Հասարակական հնչեղության արդյունքները.Զարուհի Պետրոսյանին մահվան հասցրած Յանիս Սարկիսովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Հասարակական հնչեղության արդյունքները.Զարուհի Պետրոսյանին մահվան հասցրած Յանիս Սարկիսովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման
Հասարակական հնչեղության արդյունքները.Զարուհի Պետրոսյանին մահվան հասցրած Յանիս Սարկիսովը դատապարտվեց 10 տարվա ազատազրկման

Հասարակական մեծ հնչեղություն ստացած Զարուհի Պետրոսյանի գործով այսօր վճիռ է կայացվել: 20-ամյա Զարուհի Պետրոսյանին դաժանաբար ծեծելով մահվան հասցնելու մեջ մեղադրվող ամուսինը` Յանիս Սարկիսովը Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի կողմից մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 10 տարվա ազատազրկման:

Հիշեցնենք, որ երկկողմանի ծնողազուրկ Զարուհի Պետրոսյանը, որը մեկ ու կես տարեկան երեխայի մայր էր, մահացավ անցյալ տարի հոկտեմբերի 1-ին` ենթարկվելով դաժան ծեծի ամուսնու և սկեսրոջ կողմից:

Քրոջ հետ կատարվածի մասին չվախեցավ բարձրաձայնել Զարուհու քույրը` Հայաստան Պետրոսյանը, որից հետո էլ բարձրացած հասարակական մեծ աղմուկը այս գործի շուրջ հասարակությանը մեկ տարի շարունակ պահում էր լարվածության մեջ:

Թեեւ տարբեր ՀԿ-ներ պարբերաբար ահազանգ են հնչեցնում Հայաստանում կանանց հանդեպ կիրառվող բռնությունների մասին, սակայն Զարուհի Պետրոսյանի սպանության գործի նման ընթացքը, ու Սարկիսովի պատժի նման չափը իրավապաշտպանները նաեւ կապում են կոնկրետ այս դեպքի հասարակական մեծ հնչեղության հետ:

Չի բացառվում, որ պատժի չափին նպաստել է նաեւ Պետրոսյանի մահվանից հետո Հայաստանում մի քանի տասնյակ իրավապաշտպանների, ինչպես նաեւ Հայաստանի ամենատարբեր քաղաքացիների կողմից չլռող բողոքի ակցիաներն ու դեպքի մասին բոլոր հնարավոր միջոցներով բարձրաձայնելը:

Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանի մահվանից հետո 7 հասարակական կազմակերպությունների («Կանանց իրավունքների կենտրոնը», «Հասարակություն առանց բռնության»-ը, «Կանանց ռեսուրսային կենտրոնը», Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոնը», «PINK Armenia»-ն, «Զանգակատունը» եւ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը) կողմից ստեղծվել էր կոալիցիա, որի նպատակը այս դեպքին հասարակական հնչեղություն տալն էր եւ քրեական արդար գործի ընթացքին հետամուտ լինելը:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը «Մեդիալաբի» հետ զրույցում նշում է, որ չի բացառվում, որ եթե այդ աղմուկը չլիներ, ապա դատավորը գուցե էլ ավելի մեղմ պատիժ կսահմաներ:

«Որովհետեւ մեզ մոտ այդ ներընտանեկան բռնությունների հետ կապված որոշակի կարծրատիպեր կան, որ դա ընտանիքի ներսում է տեղի ունեցել, որ դա հանրային նշանակություն չունի եւ մոտեցումը նույն ձեւով չէ, ինչպես սովորական սպանությունների դեպքում: Եթե այդ դեպքը դրսում լիներ, այդ դեպքում մոտեցումն այլ կլիներ»,- ասում է Սաքունցը:

Ու չնայած աղմուկն ազդել է դատավճռի որոշակի խստության չափի վրա, սակայն, ըստ իրավապաշտպանի, դատարանի մոտեցումը ճիշտ չէր. Սաքունցի խոսքով, Պետրոսյանի ամուսնու համար ավելի խիստ պատիժ պետք է սահմանվեր:

«Պատիժը շատ մեղմ է, որովհետեւ նման հանցագործության համար պետք է ցմահ ազատազրկման դատապարտեին ամուսնուն: Պետք է հաշվի առնեին նաեւ որոշակի գործոններ` երեխայի գործոնը, այն որ բռնությունները մշտական բնույթ են կրել, որ սպանությունը առանձնակի դաժանությամբ է կատարվել, որ Սարկիսովը անընդհատ խուսափել է պատասխանատվությունից, այսինքն, մեղքի գիտակցության բացակայության դեպքում պատիժն ավելի խիստ է լինում»,- ասում է Սաքունցը:

Իրավապաշտպանի խոսքով, այժմ կարեւոր է, թե ինչ վարքագիծ կդրսեւորի մեղադրող կողմը` արդյո՞ք այն դատարանի վճիռը կբողոքարկի, թե՞ ոչ:

«Եթե մեղադրող կողմը չբողոքարկի, ուրեմն այն հակված է եղել ավելի մեղմ պատժի»,- նշեց Սաքունցը:

Հիշեցնենք, որ նախկին մանկատան սան Զարուհի Պետրոսյանը պարբերաբար բռնության է ենթարկվել Յանիս Սարկիսովի եւ նրա մոր կողմից: Իսկ մահվանից մեկ օր առաջ կնոջը ծեծելով աստիճաններից ցած են գլորել:

Մարմնի տարբեր շրջաններում արյունազեղումներով, գանգուղեղի հեմատոմայիով, եւ տարբեր բնույթի վնասվածքներով Զարուհի Պետրոսյանը մահացել է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հոկտեմբերի 1-ին`Մասիսից տեղափոխվելուց հետո:

Այս գործով առավելագույն` տաս տարի պատիժ ստացած Յանիս Սարկիսովը ողջ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին, սանձարձակ վարք էր դրսեւորել դատարանի դահլիճում:

Քրիստինե Խանումյան

Դիանա Գալստյան

Լուսանկարը` Իննա Մխիթարյանի

© Medialab.am