«Նիկոլին մեկ-մեկ քննադատում ես, մեկ-մեկ՝ խղճում, մեկ-մեկ ուզում ես գրկել, ասել՝ տղա՛ ջան, պի՛նդ եղիր»․ Հուսիկ Արա

Լուսանկարը՝ «Արմենպրես»

Բանաստեղծ Հուսիկ Արան պատասխանել է «Մեդիալաբի» հարցերին

– Մտավորականի հայացքով, խնդրեմ, ասեք՝ ի՞նչ է կատարվում Հայաստանում։

– Էդ վիրուսը իսկապես պատերազմ է հայտարարել Հայաստանին, սկզբում՝ ամբողջ աշխարհին, հիմա էլ՝ մեր երկրին։ Հիմա, գիտեք, միավորվելու ժամանակն է, միավորվելու պահն է, պայքարենք ու փորձենք դուրս գալ այս վիճակից։

– Չե՞նք միավորվում։

– Չէ, շատերը շահարկում են, քաղաքականացնում են։ Գիտե՞ք ինչ, այնպես չէ, որ գոհ ենք այս իշխանություններից, որին ընտրել ենք արդեն երկու տարի։ Թերություններ, բացթողումներ շատ կան, բայց այսօր այդ պահը չէ, որ դրանք շահարկելով քաղաքական աստառ տանք․․․ Մարդիկ են մեռնում, ամեն օր միջինը տասից ավելի զոհ ենք ունենում այդ վիրուսի պատճառով։ Ո՞նց կարելի է կանգնել դրա վրա քաղաքական դիվիդենդներ շահել։

– Ովքե՞ր են շահարկողները։

– Ե՛վ խորհրդարանական, և՛ ոչ խորհրդարանական ընդդիմությունը, հիմնականում՝ քաղաքական ուժերը, որոնք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ։ Լավ բան է, ընդդիմությունը պետք է քննադատի, բայց այսօր այդ պահը չէ։ Շատ տհաճ է, որ կանգնում են այս իրավիճակում հայտարարում, որ կառավարությունը պետք է 100 տոկոսով հրաժարական տա։

Վերջին հարյուրամյակում Հայաստանի պատմության մեջ բազմիցս են եղել ծանր պահեր, երբ բոլորը միավորվել են։ Սա ծանր պահ է։ Կանցնի, թող բոլորն էլ իրենց շահարկումն անեն, իրենց գիծը առաջ տանեն։

Մի կողմից վիրուսն է, մյուս կողմից՝ համընդհանուր տհաճությունը։ Միայն ես չեմ այսպես մտածում, ժողովուրդն է նաև այդպես մտածում, ես շատ եմ շփվում մարդկանց հետ, նրանք նույն մտահոգությունն ունեն։ Լավ, այսօր, ընդունենք՝ իշխանությունը հրաժարական է տալիս, ի՞նչ է լինելու։

– Գուցե նրանք չեն ուզում կորցնել իրենց վերադառնալու շանսը։

– Նրանք երազախաբ վիճակում են, երազախաբության մեջ են, նախկինը չի վերադառնալու, և նախկինի հետ որևէ առնչություն ունեցած քաղաքական ուժերը, որոնք թեկուզ այսօր էլ ասպարեզում են, խորհրդարանում են, չեն կարող վերադառնալ։ Մեր ժողովրդին ուղղակի չեն ճանաչում։ Ժողովուրդը դուրս է եկել, նրանց մերժել է։ Բոլորս միասին դուրս ենք եկել, մերժել ենք։ Նախկինը վերադարձ չի ունենալու։

– Շատերն ասում են՝ ժողովրդի հիշողությունը կարճ է․․․

– Ժողովրդի հիշողությունը կարող է կարճ լինել, կարող է տասը տարի լինել, բայց կան բաներ, որոնք ինքը երբեք չի մոռանում։ Ժողովուրդը կանգնել, իշխանություն է ընտրել ու հիմա այդ իշխանության տերն է։

Եթե հիմա Փաշինյանը փորձի հրաժարական տալ, ինքը դավաճանած կլինի և՛ իրեն, և՛ ժողովրդին։ Բայց Փաշինյանը չի եկել դավաճանելու համար, և ժողովուրդը թույլ չի տա։

Եթե Փաշինյանը հրաժարական տա, երկրում անհնազանդություն կլինի։ Ժողովուրդը կանգնելու է ու պահանջի, որ նա հետ գա։ Ես մի մարդ եմ, որն ամեն օր շփվում է շատ հասարակ մարդկանց հետ, ամեն օր նրանց տրամադրությունն եմ ստուգում և լավ գիտեմ այդ տրամադրությունը։ Ես ինչ մտածում՝ էն եմ ասում։ Այնպես չէ, որ այս երկու տարվա ընթացքում գոհ եմ եղել, ես ինքս էլ եմ շատ քննադատում, բայց անում եմ սրտացավորեն։

– Դուք երկու տարի առաջ ձեր հարցազրույցում ասել էիք, որ ընդդիմադիր չեք։

– Այո՛, նոր իշխանության 100 օրը դեռ չէր լրացել, և այդ 100 օրն է միայն, որ ընդդիմադիր չեմ եղել։ Իմ ամբողջ կյանքում 100 օր ընդդիմադիր չեմ եղել (ծիծաղում է -հեղ․)։

Ընդդիմություն-դիմություն ասելն էլ է սխալ։ Մտավորականը ճիշտ պետք է լինի, պետք է միշտ տեսնի բացթողումներն ու ասի դրանց մասին։ Բայց սրտացավորեն։ Ես շահ չունեմ, եթե քննադատում եմ՝ իմ շահը իմ երկիրն է, իմ երկրի շահն է։

Ո՛չ սրանց գալով եմ բան կորցրել, ո՛չ էլ սրանց գնալով բան եմ գտնելու, միշտ ես իմ տեղում եմ եղել։ Երբեք չեմ ձգտել իշխանության, պաշտոնի կամ չգիտեմ ինչի։

Ուզում եմ՝ լավ լինի։ Բայց դրանք․․․ տղա՛ ջան, երեկ հանցագործության համար քեզ դատում էին, մի կերպ պլստացիր, հիմա կանգնել հրաժարակա՞ն ես պահանջում։ Գոնե դրանք չխոսեն։

– Ի՞նչ զգացումներ են դրանք առաջացնում՝ բարկությո՞ւն, թե՞․․․

– Զզվանք, խոր զզվանք։ Մի նայեք «Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավարի հայտարարություններին էլի։ Տղա ջան, ախր դու խաղամոլ ես, հիմնադրամի փողերն էլ վերցրել, խաղադրույք էիր անում, դա ազգապղծություն է, հիմա վեր ես կացել քննադատո՞ւմ ես։

Լռե՛ք։

Եթե քննադատողներն այդ մարդիկ են, Փաշինյանի կառավարությունը ինչքան էլ վատ գործի, ժողովուրդը նրան մեծարելու է։ Դրանք չենք հասկանում, որ հօգուտ Փաշինյանի են անում։ Ես 32 տարի է՝ Օպերայի հրապարակում եմ, 88-ից սկսած։ Թողե՛ք երկիր դառնանք, ուզում եմ մի քանի տարի նորմալ Հայաստան տեսնեմ ու նոր մեռնեմ։ 

– Ձեր Apocalypto-ն հիշեցի, որ գրել էիք 2018-ի սկզբին։ Մի առիթով ասել էիք, որ դա անհուսության ճիչ էր։ Դա արդիակա՞ն է։

– Եթե մենք այսօր էլ պարտվենք, ուրեմն դա նորից դառնում է արդիական։ Միշտ էլ, այդ պահին էլ ասել եմ՝ Աստված տա, սխալված լինեմ։ Ամենից շատ ես եմ ուզել, որ սխալված լինեմ։

– Ո՞րն է այս դեպքում պարտությունը։

– Որ էսօր էլ չունենանք այն ցանկալի Հայաստանը, այսինքն՝ այս իշխանություններն էլ տանուլ տան, նախկինների աջակցությամբ տանուլ տան։ Այդ գործը գրելիս այն պահն էր, որ հնչում էր մեկ հարց՝ լավ, ի վերջո դուրս չե՞նք գալու, ոտքի չե՞նք կանգնելու։ Ու ամիսուկես անց ժողովուրդը ոտքի կանգնեց։ Ես չեմ ասում՝ իմ գրածով ոտքի կանգնեց, բայց այսպես թե այնպես ոտքի պետք է կանգներ, հասունացել էր այդ պահը։ 

– Լավ, իշխանությունների գործողություններում սխալներ չե՞ք տեսնում։

– Իհարկե, շատ եմ տեսնում, իհարկե, ես համաձայն չեմ, որ սա հեղափոխություն է, իհարկե, ես հեղափոխություն չեմ տեսնում, բայց ինչ-որ քայլեր արվել են։ 

– Ի՞նչ եք տեսնում, եթե հեղափոխություն չեք տեսնում։

– Սերժի վրայի կոստյումն եմ տեսնում, որը հիմա էլ հագել է Նիկոլը։ Ո՛չ Սահմանադրություն է փոխվել, ո՛չ․․․ այսինքն՝ նախկին համակարգը Նիկոլն է վայելում։

Այսօր մի քիչ ճիշտ չէ քննադատելը, իհարկե գոհ չեմ, բայց այսօր այդ քննադատությունների պահը չէ, այսօր միասնականություն է պետք։ Հեղափոխական իշխանությունը վեց ամսում, մեկ տարում պետք է իրականացներ փոփոխություններ, բարեփոխումներ, բայց այսօր ոչինչ չի արել։ Ուղղակի նախկին նողկալի դեմքերը չկան խորհրդարանում։

Ինչպե՞ս է ընտանիքում՝ մեկը մյուսի սխալները ցույց տալով փորձում են ընտանիքը ամուր պահել։ Սա է իմ ու ինձ նմանների քննադատությունը, որը մեկ նպատակ ունի, այլ շահ չունենք մենք։ Երկրում պետք է համակարգ փոխվի, որը չի փոխվել, ուղղակի Սերժին փոխարինել է Նիկոլը։

– Կոռուպցիա կա՞՝ ինչ եք կարծում։

– Ես Նիկոլին հավատում եմ, ինչ-ինչ՝ Նիկոլը կեղտոտ գործարքների մեջ չի մտնի։ Գոնե էսքանից հետո։ Ծխախոտի մասին են խոսում, է հետո ինչ, Սերժի ժամանակ էլ էր ծխախոտ արտահանվում, ուղղակի էն ժամանակ ձեն չէին հանում, Ռուսաստանը ձեն չէր հանում, հիմա երևի ինչ-որ բան դուրները չի գալիս, բարձրաձայնում են։ Միշիկը զենքի մասին է խոսում, թող մի հատ իրեն նայի, էլի, ա՛յ սա է, որ ինձ կատաղեցնում է, ամբողջ ժողովրդին։ Փաստեր են պետք, կարո՞ղ ես՝ ապացուցի՛ր։ 

– Ինչո՞ւ եք հավատում Նիկոլ Փաշինյանին։ 

– Գիտեք՝  նա ազնիվ մարդ է։ Բայց ոչ ոք սուրբ չէ, հատկապես քաղաքականության մեջ։ Ինքս երբեք չեմ փորձել մտնել, չեմ համակրում քաղաքականությամբ զբաղվողներին, ոչ էլ մեծահարուստներին։ Քաղաքականությամբ զբաղվողները այլ կերպ չեն կարող, նրանք պետք է խաբեն, ստեն։ Բայց ընդհանուր առմամբ, նա ժողովրդի քվեն ունի ու հիմա էլ աշխատում է, որ ժողովրդին ցավ չպատճառի։ 

– Ասում եք՝ Փաշինյանը ազնիվ է, բայց նաև նշում եք՝ սուրբ չի կարող լինել։ Ինչպե՞ս հասկանալ։

– Համեմատաբար՝ ազնիվ։ Ազնիվ լինելը դեռ չի նշանակում սուրբ լինել։ Ոնց ուզում ես արա, քաղաքականության մեջ շահարկումներ կլինեն, չի կարող քաղաքական գործիչը չխաղալ ժողովրդի զգացմունքների վրա։ Ես չեմ հավատում՝ կեղտոտ գործարքների մեջ լինի։

Բայց նաև պետք է ասեմ, որ կառավարման լավ ժամանակ բաժին չի ընկել այս իշխանությանը, լավ վիճակ բաժին չի ընկել։ Մի կողմից քանդել սարքել։ Սոդոմ-գոմորային վիճակ է՝ որ կողքից նայում ենք։ Բնավ նախանձելի վիճակում չեն այսօրվա իշխանությունները։ Ինչպե՞ս են փախչում բազմաթիվ աղմկահարույց գործերով մեղադրյալները, գուցե ԱԱԾ-ն է օգնում, ուրեմն կան այն օղակները, որոնց գործողությունների հետևանքով Նիկոլն ասում է՝ կան դավաճաններ։

Շատ հարցեր կան, և գուցե պահեր կան, որ Նիկոլը միայնակ է։ Ինչ ասեմ՝ ես Նիկոլին մի քիչ վաղուց եմ ճանաչում, գիտեմ, որ սկզբունքային տղա է, որ ասաց այսպես է, այդպես էլ կանի։ Չի խաբի։ Չգիտեմ։ Հեշտ չի։ Ահավոր է, սոդոմ- գոմորային վիճակ։ Հեղափոխությունները ոչ թե դրախտ են կառուցում, այլ դժոխք են ավերում։

Հիմա մենք այդ դժոխքն էլ չենք ավերել։ Թշնամուս չէի ցանկանա, որ այսօր Հայաստանի ղեկավար լիներ, շատ ծանր, ահավոր վիճակ է։ Չգիտես՝ ինչ անես։ Մարդ չգիտի՝ Նիկոլին մեկ-մեկ քննադատում ես, մեկ-մեկ՝ խղճում, մեկ-մեկ ուզում ես գրկել, ասել՝ տղա՛ ջան, պի՛նդ եղիր։ Ա՛յ այս զգացողություններն են։ Օրվա մեջ մի քանի զգացողություն կարող է ունենամ, որովհետև այդ սարսափելի իրավիճակի առաջ է կանգնել նա։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am