«Պետք է աշխատել այն տրամաբանությամբ, որ Ադրբեջանը պատրաստվում է մեր պետության դեմ պատերազմի». Տաթևիկ Հայրապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը

Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանական կողմում ի՞նչ արձագանքներ ու մեկնաբանություններ կան թե՛ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Երևան կատարած այցի, թե՛ երեկ տեղի ունեցած եռակողմ հանդիպման վերաբերյալ։

– Փելոսիի այցի հետ կապված՝ ադրբեջանական կողմը և՛տեղեկատվական առումով, և՛ պաշտոնական մակարդակում բավականին սուր արձագանքներ էր հնչեցրել։ Հրապարակվեցին մի շարք հոդվածներ, որոնցում Փելոսին մեղադրվում էր հայանպաստ լինելու համար, իսկ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որում, իմ դիտարկմամբ՝ կային սպառնալիքի տարրեր, որովհետև ասում էին, որ դա կարող է նպաստել լարվածության աճին։

Ադրբեջանի Միլլի մեջլիսի խոսնակը նաև արձագանքեց՝ դարձյալ նույն տոնայնությամբ, բայց դրանից անմիջապես հետո պետքարտուղար Բլինքենը զանգահարեց Ալիևին ու փաստացի կոչ արեց լարվածության թոթափման և ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման, որին էլ հաջորդեց նյույորքյան հանդիպումը։

Քարոզչական առումով կան հոդվածներ, նյութեր, թե «արդյոք կհաջողվի՞ Վաշինգտոնին պահպանել հրադադարը», «Կստացվի՞ արդյոք Բլինքենի մոտ քայլ ձիով»։ Այս պահին հիմնականում այդ կարգի հրապարակումներ են։

Ես կարծում եմ, որ Վաշինգտոնի լծակներն ու հեղինակությունը շատ ավելին են, քան նույն Բրյուսելինը, ու, իմ դիտարկմամբ, բրյուսելյան ձևաչափն ամբողջությամբ տապալվեց վերջին ագրեսիայի հետևանքով, որը տեղի ունեցավ բրյուսելյան հանդիպումից ընդամենը 12 օր անց, ու Բրյուսելը ոչ միայն հասցեական կոչեր չարեց, այլ նաև հանդես եկավ շատ լղոզված հայտարարություններով՝ փաստացի որևէ կերպ ազդեցություն չունենալով Բաքվի վրա։

Իսկ ԱՄՆն այդ ազդեցությունը կունենա՞, ի՞նչ սպասել ամերիկյան կողմից։

– Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ի ազդեցությունը, բնականաբար, շատ ավելի մեծ է, իհարկե, ԱՄՆ-ն ևս ունի իր նպատակները, միջնորդական առաքելության հետ կապված իր շահերը տարածաշրջանում, բայց, ըստ իս, ԱՄՆ-ն ցանկանում է թույլ չտալ հետագա ագրեսիվ գործողություններ ու փորձել իրենց միջոցով կազմակերպել հետագա գործընթացներն ու բանակցությունները։

ԱՄՆ-ի շահերից է բխում, որ այս պահին տարածաշրջանում մարտական գործողությունների վերսկսում չլինի։

Ավելի լայնածավալ պատերազմի գնալու վերաբերյալ ադրբեջանական կողմում կա՞ն քննարկումներ, խոսակցություններ։

– Ադրբեջանը վերջին 10 տարիներին էր դեռ նախապատրաստվում պատերազմի ընդդեմ Հայաստանի և՛ քարոզչական առումով, և՛ ռազմական տեխնիկայի ձեռքբերման տեսանկյունից, սա նորություն չէ։ Այս պահի դրությամբ Ադրբեջանն ավելի զգուշավոր է, կարծում եմ՝ որոշ գործողություններ նպաստել են, որ իրենք այս պահին զերծ մնան հետագա հարձակումներից, բայց դա կարող է լինել շատ կարճաժամկետ։

Այն հանգամանքը, որ Բլինքենը կոչ արեց մեկ ամսից ևս հանդիպել, կարծում եմ, գալիս է փաստելու, որ ամերիկյան կողմն ուշի ուշով հետևելու է գործընթացին ու փորձելու է շարունակել իր միջնորդական ջանքերն այդ ուղղությամբ, բայց հաշվի առնենք, որ նոյեմբերին ԱՄՆ-ում միջանկյալ ընտրություններ են, և դա կարող է հնարավորություն տալ Ադրբեջանին գնալ նոր ագրեսիայի։ Ուստի պետք է բոլոր հնարավոր սցենարները հաշվի առնել, բայց երկարաժամկետ առումով պետք է պատրաստվել ու աշխատել այն տրամաբանությամբ, որ Ադրբեջանը պատրաստվում է մեր պետության դեմ պատերազմի։

Այս պատերազմը, ըստ էության, նույնն էր, ինչ 2016-ի պատերազմն Արցախում, այսինքն՝ ինչպես 2016-ի պատերազմն էր 2020 թվականի պատերազմի նախերգանքը, այնպես էլ այս օրերի պատերազմն է հնարավոր մեծ պատերազմի նախերգանք։ Հիմա մեր խելամտությունից, աշխատանքից, ռազմավարական մտածելակերպից, եթե այդպիսին կա, գործողություններից է կախված՝ մենք դա կկարողանա՞նք կանխել կամ այնպես պատրաստվել, որ տանուլ չտանք, թե՞ ուղղակի հարցականի տակ կդնենք մեր պետության գոյությունն առհասարակ։

Տիկի՛ն Հայրապետյան, ձեր դիտարկմամբ՝ այս հրադադարը ԱՄՆի՞, թե՞ Ռուսաստանի ջանքերով հաջողվեց ձեռք բերել։

– Չեմ կարող հստակ գնահատական տալ այդ առումով, որովհետև տեղեկատվության պակաս ունենք, ամեն դեպքում Վաշինգտոնն այժմ փորձում է նախաձեռնությունը Բրյուսելից իր ձեռքը վերցնել՝ հասկանալով Բրյուսելի անօգտակարությունն այս իրավիճակում:

Վաշինգտոնի հասցեական հայտարարություններն այս իրավիճակում ավելի շահավետ են, բայց ռուսական կողմը ևս շարունակում է իր քայլերը, իհարկե այնտեղից հնչող այդ հայտարարություններն այնպիսին չեն, ինչպիսին մենք կուզեինք, բայց հույս ունեմ, որ ՀԱՊԿ առաքելությունը, որը Հայաստանում էր, միգուցե փաստերը ներկայացնելուց հետո հասկանան, որ ագրեսորին զսպելու համար իրերը պետք է կոչեն իրենց անուններով նախևառաջ։

Իսկ հայկական կողմն ինչո՞ւ իրերը չի կոչում իրենց անուններով։

– Քանի որ գործող իշխանությունը հրապարակայնորեն հայտարարել էր, որ եթե ինքը չլինի իշխանություն՝ պատերազմ կլինի, ու իրենք խոստացել էին «խաղաղության դարաշրջան», ապա հիմա չեն ուզում ընդունել, որ իրենք ամբողջությամբ ձախողել են ամեն ինչ։

Չեն հասկանում, որ այսօրվա հասցեական հայտարարությունները կարող են կանխել հետագա պատերազմները, օրինակ՝ եթե իրենք հավատարիմ մնային 2021 թ. մայիսյան ներխուժումից հետո իրենց արած այն հայտարարությանը, որ մինչև Ադրբեջանը հետ չքաշվի Հայաստանի սուվերեն տարածքից, իրենք չեն բանակցի, ու խնդիրը տանեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, իսկ այդ ժամանակ կային այդ հնարավորությունները, ապա մենք կարող էինք կանխել 2022 թվականի սեպտեմբերի պատերազմը Հայաստանի դեմ։

Որպեսզի մենք կարողանանք հասնել որոշակի կանխարգելիչ մեխանիզմների ձեռքբերմանը, նախևառաջ պետք է այս ծածկադմփոցն ավարտվի։ Ներքաղաքական օրակարգն իրենց այնքան է հուզում, որ իրենք ավելի հեշտությամբ զիջում են Հայաստանի տարածքը, քան կզիջեն իշխանությունը։ Իրենք ձախողել են ամեն ինչ ու իրենց արդարացնելու համար իրերը չեն կոչում իրենց անուններով, իսկ դա ևս սպառնալիք է մեր անվտանգությանը։

Ադրբեջանի ներքաղաքական կյանքում ի՞նչ է կատարվում, կո՞ղմ են պատերազմին։ Իշխանության վարած քաղաքականության վերաբերյալ դժգոհություններ կա՞ն։

– Մի քանի քննադատական հոդվածներ կան, որ վարվող քաղաքականությունը վտանգավոր է ու տարածաշրջանում չի բերելու խաղաղության, բայց այդ հոդվածների հեղինակները հիմնականում ապրում են Ադրբեջանի սահմաններից դուրս, մարգինալ մարդիկ են, այսինքն՝ գրում և աշխատում են Ադրբեջանից դուրս, որովհետև եթե այնտեղ լինեին՝ նրանց կձերբակալեին։

Քարոզչադաշտը փորձում է կերակրել մարդկանց, որովհետև կան բազմաթիվ զոհեր, ու մասսայական թաղումներ են կազմակերպվում, ինչ-որ գործընթացներ, որպես այդպիսիք կան, բայց դրանք շատ քիչ ընդգրկում ունեն, բացի այդ, Ալիևի վարչակարգի հիմնական հենասյունը հայի դեմ ատելության քարոզն է և ագրեսիան։

Ադրբեջանը այս ամենի միջոցով հայատյացության նոր քարոզ է բացում, ես տեսել եմ ու չեմ կարողանում ընկալել, թե ոնց կարող են իրենք հրճվել՝ պատերազմական հանցագործությունների տեսանյութերը տեսնելով։ Սա խոսում է այն մասին, որ Ադրբեջանի ղեկավարությունը թունավորել է սեփական ժողովրդին։

Իսկ այս երկօրյա պատերազմի հետևանքով նոր տարածքների գրավման մասին ադրբեջանական կողմը խոսո՞ւմ է։

– Ամեն դեպքում հայտարարել են, որ ևս 10 քառակուսի կիլոմետր օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանական կողմը բազմաթիվ տեսանյութեր է հրապարակում տարբեր հատվածներից՝ ներկայացնելով, որ ռազմավարական նշանակության նոր դիրքեր ու հենակետեր է ձեռք բերել՝ հիմնականում ցուցադրելով, որ վերահսկողության տակ են փորձում առնել, օրինակ՝ Սևանա լիճը կամ շրջակա տարածքը։ Նմանատիպ տեսանյութեր ակտիվորեն են տարածում՝ հանրությանը սնուցելու համար։

Ադրբեջանն ուզում է, որպեսզի չլինի Հայաստանը, ու մեր տարածքը փորձում են դարձնել «բուֆերային գոտի»։ Իրենց խորհրդարանի հանձնաժողովի նախագահի մակարդակով նման ելույթներ ու կոչեր են հնչում՝ Հայաստանի հաշվին ստեղծել «անվտանգության գոտի Ադրբեջանի համար»։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am