«Տեսանյութում առկա բարաթները բնորոշ են ոչ թե կուսակցական գործունեությանը, այլ վաշխառուական բիզնեսին». Արթուր Սաքունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը

Պարո՛ն Սաքունց, հայտնի դարձավ, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է Ազգային ժողով՝ համաձայնություն տալ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, նրան որպես մեղադրյալ ներգրավելուն և մեղադրանք առաջադրելուն, ինչպես նաև նրան ազատությունից զրկելուն։ ԱԺ-ն վաղը քննարկելու է այս հարցը։ Հայտնի է, որ երկու գործով քրեական գործ է հարուցված, և Ծառուկյանը հունիսի 14-ին մոտ 8 ժամ հարցաքննվել է ԱԱԾ-ում։ Ի՞նչ սպասել այս զարգացումներից։

– Ես ծանոթացա դատախազի միջնորդությանը, դա վերաբերում էր 2017 թվականի ընտրություններին։ Այսինքն՝ այն մյուս փաստերը, որոնք Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարության մեջ էին ներկայացված՝ ձեռնարկատիրական գործունեության, հարկային պարտավորությունների չկատարման հետևանքով պետական բյուջեին մեծ չափով վնաս հասցնելու հիմքով, ներառված չեն միջնորդությունում։ 

Ինձ համար կարևոր է հետևյալ հարցը՝ ընտրակաշառքի բաժանման հիմքով ի՞նչ ապացույցներ են ձեռք բերվել քրեական գործի շրջանակներում, և այդ ապացույցներն ինչքանո՞վ են հիմնավոր՝ անձամբ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար։

Ավելին, եթե ձեռք բերված նախնական տվյալների հիման վրա նման հիմնավորում ունեն, ապա ես պետք է ենթադրեմ, որ բացի Գագիկ Ծառուկյանից, պետք է լինեն նաև այլ անձինք, որոնց նկատմամբ նույնպես պետք է քրեական հետապնդում իրականացվի։ Հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանն անձամբ չի տարել ու բաժանել ընտրակաշառքը։ 

Հաշվի առնելով, որ մի ամբողջ կուսակցության մասին է խոսքը, պետք է պարզել՝ ովքե՞ր են եղել այն մարդիկ, որոնք մասնակից են եղել այդ ընտրական կաշառքի բաժանման գործընթացին։ Ես գտնում եմ, որ պետք է շատ հիմնավոր ապացույցներ լինեն նման միջնորդության համար։ 

Եթե ապացույցները բավարար են հենց Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելեու համար, ապա առավել ևս պետք է բավարար լինեն նաև այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար։

– Ազգային անվտանգության ծառայության տեսանյութում ներկայացվում է, որ ԲՀԿ-ական պատգամավորներն են ձայներ բերելու խոստումներ տվել, ոմանք գրավոր ամրագրել ու ստորագրել են իրենց խոստումը։ Դա բավարա՞ր ապացույց է։

– Գիտեք՝ ձայն բերելու հարցը և ընտրակաշառքի փաստը հիմնավորելը խիստ տարբեր բաներ են։ Իհարկե, կարելի է ենթադրել, թե ձայներն ի՛նչ միջոցներով են բերվելու, բայց կարող են լինել նաև մարդկանց ներգրավելու կամ ձայներ բերելու այլ մեթոդներ։ 

Բոլոր դեպքերում խոսքը վերաբերում է քրեական հետապնդմանը, և հիմնավորումների հիման վրա պետք է քրեական հետապնդում իրականացվի։ Բայց նորից եմ կրկնում՝ խնդիրը հետևյալն է՝ եթե քննչական մարմինը գտել է պատշաճ հիմքեր կոնկրետ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նման մեղադրանքներ առաջադրելու ու քրեական գործ հարուցելու համար, քանի որ դա վերաբերում է այնպիսի հանցագործության, որը կոչվում է ընտրակաշառք, որը կարող է լինել կազմակերպված խմբերի կողմից, պետք է ենթադրել, որ քրեական հետապնդում պետք է իրականացվի շատ-շատ մարդկանց նկատմամբ։

Նրանց մասնակցության չափը, իհարկե, քննության ընթացքում կպարզվի, բայց ես ենթադրում եմ, որ եղել են մարդիկ, որոնք ցուցմունք են տվել Գագիկ Ծառուկյանի մասին։ Իսկ թե ցուցմունք տվողներն ի՛նչ մասնակցություն են ունեցել՝ դա պետք է պարզել։

Բոլոր դեպքերում գտնում եմ, որ մենք պետք է ակնկալենք, որ նման միջնորդության հիմքերն առավել քան բավարար են, և այդ հիմքերը բավարար են նաև այլ մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար։ Այսինքն՝ այստեղ հերթական անգամ մենք գործ ենք ունենում նախաքննության մարմնի մասնագիտական որակի և արդյունավետ աշխատանքի հետ կապված հարցերին։

– ԱԱԾ-ի տարածած տեսանյութերն ինչպե՞ս կմեկնաբանեք։

– Տեսանյութերում առկա այդ բարաթները նաև հետաքրքիր փաստաթուղթ են, թե ի՛նչ բնույթ ունի այդ կուսակցության ներսում քաղաքական կամ կուսակցության խնդիրների լուծումը։ Դրանք շատ նման են մուրհակների, ինչը, կարծում եմ, անհամատեղելի է կուսակցության գործունեությանը։ 

Ավելի շատ վաշխառուական գործունեությանն է բնորոշ կամ վաշխառուական բիզնեսին։ Կուսակցության հիմքում պետք է լինեն գաղափարների ընդհանրությունը և նվիրվածությունը, ոչ թե նման մուրհակային պարտավորություններ ստանձնելը։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am