Ոստիկանությունը բացահայտել է Խոսրովի արգելոցում որսագողություն կատարողին. մեղավորը մե՞ կն է

ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել` նշելով, թե բացահայտվել է Խոսրովի արգելոցում որսագողություն կատարած անձը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ բնապահպանների տարածած տեսանյութն ու լուսանկարները` դեպքի վայրից հասարակական մեծ հնչեղություն ստացան, թեեւ բնապահպանության նախարարն ու նախարարության աշխատակիցները համառորեն պնդում էին, որ Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծի գլուխը, գործ արջի եւ նապաստակի մարմնի մասերը հնարավոր չէ արգելոցի տարածքում լինեն:
Այնուամենայնիվ, բնապահպանների հետ դեպքի վայրը բացահայտելուց հետո, քիչ առաջ ոստիկանության հաղորդագրությունը տեղեկացնում է, որ որսագողը մեկն է` 1983 թ. ծնված, Գառնի գյուղի բնակիչ, ջրային մատակարարումների պահպանության ծառայության աշխատակից Նորիկ Սարգսյանն է, ինչը բավականին տարօրինակ է, քանի որ շրջակայքում բացի կենդանու գլխից ու մասնատված մարմնի մասերից, ոգելից խմիչքի շշեր են եղել, խարույկի մոխիր: Եւ մի քիչ տարօրինակ է, որ որսագողը մեկը լիներ:

«Օրերս զանգվածային լրատվության միջոցներն անդրադարձել էին սեպտեմբերի 25-ին Խոսրովի արգելոցի «Կաքավաբերդ» կոչվող հատվածում անհայտ անձանց կողմից կատարված ապօրինի որսագողության դեպքին: Կարմիր գրքում գրանցված կենդանիների` կովկասյան արջի և բեզոարյան այծի որսագողության դեպքը հասարակական լայն հնչեղություն ստացավ:

Նորիկ Սարգսյանը

Այս արտառոց դեպքի բացահայտմանն ուղղված աշխատանքներն անհապաղ սկսվեցին և առաջին իսկ օրվանից ոստիկանության պետի անմիջական հսկողության տակ էին:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում հարուցվց քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 294 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Արմավիրի մարզային վարչության ու Արտաշատի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների շնորհիվ կարճ ժամանակ անց` սեպտեմբերի 29-ին հանցագործությունը բացահայտվեց:

Սարգսյանը սեպտեմբերի սկզբներին Կաքավաբերդին կից տարածքում ճոպաններով ծուղակ էր պատրաստել ու մոտը եղած զենքով գիշերով սպանել թակարդն ընկած արջին, իսկ օրեր անց համարյա նույն տեղամասում նրա զոհն էր դարձել նաև բեզոարյան այծը:

Նորիկ Սարգսյանի կացարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են որսորդական երկփողանի հրացան և կարաբին, որսորդական այլ պիտույքներ, արջի յուղ և այլն:

Կատարվում են համապատասխան փորձարարական գործողություններ, ճշտվում են դեպքի հանգամանքներն ու հասցված վնասի չափը:

Քննությունը շարունակվում է»,-նշվում է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

© Medialab.am

http://www.youtube.com/watch?v=eYX71Qz9GwI