Շների դրախտը. Երևանում ոչնչացնում են անտուն շներին, մինչդեռ դրանց փրկելն ավելի արդյունավետ է

Շների դրախտը. Երևանում ոչնչացնում են անտուն շներին, մինչդեռ դրանց փրկելն ավելի արդյունավետ է
Շների դրախտը. Երևանում ոչնչացնում են անտուն շներին, մինչդեռ դրանց փրկելն ավելի արդյունավետ է

Նելսոնը, Պուտինը, Տանյան, Արջուկը, Մերիլին Մոնրոն, Դեսպանը, Ռոկին, Գոքորիկն ու ևս 300 հայտնի ու սովորական անուններով շներ հաշտ ու համերաշխ ապրում են մեկ հարկի տակ: Հայաստանում անտուն կենդանիների միակ կացարանի աշխատակիցները ցավով են նշում, որ այստեղ դեռևս զարգացած չէ կենդանասերի մշակույթը:

«Կենդանուն պահում են, հենց մի փոքր խնդիր է ունենում կամ ծերանում է, փողոց են շպրտում»,- ասում է կացարանում կամավորական աշխատանքներ կատարող Սամվել Գրիգորյանը:

Շների կացարան ստեղծելու գաղափարը 39-ամյա դաշնակահար Նունե Մեհրաբյանինն էր: Դեռևս 7 տարի առաջ նա դիմել էր քաղաքապետարան, որտեղ նրան խոստացել էին աջակցել: Ըստ նախնական պայմանավորվածության` ոչ մի շուն չէր սպանվելու, ստերիլացման համար տրամադրվելու էին համապատասխան միջոցներ: Սակայն անցավ ժամանակ, թափառող շների թիվն ավելացավ, իսկ քաղաքապետարանը լռում էր:

Վեց տարի առաջ հիմնելով «Փրկենք կենդանիներին» ՀԿ-ն ու ձեռնամուխ լինելով հանրապետությունում միակ կացարանի ստեղծմանը` Մեհրաբյանը բազմաթիվ խոչընդոտների հանդիպեց, որոնք ուղեկցում են նրան մինչև հիմա: Իսկ այդ ընթացքում քաղաքապետարանը թափառող կենդանիների վնասազերծման և ստերիլացման մրցույթ հայտարարեց, մրցույթում հաղթեց ու հետագայում էլ պարբերաբար հաղթում է «ՅունիգրաֆԻքս» ՍՊԸ-ն:

Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը «Մեդիալաբին» ասում է, որ տարիներ շարունակ միայն «ՅունիգրաֆԻքս» ընկերությունն է հայտ ներկայացրել, ուստի շահում է միայն այդ կազմակերպությունը:

Մեհրաբյանը, սակայն, այլ բան է պնդում. «Ես մասնակցել եմ քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին, սակայն քաղաքապետարանը մշտապես ասում է, թե չեմ մասնակցել: Ես չեմ ընտրվել, որովհետև չէի աշխատի այնպես, ինչպես շահող կազմակերպությունը, այսինքն` այդ կերպ մասսայական սպանդ չէի անի: Իմ ծրագրերում գերիշխողը կացարան ունենալն ու շներին ստերիլացնելն է: Գուցե քաղաքում ամենասարսափելին շներին սպանելը չէ, բայց ինձ համար չափազանց սարսափելի է»:

Երևանում վերջին տարիներին ակտիվորեն կատարվում է թափառող կենդանիների վնասազերծում, «ՅունիգրաֆԻքս» ընկերության տեղեկատվության հարցերով փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանը «Մեդիալաբին» ասում է, որ անհնար է հաշվել թափառող կենդանիներին, նրանք փաստաթուղթ չունեն, մերթ այս, մերթ այն վայրում են, իսկ մրցույթը շահելուց հետո ընկերության աշխատակիցները, Գրիգորյանի խոսքով, պատշաճ կերպով կատարում են իրենց գործը:

«Նուբարաշենի խճուղում սանիտարական գոտի կա, մեր աշխատակիցները կատարում են կենդանիների որս, բերում են կլինիկա, վարակակիրներին վնասազերծում ենք, իսկ առողջ շներին ստերիլացնում ու բաց ենք թողնում»,- ասում է նա:

Ընկերության տվյալներով` 2011-ի հունվար-օգոստոս ժամանակաշրջանում ստերիլացվել է 6050, վնասազերծվել` 25.000 շուն, ընդ որում` վնասազերծման համար ծախսվում է 2400, ստերիլացման համար` միջինը 10.000 դրամ: Գրիգորյանը նշում է, որ վնասազերծված կենդանիներին թաղում են հատուկ վայրում և վարակներից զերծ մնալու համար քլորի լուծույթ լցնում նրանց վրա:

Վնասազերծման մեծ թվաքանակը նա բացատրում է նրանով, որ «հսկայական գումարների հետ գործ կունենան, եթե որոշեն չվնասազերծել շներին, այլ բոլորին ստերիլացնել»:

Մինչդեռ Մեհրաբյանը վնասազերծումը սպանդ է համարում: «Վնասազերծել բառը շատերը չեն հասկանում, ի՞նչ տարբերություն սպանդի և վնասազերծման միջև, միևնույն է` կենդանին սպանվում է: Շատ մարդիկ տարիներով իրենց բակում մեծացրած շներին բերում են կացարան, որ նրանց չսպանեն»,- ասում է նա:

Նունե ՄեհրաբյանըՄեհրաբյանը վստահ է`ստերիլացված ոչ մի շուն էլ չի վերադարձել իր բնակավայր, հակառակ դեպքում քաղաքում այսօր կշրջեին հազարավոր վզկապներով շներ, քանի որ դա պետք է նրանց տարբերանշանը լինի, սակայն այդպիսիք չկան.

«Շատ դեպքեր են եղել, երբ մեր կացարանում ստերիլացրել ենք շներին, վզկապ կապել ու բաց թողել, բայց մի քանի օրից նրանց սպանված ենք գտել քաղաքի տարբեր մասերում, դրա համար էլ որոշել ենք կացարանից այլևս շուն բաց չթողնել: Սակայն դա հարցը բարդացնում է նրանով, որ այլևս տեղ չկա կացարանում նոր շներ ընդունելու համար»:

Քաղաքապետարանի հետ բազմաթիվ ապարդյուն քննարկումներից, բանավեճերից հետո Մեհրաբյանն այլևս չի դիմում այդ կառույցին, փոխարենն ավելի մեծ ակտիվություն են սկսել սոցցանցերում, որտեղ կոչ են անում մարդկանց որդեգրել անտուն մնացած շներին:

Բարեբախտաբար, արդյունքները երկար սպասել չեն տվել. միայն վերջին վեց ամիսներին 500 անտուն կենդանի է որդեգրվել:

Սոցցանցերում ակտիվ բնապահպանական գործունեությամբ զբաղվող Օվսաննա Հովսեփյանը, օրինակ` մշտապես կապի մեջ է շներին որդեգրած տերերի հետ, երբեմն այցելում է նրանց և հավաստում է, որ բոլոր կենդանիները լավ պայմաններում են ապրում:

Միևնույն ժամանակ, Հովսեփյանը փաստում է, որ սպանդը կրկին ագրեսիվանում է, բնակիչների կողմից բազմաթիվ են ահազանգերը, որ քաղաքում զենք է կիրառվում թափառող կենդանիներին սպանելու համար, իսկ քաղաքապետարանը հերքում է զենքի կիրառության փաստը:

«Իրոք ամեն ինչ անում են, որ շները շատանան, ստերիլացումը կիրառվում է միայն թղթի վրա: Սպանդն արդյունավետ չէ, ինքնապաշտպանական բնազդն ստիպում է ավելի շատ բազմանալ, և դա դիտարկվում է որպես լավ բիզնես. ավելի շատ շուն կծնվի, կլինի խնդիրը, ավելի շատ շուն կսպանեն, և վնասազերծման պատրվակով ավելի շատ գումարներ դուրս կգրեն բյուջեից»,- լրացնում է նրան Մեհրաբյանը:

Փառանձեմ Հովհաննիսյան

Լուսանկարները` Փիրուզա Խալափյանի

Տես Ֆոտոպատմությունը

© Medialab.am