«Նրանց նպատակն է դանդաղեցնել լճի մակարդակի բարձրացման ընթացքը կառուցապատման և այլ նպատակներով». Սանասարյանը հեռացել է հանձնաժողովից

«Նրանց նպատակն է դանդաղեցնել լճի մակարդակի բարձրացման ընթացքը կառուցապատման և այլ նպատակներով». Սանասարյանը հեռացել է հանձնաժողովից
«Նրանց նպատակն է դանդաղեցնել լճի մակարդակի բարձրացման ընթացքը կառուցապատման և այլ նպատակներով». Սանասարյանը հեռացել է հանձնաժողովից

Սևանա լճի մակարդակի տարեկան բարձրացման վրա խիստ սահման դնելը, ըստ բնապահպան, Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի, ամենամտահոգիչ հարցերից է:
Նա նշում է, որ դեռ 2005-ից ՀՀ բնապահպանության նախարարությունը եւ այլ պատկան մարմինները Սևանա լճի պահպանության հայեցակարգը հարցականի տակ են դնում:
«Նրանց նպատակն է դանդաղեցնել լճի մակարդակի բարձրացման ընթացքը, ինչպես նաև կառուցապատման և այլ նպատակներով ավելի շատ ափամերձ տարածքներ ունենալ»,- ասում է Սանասարյանը և հավելում, որ մակարդակի արագ բարձրացման խոչընդոտ են նաև ափամերձ ծառերի ու թփերի հեռացման դժվարությունները, երաշտը, որոնք այնքան էլ հիմնավորված չեն:
Սանասարյանի խոսքով` ըստ ժամանակացույցի` Սևանա լճի մակարդակը նախատեսված՝ 1903,5 մ նիշին պետք է հասնի միայն 2031-ին (տարեկան 20 սմ, սակայն 2012-2031-ին` տարեկան 18 սմ, քանի որ մինչ այս արագ է բարձրացել):

2012-ին, որպես երաշտ տարի, ոռոգման նպատակով լճից բաց է թողնվել է 318 մլն խմ ջուր, որը, ըստ Սանասարյանի, իր նպատակին ամբողջովին չի ծառայել:

«Արևշատ գյուղում այս տարի ջարդել են մի անիվ, որը հին, պապենական շրջանից ոռոգման նպատակով օգտագործում էին, այժմ չկա: Ջուրը գնում է Կասպից ծով՝ ոռոգելով հարևան հանրապետության տարածքները»,- ասում է Սանասարյանը, ով ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովից դուրս է եկել` Սևանա լճի մակարդակի բարձրացման ժամանակացույցի ընդունման պատճառով:

Նա նշում է, որ պետք է փոխվի Սևանա լճի նկատմամբ քաղաքականությունը, պետք է շահագործվի Արփա-Սևան ջրատարը, որը ժամանակին 321 մլն խմ և ավելի ջուր է ապահովել, իսկ ափամերձ տարածքների բոլոր շինությունները, որոնք հասնում են շուրջ 4700-ի, պետք է տեղափոխվեն:

Սանասարյանի ներկայացրած ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և Հայպետհիդրոմետի փաստաթղթում նշվում է, որ առանձին շրջաններում ձնածածկույթը, լինելով սովորականից 2-3 անգամ ավելի շատ, պետք Ապարանի և Ազատի ջրամբարներում 100 տոկոս լցվածություն ապահովեր, իսկ Սևանա լճի պարագայում` մակարդակի կտրուկ բարձրացում:

«Եվ այն ժամանակ, երբ քննվում էր Սևանա լճից լրացուցիչ ջուր վերցնելու խնդիրը, այն էլ` 320 մլն խմ, հանկարծ տեսնում ենք, որ Ապարանի ջրամբարում 91 մլն-ի փոխարեն լցված է 36 մլն, կիսատ է նաև Ազատի ջրամբարը: Հարց է ծագում. ինչո՞ւ ռազմավարական նշանակություն ունեցող այս ջրամբարները հանկարծ այս վիճակում հայտնվեցին: Թող նախ ստուգեն` ե´րբ են իջեցրել փականները ու ե´րբ բարձրացրել»,- ասում է Սանասարյանը:

Նա իր մտահոգություններն է հայտնում նաև ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի կողմից 2009-ին ներկայացրած փաստաթղթի վերաբերյալ, ըստ որի առաջարկվում է սեփականաշնորհել Սևանա լիճը:

«Այսինքն` առաջարկվում է ստեղծել Սևանա լճի խորհուրդ և ամբողջ լիճը, մի քանի մասի բաժանելով, շահագործման հանձնել: Այս փաստաթուղթը տանում է լիճը մեկ մարդու, մեկ կազմակերպության հանձնելուն: Եվ այն գետերը, որոնք լցվում են Սևանա լիճը, նույնպես սրա պատասխանատվության տակ է»,- հավելում է Սանասարյանը:

Լիլիթ Առաքելյան

© Medialab.am