«Իրավապաշտպաններին երբեք հնարավոր չի լինելու լռեցնել, այդ էժանագին տրյուկները կիրառողները ղալաթ են արել»․ Նինա Կարապետյանց

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

«Հելսինկյան ասոցիացիա» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը «Մեդիալաբի» հետ զրույցում անդրադառնում է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի հայտարարությանը, թե իրավապահներն առաջիկայում կզբաղվեն որոշ իրավապաշտպաններով։

«Այն պահից, երբ անցյալին քաղաքական գնահատական չի տրվում, այն պահից, երբ լյուստրացիա չի արվում, երբ ակնհայտ մեղավորություն ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներն առնվազն չեն հեռացվում իրենց պաշտոններից, այդ պահից խնդիրների մեղավորներ են փնտրվում այլ ուղղություններով»,- «Մեդիալաբին» ասում է Նինա Կարապետյանցը։ Նրա խոսքով՝ իրավապաշտպանները տարիներ շարունակ բարձրաձայնել են բանակում առկա խնդիրները, բայց պաշտպանության նախարարությունը և մյուս պետական մարմինները փորձել են լռեցնել իրավապաշտպաններին՝ վախեցնելով, քննադատելով։

«Հիմա ստացվել է այնպես, որ հնարավորություն է ստեղծվել նաև հանրությանը ներգրավել այս աշխատանքներում, և ամեն հաջորդ քայլով հանրությունն ավելի շատ է ներգրավվում այս պրոցեսների մեջ, որովհետև սա յուրաքանչյուրի խնդիրն է։ Եվ նրանք հասկանում են, որ այս պրոցեսն այլևս կանգնեցնել հնարավոր չէ»,- հավելում է իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ այսօր պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր բանակի խնդիրների մասին բարձրաձայնող իրավապաշտպանների գործունեությանը: Նա ասել էր, որ իրավապահ մարմինները առաջիկայում կզբաղվեն որոշ իրավապաշտպաններով:

«Ես այդ իրավապաշտպաններին համարում եմ չակերտավոր իրավապաշտպաններ: Ես անգամ ունեմ տեղեկություն, որ այդ իրավապաշտպանները կոնկրետ քայքայիչ գործունեություն են իրականացնում: Իմ պատկերացմամբ՝ նրանցից մի քանիսի մոտ յուրաքանչյուր ողբերգական դեպք հրճվանք է առաջացնում: Փորձում են գնալ, տեղում հրահրել հարազատներին՝ որոշակի գործողություններ իրականացնելու համար: Դռնից հանում են՝ լուսամուտից են փորձում մտնել, լուսամուտից հանում են՝ դռնից են փորձում մտնել: Ես կարծում եմ՝ շուտով իրավապահ մարմինները կսկսեն զբաղվել այդ դեպքերով, որովհետև վիշտ ունեցող մարդու վիշտը նորից փորձում են խորացնել, տարբեր պատմություններ հորինել»,- ասել էր Բալայանը:

Նա որոշ իրավապաշտպանների գործունեությունը «քայքայիչ» էր որակել՝ նշելով, որ իրավապահ մարմինները կպարզեն՝ ովքեր են ֆինանսավորում նրանց և ինչի համար:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝ պաշտպանության փոխնախարարի այդ հայտարարությունն ավելի է համախմբելու հանրությանն բանակում առկա խնդիրների շուրջ։ «Նայելով փոխնախարարի հայտարարության վերաբերյալ մեկնաբանությունները՝ ես հասկանում եմ, որ նրանք ճակատագրական սխալ են արել, եթե փորձում են լռեցնել հանրությանը կամ իրավապաշտպաններին։ Նախ իրավապաշտպաններին երբեք լռեցնել հնարավոր չի լինելու, այդ էժանագին տրյուկները կիրառողները, երբ ասում են, թե իբր մենք դրա վրա փող ենք աշխատում, ղալաթ են արել։ Եթե ինձ վրա վերցնեմ՝ ես երբեք զինվորների գործերով փող չեմ ստացել, բայց միշտ առիթ եմ ունեցել մասնակցելու զինծառայողների գործերով քննարկումներին։ Ես երբեք դրա համար գումար չեմ ստացել, ամեն մեկն իր չափանիշով է չափում։ Իրենց պատկերացմամբ՝ դա պետք է լինի կամ մեդալ, կամ պագոն, կամ քեշ փող։ Բայց մարդիկ կան, որոնց համար դա արժեք չէ, մարդկային կյանքը, անվտանգությունը, պետականությունն ու ժողովրդավարությունն են արժեք»,- հավելեց նա։

Ըստ Նինա Կարապետյանցի՝ այդ անձինք ընդունակ չեն հասկանալու իրավապաշտպանների բուն ձգտումներն ու նպատակները։ «Այնպես որ, խորհուրդ կտամ՝ կամ թող ինքնակամ հեռանան, կամ պատրաստվեն ավելի ակտիվ գործողությունների։ Ես ցավում եմ, որ հեղափոխությունից հետո մեր իշխանությունն այդպես էլ չկարողացավ թացը չորից տարբերակել, չկարողացավ, այսպես կոչված, պրոֆեսիոնալ, բայց իրականում իրենց պաշտոնին չհամապատասխանող մարդկանց հեռացնել այդ պաշտոններից և ի վերջո գնալ դեպի նորմալ կառավարում, որտեղ ամեն մեկն իր արածի կամ չարածի համար պետք է պատասխան տա»,- ասում է իրավապաշտպանը՝ հավելելով, որ պաշտոնյան պետք է պատասխան տա իր արածի կամ չարածի համար։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am