«2020 թվականը այն կետն է լինելու, որն այլևս ամրագրելու է ժողովրդավարական ու իրավական պետության վերականգնման անդարձելիությունը». Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը

– Պարո՛ն Սաքունց, եթե ամփոփենք 2019 թվականը, ինչպիսի՞ն էր այն մարդու իրավունքների խախտումների տեսանկյունից։

– Նախ ես կարծում եմ, որ եթե անգամ մեկ մարդու իրավունք է խախտվում, ուրեմն համակարգն ունի խնդիր։ Ե՛վ ոստիկանության բաժիններում բռնությունների դեպքերը, և՛ քրեակատարողական հիմնարկներում մահացության դեպքերը, ավելին, քրեակատարողական հիմնարկներում վերաբերմունքի վերաբերյալ բողոքների բացակայությունը փաստում են, որ կա խնդիր։

Մենք չենք տեսնում, որ, օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներում մարդիկ ազատ են, չեն վախենում բարձրաձայնել իրենց իրավունքների խախտումների մասին։ Ես կարող եմ ասել, որ արմատական փոփոխության մասին խոսել հնարավոր չէ։ Միակ երաշխիքն այն է, որ հատկապես դատաիրավական մարմինների, այսպես կոչված, «բեսպրեդելի» ընկալումը կասեցված է։

Դրա երաշխիք է հանդիսանում քաղաքական իշխանության դիրքորոշումը։ Բայց դա չի կարող համարվել ինստիտուցիոնալ երաշխիք, որի հիման վրա մենք կարող ենք խոսել մարդու իրավունքների խախտումների կանխման ինստիտուցիոնալ և օրենսդրական երաշխիքների մասին։

Իհարկե, ընդունվել են կարևոր փաստաթղթեր, որոնք բովանդակությամբ արմատապես տարբերվում են, և անիմաստ է համեմատել մինչ հեղափոխությունը եղած իրավիճակի հետ։ Բայց շատ ավելի կարևոր է, որ այդ փաստաթղթերում ամրագրված մոտեցումները լիովին համապատասխանում են մարդու իրավունքների և արժանապատվության նկատմամբ հարգանքի սկզբունքին։

Ես նկատի ունեմ Մարդու իրավունքների ռազմավարությունը, Դատաիրավական բարեփոխումների, Հակակոռուպցիոն ռազմավարությունները, Քրեակատարողական համակարգում ռազմավարության նախագիծը, ոստիկանության բարեփոխումների հայեցակարգը, որը սպասվում է հաջորդ տարի։ Ռազմավարական ծրագրերի և օրենսդրական փոփոխությունների ամբողջ տրամաբանությունն ուղղված է ոչ թե մարդու իրավունքների խախտմանը, այլ խախտումների կանխարգելմանն ու վերացմանը օրենսդրական մակարդակով։

Բայց պրակտիկայի տեսանկյունից դեռևս անհրաժեշտ քայլերը չեն արվել։ Ես նկատի ունեմ նույն ԱԱԾ-ն, ոստիկանությունը, դատախազությունը, քննչական մարմինները, քրեակատարողական հիմնարկները, զինված ուժերը։ Ինչո՞ւ այդ քայլերը չեն արվել, որովհետև նախ՝ օրենսդրական կարգավորումները չեն փոխվել։

Այս կառույցները, պայմանավորված քաղաքական իշխանության մոտեցմամբ, գտնվում են զսպվածության ռեժիմում, բայց ոչ թե գիտակցված գործելու վիճակում։ Եվ այստեղ, իհարկե, մենք գտնվում ենք տիպիկ անցումային մի հատվածում, որում նախորդների քաղաքական ղեկավարումը վերացել է, և, դրանով պայմանավորված՝ այդ մարմիններն այլևս չեն օգտագործվում պետության զավթման նպատակով, բայց միաժամանակ չեն ձևավորվել ժողովրդավարական և իրավական պետության պահանջներին համապատասխան մարմիններ։

Այսինքն՝ գտնվում ենք մի անցման վիճակում, որում բավական խոցելի են թե՛ մարմինները, թե՛ նաև քաղաքացիները։ Այսինքն՝ վարքագծի կանխատեսելիությունը երաշխավորող ինստիտուցիոնալ փոփոխություններ դեռևս չեն կատարվել։

– Նախորդ մեկուկես տարին բավակա՞ն չէր այդ խնդիրները լուծելու համար։

– Եթե ռեալ ենք գնահատում, մեկ տարի է, որովհետև նախորդ տարվա դեկտեմբերին է խորհրդարանը ձևավորվել։ Այս մեկ տարվա ընթացքում կես տարին կորցվեց, ես նկատի ունեմ՝ մինչև մայիս ընկած ժամանակահատվածը։ Ինչ արվել է՝ արվել է վերջին կես տարվա ընթացքում։

Ես կարող եմ ասել, որ առնվազն հինգ-վեց ամիս ուշացրել են համակարգային այդ փոփոխություններին ուղղված ջանքերը։ Բայց կան հարցեր, օրինակ՝ նույն ոստիկանության, ԱԱԾ-ի, քննչական մարմինների ապագան դեռևս հստակեցված չէ։ Այսինքն՝ ինչպիսի՞ն են տեսնում Ազգային անվտանգության ծառայությունը, ոստիկանությունը, դատախազությունը, քննչական մարմինները ժողովրդավարական պետությունում։

– Ի՞նչն է պատճառը, որ հապաղել են, ինչպես դուք եք ասում՝ հինգ-վեց ամիս ուշացրել են բարեփոխումները։

– Պետական կառավարման համակարգի ամբողջական պատկերացումը՝ ժողովրդավարական և իրավական պետության վերաբերյալ, դեռևս ամբողջացված չէ, ձևավորված չէ։ Եվ այստեղ էլ մենք ունենք խնդիր։ Բայց, կրկնում եմ, կարևոր է ձգտումը։

Հետաքրքիրն այն է, որ իշխանությունների այդ հինգ-վեց ամսվա ուշացումը նպաստել ու պարարտ հող է տվել տարատեսակ մանիպուլյացիաների ու շահարկումների, որոնց հեղինակները փորձում են հանդես գալ որպես համակարգային ու արմատական փոփոխությունների կասեցնողներ կամ խոչընդոտողներ։ Այսինքն՝ եթե դու դանդաղում ես, ապա նպաստում ես, որ փոփոխությունների կատարման դեմ շահագրգռվածները փաստարկներ ունենան՝ խոչընդոտելու։

Չնայած խոշոր հաշվով չեն կարողանալու խոչընդոտել, բայց դժվարացնելու ճիգեր անում են։ Եվ ես կարծում եմ, որ իրապես 2020 թվականը կլինի արմատական բեկման տարի։ Այսինքն՝ անցած մեկ տարին իր բոլոր թերություններով ու դրական կողմերով լավ դաս էր իշխանության համար, թե ի՛նչ պետք է անել, ինչո՛ւ պետք է անել և ինչո՛ւ չպետք է հապաղել։

2020 թվականը, իմ համոզմամբ, այն կետն է լինելու, որն այլևս ամրագրելու է ժողովրդավարական ու իրավական պետության վերականգնման անդարձելիությունը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am