«Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար բավարար քայլեր չեն արվում». ըստ վիրուսաբանի՝ սահմանին ջերմություն չափելը արդյունավետ մեթոդ չէ

«Կորոնավիրուսի ներթափանցումը Հայաստան կանխելու համար բավարար քայլեր չեն արվում։ Վիրուսի կենսաբանությունն այնպիսին է, որ եղած քայլերը բավարար չեն, և միշտ պետք է պատրաստ լինել ավելի վատ սցենարի»,- «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում վիրուսաբան Հովակիմ Զաքարյանը՝ անդրադառնալով հարևան Իրանում գրանցված կորոնավիրուսի դեպքերին և Հայաստան դրա հնարավոր ներթափանցմանը։

«Միակ վատ միջոցառումը՝ այնպես անել, որ վիրուսը չներթափանցի Հայաստան, ամբողջ աշխարհից կտրվելն է, սահմանին արգելք դնելը, որ ոչ ոք չմտնի Հայաստան ու դուրս չգա երկրից։ Բայց իրականում նման բան հնարավոր չէ։ Պետք է սահմանային անցակետերում, օդանավակայաններում ավելի խստացնեն հսկողությունը, գուցե ինչ-որ սահմանափակումներ պետք է դնել Իրանի այն քաղաքացիների դեպքում, որոնք համաճարակի օջախ համարվող բնակավայրերից են։ Դրա շնորհիվ հնարավոր է ինչ-որ չափով նվազեցնել վտանգը, բայց միևնույն է, վտանգը կա»,- «Մեդիալաբին» ասում է Հովակիմ Զաքարյանը։

Մասնագետի խոսքով՝ այն միջոցառումները, որոնք երկար ժամանակ իրականացվում են մեր օդանավակայաններում ու Մեղրիի անցակետում, բավարար չեն, որովհետև մարդկանց ջերմությունը չափելը առանձնապես արդյունավետ մեթոդ չէ։ Կորոնավիրուսը մոտ երկու շաբաթ ինկուբացիոն, այսինքն՝ թաքնված շրջան է ունենում։ Օրգանիզմից կարող է դուրս գալ ու վարակել մարդկանց, բայց մարդու մոտ չկան կլինիկական ախտանշաններ՝ ջերմություն, գրիպի նախանշան։

Հիշեցնենք, որ օրերս Իրանում կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր են գրանցվել։ 

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 22-ի դրությամբ կորոնավիրուսից Իրանում մահացել է 5 մարդ, իսկ վարակվածների թիվը հասել է 28-ի։ Այս իրավիճակը Հայաստանում վերջին օրերին բուռն քննարկման թեմա է՝ հաշվի առնելով, որ Իրանից դեպի Հայաստան մարդկանց հոսքը միշտ առկա է։ 

Իսկ առաջիկայում իրանցիները նշելու են Նովրուզը, այդ օրերին Իրանից դեպի Հայաստան սովորաբար մեծ հոսք է գրանցվում։ 

Ֆեյսբուք սոցիալական ցանցում օգտատերերից ոմանք կոչ են անում ՀՀ կառավարությանը ժամանակավորապես փակել Իրանի հետ սահմանը կամ ժամանակավոր վիզային ռեժիմ սահմանել, որպեսզի հոսքը նվազի։

Խնդրին արձագանքել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ նոր կորոնավիրուսի բռնկումների աշխարհագրության տարածմանը զուգընթաց, դրա դեմ պայքարի միջգերատեսչական հանձնաժողովն աշխատանքային մշտական քննարկումների արդյունքնում կայացնում է իրավիճակին համահունչ որոշումներ։

«Որոշումների կայացման գործընթացում հաշվի են առնվում բազմաթիվ մասնագիտական գործոններ, առանց որոնց որոշումները կլինեն սխալ և ավելի շատ վնաս կպատճառեն մեզ բոլորիս, քան օգուտ կտան։

Առողջապահության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը մշտական կապի մեջ են իրենց գործընկերների հետ՝ բռնկումների դեմ պայքարի գործողությունների միջազգային սինխրոնացման համար, որովհետև իզոլացված գործողությունները չեն կարող արդյունավետ լինել։ Վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի միջազգային մեխանիզմները ժամանակակից աշխարհում հենց այդպիսի սինխրոն գործողություններ են ենթադրում։

Մինչ այդ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել իրավիճակի անհարկի և արհեստական լարմանը և դրանից տարբեր դիվիդենտներ քաղելուն, ինչը համարում եմ անընդունելի։

Մեր նախարարության ենթակայության NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amը ունեն բավարար մասնագիտական և տեխնիկական ներուժ վարակիչ հիվանդություններին համարժեք արձագանք տալու համար»,- Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արսեն Թորոսյանը։

Ավելի վաղ նախարարը Ֆեյսբուքի միջոցով բնակչությանը կոչ էր արել սուր շնչառական բոլոր վարակները կանխարգելելու համար հետևել հետևյալ խորհուրդներին.

  1. պատվաստվե՛ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա,
  2. խուսափե՛ք գրիպանման երևույթներով մարդկանց հետ շփումից,
  3. եթե հիվանդ եք՝ մնացե՛ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի՛ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,
  4. եթե հիվանդ եք, հրավիրե՛ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
  5. մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար, եթե չեն նշանակվել բժշկի կողմից,
  6. հագնվե՛ք եղանակին համահունչ, պահպանե՛ք հազալու և փռշտալու վարվելակարգը,
  7. օգտագործե՛ք հնարավորինս շատ հեղուկներ,
  8. հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները,
  9. հետևե՛ք անձնական հիգիենային։


Վիրուսաբան Հովակիմ Զաքարյանի խոսքով՝ դժվար է ասել, թե որքանով է Հայաստանի առողջապահության համակարգը պատրաստ դիմագրավելու այս վիրուսին։ 

«Թե որքանով են պատրաստ, երևի առողջապահության նախարարության մասնագետներն ավելի կոնկրետ կկարողանան ասել։ Ինձ համար կարևոր է հասկանալ՝ եթե որևէ համաճարակային իրավիճակ կա երկրում, համապատասխան օղակները՝ պաշտոնյաներից սկսած, վերջացրած բժիշկներով, ինչքանո՞վ են պատրաստ։ Ունե՞ն արդյոք ուղեցույցներ, թե ոնց պետք է իրենց պահեն նման իրավիճակում, ինչպես պետք է արձագանքեն, ինչպես պետք է աշխատեն բնակչության հետ»,- ասում է մասնագետը։ 

Երկրորդ կողմը, ըստ Զաքարյանի, այն է, թե մեր բուժհիմնարկների տեխնիկական հագեցվածությունը բավարա՞ր է՝ ընդունելու վարակված անձանց, որքանո՞վ են տեխնիկապես հագեցված այն սենյակները, որտեղ պետք է մեկուսացվեն այդ հիվանդները։

Մասնագետի խոսքով՝ կորոնավիրուսը վտանգավոր է հատկապես ցածր իմունիտետ ունեցող անձանց համար։ 

«Ռիսկային խմբում առաջին հերթին նրանք են, ովքեր ունեն իմունային համակարգի հետ կապված խնդիրներ, նրանք կարող են լինել տարեցները, նորածինները, քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ, որոնց իմունային համակարգն այդ հիվանդության պատճառով թույլ է աշխատում։ Այս անձինք ռիսկային առաջին խմբում են, սակայն կարող են դեպքեր լինել, երբ մարդու իմունային համակարգը նորմալ աշխատում է, բայց մարդը վարակվում է, և վատ ավարտ է լինում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այն տեսակետներին, որ վիրուսն արհեստածին է, մասնագետն ասում է, որ այդ հարցն արդեն երկրորդական է, քանի որ փաստացի վիրուսը կա, թե ո՛նց է առաջացել՝ այնքան էլ կարևոր չէ։

«Կարևորն այն է, թե ինչպես այդ վիրուսի դեմն առնել։ Ընդհանրապես, կորոնավիրուսը նորություն չէ, 20 տարուց ավելի է՝ կորոնավիրուսի տարբեր տեսակներ կան, որոնք ավելի բարձր մահացության հանգեցնող են, և որոնցով մարդիկ վարակվում են։ Այնպես որ, նորություն չէ, որ կարող է կորոնավիրուս լինել, որը մարդկանց կվարակի, ինչպես նաև նորություն չէ, որ շատ կենդանիների մոտ այդ կորոնավիրուսը կա, և կենդանիներից է մարդկանց փոխանցվում»,- հավելում է վիրուսաբանը։

Մասնագետն անդրադարձավ նաև հարցին, թե «խոզի» գրիպի և «թռչնագրիպի» համեմատ ինչ առանձնահատկություններ ունի կորոնավիրուսը։ Ըստ նրա՝ գրիպն ընդհանրապես ուրիշ վիրուսների ընտանիքին է պատկանում։

«Ե՛վ «խոզի», և՛ «թռչնագրիպի» ժամանակ մարդուց մարդ փոխանցում չկար։ Այսինքն՝ այն դեպքերը, որոնք փոխանցվում էին, կենդանուց մարդուն փոխանցվող դեպքերն էին։ Բայց վարակված մարդիկ չէին կարող վիրուսը փոխանցել այլ մարդու, հետևաբար համաճարակաբանության տեսանկյունից վտանգավոր չէր։ Իսկ կորոնավիրուսը մարդուց մարդ փոխանցվող, օդակաթիլային եղանակով տարածվող վիրուս է։ Եվ բնական է, համաճարակային առումով այն բավական մեծ վտանգ կարող է ներկայացնել»,- ասում է մասնագետը։

Նշենք, որ նոր կորոնավիրուսն առաջին անգամ գրանցվել է Չինաստանում։ Հայաստանի առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ Չինաստանի Առողջապահության պետական ​​հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն՝ փետրվարի 22-ի ժամը 15:30 դրությամբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 76392, կասկածելի դեպքերի թիվը՝ 5365, հաստատված դեպքերից  առողջացածների թիվը՝ 20674 (13%), գրանցվել է 2348 մահ (3.1%): Այս պահի դրությամբ ծանր վիճակում են գտնվում 11 477 պացիենտ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ընդհանուր առմամբ, աշխարհում փետրվարի 21-ի դրությամբ արձանագրվել է 76 769 լաբորատոր հաստատված դեպք, որից Չինաստանում՝ 75 569, 2 239-ը՝ մահվան ելքով: Չինաստանից դուրս աշխարի 26 երկրում արձանագրվել է 1 200  դեպք, որից 8-ը մահվան ելքով:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am