրամական միավորի փոխարժեքը, 2011 թվականի համեմատ զգալիորեն անկում է ապրել, ինչն էապես բացասական ազդեցություն է ունենում այդ երկրի արտագնա զբոսաշրջության համար: Իրանից ցանկացած ուղղությամբ արտագնա զբոսաշրջությունը զգալի անկում է ապրում: Այն բոլոր երկրների ներգնա զբոսաշրջությունը, որոնց համար Իրանը որպես զբոսաշրջային շուկա է դիտարկվում, այս պատճառով այնքան էլ լավ ցուցանիշ չի կարող ունենալ»,- «Մեդիալաբին» ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

2009, 2010 և 2011 թվականներին իրանցի զբոսաշրջիկների Հայաստան կատարած այցելությունները դինամիկ աճ են արձանագրել ՝ համապատասխանաբար 20, 30 և 40 տոկոսով: Միայն 2009-ին մոտ 87 հազար Իրանի քաղաքացի է հատել ՀՀ սահմանը, 2010-ին այս ցուցանիշը հասել է 120, իսկ 2011-ին` 134 հազարի: Արդեն 2012 թվականին վերը նշված պատճառով իրանցի զբոսաշրջիկների հոսքը համեմատաբար նվազել է՝ հասնելով շուրջ 90 հազարի: Իսկ Նովրուզի օրերին, մասնավորապես, 2012 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա համեմատ, զգալի անկում է նկատվել: Եթե 2011-ին Նովրուզը Հայաստանում տոնելու է եկել 25 հազար իրանցի, ապա 2012-ին այդ թիվը կազմել է 15 հազար:

Ապրեսյանի խոսքով` թեև այս տարվա հունվարի ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ավելի քիչ են, բայց էական անկում չեն արձանագրել, ինչը հույս է ներշնչում, որ այս տարվա ընթացքում գոնե անցյալ տարվա ցուցանիշը կպահպանվի: Ըստ մասնագետի` կանխատեսումներ և դատողություններ կարող են անել միայն այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշներն ունենալուց հետո, որովհետև իրանական շուկան այնպիսի զարգացում է ապրել, որ իրանցիները Հայաստան են գալիս ոչ միայն Նովրուզի շրջանում, այլև ողջ տարվա ընթացքում:

Օրինակ` Մանսուրե Մահրոմիոն այս օրերին Հայաստան է ժամանել ոչ թե հատուկ Նովրուզը տոնելու, այլ ԱՄՆ մեկնելու համար Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան հետ իր գործերը կարգավորելու նպատակով: Նա ասում է, որ տուրիստական ընկերության միջոցով Հայաստան ժամանելը իրանցիների գրպանիհամար մատչելի չէ, Երևան է եկել ավտոբուսով, առաջին անգամ է Հայաստանում և դեռ չգիտի` որքա´ն կմնա այստեղ, ամեն ինչ կախված է գործերի ընթացքից:

Սակայն, այս օրերին Հայաստանը որպես զբոսաշրջության վայր ընտրած իրանցիների հիմնական նպատակը Նովրուզը լիարժեք զվարճանքներով նշելն է, ինչից զրկված են հարեւան երկրի բնակիչները:

«Հայաստան ենք եկել Նովրուզը նշելու: Այն մեր գլխավոր տոնն է, պետք է ուրախանանք, որ տարին այդպես էլ շարունակվի: Հայաստանը մեր հարևան երկիրն է, և գործում է դյուրացած վիզային ռեժիմ»,- «Մեդիալաբին» ասում է իրանցի զբոսաշրջիկ Սաիդ Ազադին: Նա Հայաստան է եկել ընտանիքի հետ: Արդեն երկրորդ տարին է` Նովրուզը Հայաստանում են նշում: Ասում է՝ երկիրը հյուրընկալ է, մարդիկ լավն են: Այցելում են զվարճանքի վայրեր, զբոսնում քաղաքում, նաև մասնակցում իրանցի աստղերի համերգներին, որոնք սակայն, նրա խոսքով, այս տարի քիչ են:

Մեկ այլ զբոսաշրջիկ` Թեհրանի համալսարանի դեղագործության ֆակուլտետի ուսանողուհի Մանե Բարքենդին պատմում է, որ հաջորդ օրը հրաժեշտ կտա Հայաստանին: Եկել է Նովրուզն ընկերների հետ նշելու: Արդեն հինգ օր է, Հայաստանում են, եղել են տեսարժան վայրերում, Սևանում և, իհարկե, մայրաքաղաքի զվարճանքի վայրերում: «Ձեր երկիրը լավն է, բայց մերն ամենալավն է»,- անկեղծանում է նա, իսկ հարցին, թե արդյոք նորից կգա՞ Հայաստան, դժվարանում է միանշանակ պատասխանել:

Ընկերների հետ իջևանել է միջին դասի հյուրանոցում, հինգ օրվա համար յուրաքանչյուրը վճարել են 300-ական դոլար, իսկ թե որքա´ն գումար են հատկացրել զվարճանքի վայրերին, գաղտնիք է:

Հայաստան եկող իրանցիներն իջևանում են ինչպես հյուրանոցներում, այնպես էլ՝ վարձու բնակարաններում: Սա արդեն կախված է նրանց նյութական վիճակից, հնարավորություններից և ճաշակից: Մանսուրեն, օրինակ, մեկ օրվա համար հյուրանոցին վճարում է 60 դոլար: Հյուրանոցային ծառայությունը թանկ է համարում: Ասում է, որ իրանական ռիալի տատանումների պատճառով իր հայրենակիցների համար Հայաստանը թանկ երկիր է դարձել:

Ապրեսյանը չի կարծում, որ իրանցի զբոսաշրջիկների ներհոսքի նվազման վրա կարող է ազդեցություն թողնել հյուրանոցային շուկայի կամ ընդհանրապես սպասարկման ոլորտի գների բարձրացումը :

«Դա ասում են, բայց դրա ազդեցությունն այդքան շատ չի լինի: Խնդիրը հիմնականում այն է, որ Իրանից արտագնա զբոսաշրջությունն է ընդհանուր անկում ապրում: Գների էական բարձրացումներ լինում են այն դեպքում, երբ հյուրանոցներում ընդհանրապես տեղ չի լինում: Այդպես լինում է շատ պիկ սեզոններին, իսկ լուրջ թանկացումներ, որի համար չգան, չեմ կարծում, որ կան, որովհետև նույնն ասում էին ամեն տարի, նույն այդ 2009-ին, 2010-ին, 2011-ին, բայց գնալով զբոսաշրջիկների թիվն ավելանում էր»,- նշում է նա:

Էկոնոմիկայի նախարարության իրականացրած ուսումնասիրությունների համաձայն` մեկ վիճակագրական իրանցի զբոսաշրջիկն իր մեկ այցելության շրջանում Հայաստանում միջինը ծախսում է մոտ 1000 դոլար:

Իրանցիների 70 տոկոսը Հայաստան է այցելում ընտանիքներով: Հայաստանում հանգստանալու օրերին, Մեխակ Ապրեսյանի խոսքով, իրանցիներն այցելում են թե´ զվարճանքի վայրեր, թե´ պատմամշակութային օջախներ:

«Նրանցից ստացված ուրախալի բողոքներն են, թե ինչո´ւ, օրինակ, պատմամշակութային վայրերում ցուցանակները միայն անգլերեն և հայերեն են, պարսկերեն չկան: Մենք մեր գործընկերների հետ համագործակցելով` նրանց համար այդպիսի ծանուցողական թերթիկներ պատրաստեցինք և ցանկացողին տրամադրում ենք»,- «Մեդիալաբին» ասում է նա:

Իրանցի Շահին Ռեզային արդեն չորս տարի է, ապրում և աշխատում է Հայաստանում գործող իրանական «Սարաֆի Իրանիան» տուրիստական և ապահովագրական ընկերությունում:

Այս ընկերությունը ծառայություններ է մատուցում իրանցիներին: Շահինն ասում է, որ նախորդ տարիների համեմատ իրանցիների հոսքը շատ է նվազել: Եթե երկու տարի առաջ պիկ սեզոնին Իրանից Հայաստան էր ժամանում օրական 6-10 ավտոբուս, այս տարի ընդամենը երկու: Նա ևս պատճառների շարքում նշում է տնտեսական գործոնը:

Սրա հետ մեկտեղ Շահին Ռեզային «Մեդիալաբին» ասում է. «Իրանցին առաջին տարին Հայաստան գալուց հետո հազվադեպ է վերադառնում հայաստանցիների վերաբերմունքի պատճառով: Երբ ես պարսկական թումանը դնում եմ փոխանակման կետում, աշխատողն ասում է՝ այդ թումանը զիբիլ է: Դրանից հետո ես էլ չեմ գա Հայաստան: Նա դա կարող է անել ավելի քաղաքակիրթ ձևով, կարող է ասել, որ ուղղակի արժեք չունի»:

Շահին Ռեզային ասում է, որ Հայաստանում իրանցիներին չեն ժպտում: «Երբ մտնում ես խանութ, սրճարան, ուզում ես, որ քեզ ժպտան, բայց, հոնքերը կիտած, ասում են՝ ի՞նչ ես ուզում»: Հայաստանցիների վերաբերմունքն է պատճառը, որ իրանցի աստղերի համերգները նախորդ տարիների համեմատ Երևանում քիչ են կազմակերպվում: Շահինն ասում է, որ նրանք նախընտրում են մեկնել Վրաստան կամ Թուրքիա, իրանցիներն էլ այնտեղ են գնում նրանց լսելու:

Medialab.am