«Չինաստանում գտնվող իրանցիները և եվրոպացիները լուրջ չէին վերաբերվում այս հիվանդությանը». Անի Հարությունյանը Չինաստանից՝ կորոնավիրուսի մասին

«Առաջ, որ էս սեզոնը լինում էր, ծաղիկները բացվում էին, շատ գեղեցիկ էր մեր քաղաքը, դուրս էինք գալիս, այգի էինք գնում, հիմա տանն ենք մնում: Հուսանք, որ էս ամեն ինչը շուտով կվերջանա»,- ասում է 30-ամյա Անի Հարությունյանը, որը բնակվում է Չինաստանի Շանսի նահանգի Տայուան քաղաքում:

Անին պատմում է, որ իրենց քաղաքում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 100-ը, սակայն ավելացման դեպքեր չեն եղել, մեծ մասը բուժվել է: 

«Իրանում, Եվրոպայում՝ մասնավորապես Իտալիայում վիրուսի տարածումը մեծ է եղել, քանի որ Չինաստանում շատ կան Իրանից մարդիկ՝ աշակերտներ, ուսանողներ, որոնք այդքան էլ լուրջ չէին վերաբերվում հիվանդությանը, ինչպես նաև եվրոպացիները»,- ասում է Անին:

Նոր տեսակի կորոնավիրուսը անցյալ տարի դեկտեմբերին Չինաստանի Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում է բռնկվել՝ աստիճանաբար տարածվելով նաև երկրի սահմաններից դուրս: Նոր կորոնավիրուսի բռնկումը ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակների կոմիտեի կողմից ճանաչվել է արտակարգ իրավիճակ հանրային առողջապահության ոլորտում:

Փետրվարի 24-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Հեբրեյեսուսը հայտարարեց, որ նոր կորոնավիրուսի բռնկումը դեռևս պանդեմիա չէ (համաշխարհային համաճարակ), սակայն պանդեմիայի վերածվելու «միտումներ ունի»: Ըստ worldometers.info-ի՝ մինչ այս պահը կորոնավիրուսով հիվանդանալու դեպքերը ամբողջ աշխարհում կազմել է 82.588, մահացել է 2814 մարդ, առողջացել են 33.345-ը: Հարևան Իրանում գրանցվել են 245 հիվանդության դեպք, 26 մահ, բուժվել են 54-ը: 

Անին ասում է, որ ովքեր Չինաստան են գալիս ուրիշ քաղաքներից և երկրներից, մտնում են 14 օրվա կարանտինի մեջ. «Օդանավակայանում ավտոբուսներ կան, դիմավորում են նրանց ու տանում, հատուկ ստուգումներ անցկացնում, դրանից հետո մարդկանց տանում են իրենց տներով ու թույլ չեն տալիս 14 օր տանից դուրս գալ, մինչև կարանտինն անցնի, ամեն ինչ հետազոտեն»:

Պատմում է, որ բոլոր դպրոցները փակ են, դպրոցների մեծ մասը ինտերնետ դասընթացներ է անցկացնում երեխաների հետ: 

Քաղաքում սուպերմարկետները բաց են, սակայն մոլերը, հանրախանութները կամ փոքր խանութները փակ են: «Սուպերմարկետները լցված են թարմ մսով, բանջարեղենով, ամեն ինչ թարմ ու ամեն ինչ կա: Գները նույնն են, ինչպես միշտ»: 

Անին նշում է, որ կան կազմակերպություններ, որոնք աշխատում են. 

«Այդ կազմակերպությունները իրենց աշխատողներին ամեն օր դիմակներ են նվիրում և ապահովում են նախաճաշով, ճաշով ու ընթրիքով, որպեսզի աշխատողները գրասենյակից դուրս չգան, ու բոլորը կատարվում է անվճար»:

«Ավտոբուսները, տաքսիները ախտահանվում են յուրաքանչյուր հաճախորդից հետո»,- «Մեդիալաբին» ասում է նա:

«Երբ ամեն ինչ սկսվեց, մեր քաղաքում մարդիկ խուճապի մեջ էին, բայց հետո սկսեցին ենթարկվել կառավարության ահազանգին, որ մնան տանը, ուշադիր լինեն հիգիենայի բոլոր կանոններին ու դիմակներով դուրս գալ տանից»,- նշում է նա: 

Ասում է, որ սկզբում դիմակների խնդիր է եղել, դժվար էր գտնվում, բայց հիմա հեշտությամբ կարողանում են դիմակներ գնել, ու բոլորի տանը կան ախտահանիչ նյութեր:

«Ամեն թաղամասում կան պահակներ, որոնք մուտքի մոտ ստուգում են ջերմությունը, գրանցում են` մարդիկ որտեղից են, ամեն ինչ, որպեսզի իմանան, հանկարծ վիրուսակիր մարդ չմտնի թաղամաս կամ դուրս գալիս իմանան՝ ինչ վիճակում է»: 

Անիի դիտարկմամբ՝ Չինաստանը կարողացավ շատ արագ ամեն ինչ կազմակերպված անել կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար: «Գնալով հանդարտվում է էս իրավիճակը»,- ասում է նա: 

Անին կարծում է, որ Հայաստանում ևս հիվանդությանը լրջորեն են մոտենում.  «Չինաստանից իմ ընկերները, որ վերադարձել են Հայաստան, նրանց 14 օր կարանտին են հայտարարել, նվիրել են հատուկ դիմակներ և հագուստ, որպեսզի զգուշավորությունը պահպանեն: Մոտ 200 մարդ Չինաստանից վերադարձել է Հայաստան, բայց հիվանդություն չի հայտնաբերվել մինչ այս պահը»,- ուրախությամբ նշում է նա:

Արփինե Արզումանյան

MediaLab.am