Մհեր Գրիգորյանի նամակը Միլլերին կիրառական նշանակություն չի ունենա, և գազի թանկացումը աշնանը կհանգեցնի մասսայական գնաճի․ փորձագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը 

– Պարոն Դավթյան, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ) գազի սակագինը բարձրացնելու մասին հայտ է ներկայացրել։ Որքանո՞վ է հիմնավորված այդ հայտը, ուսումնասիրե՞լ եք։

– «Գազպրոմ Արմենիայի» հայտը և դրանով առաջարկվող նոր սակագնային պլանը ունեն հետևյալ տրամաբանությունը՝ մինչև 10 հազար խմ սպառողների համար գինը, ակնկալվում է, որ իջնելու է 2,3 տոկոսով, այսինքն՝ 1 խմ-ի դիմաց՝ 136 դրամ։

Միաժամանակ մեծ հարվածի տակ է հայտնվում սպառողների սոցիալապես անապահով սեգմենտը, որը մինչ այժմ բավականին ցածր գնով էր գազը գնում՝ 100 դրամ 1 խմ-ի դիմաց։

Այսուհետ առաջարկվող հավասարեցման քաղաքականության արդյունքում նրանք զրկվելու են այդ զեղչից ու վճարելու են ինչպես բոլորը՝ 136 դրամ։ Ըստ ընկերության ներկայացրած հայտի՝ հիմնական հարվածն ընկնում է նաև 10 հազար խմ-ից ավելի գազ սպառողների վրա, և այս պարագայում ակնհայտորեն թիրախում են հայտնվում տնտեսավարողները, որոնց մեջ մտնում է փոքր, միջին նաև՝ խոշոր բիզնեսը։

Ներկայացված սակագնային փաթեթի մեջ դրական բանը, որ կարող ենք առանձնացնել, այն է, որ նոր կարգավորումները չեն վերաբերելու էլեկտրաէներգիա արտադրող օբյեկտներին՝ ջերմաէլեկտրակայաններին, որոնք ապահովում են Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության 40-42 տոկոսը և աշխատում են բնական գազով։

Այսինքն՝ եթե նոր սակագնային փաթեթը վերաբերեր ջերմաէլեկտրակայաններին, մենք կունենայինք էլեկտրաէներգիայի սակագնի կտրուկ աճ։ Բարեբախտաբար, առայժմ այս նոր սակագնային առաջարկը շրջանցում է ջերմաէլեկտրակայանները։

Խոշոր հաշվով երբ համադրում ենք այս բոլոր բաղադրիչները, կարող ենք ասել, որ արդեն աշնանը երկրում կարող ենք ակնկալել բավական լուրջ, մասսայական գնաճ, ինչը կարող է լուրջ հետևանքներ առաջացնել իշխանության համար։

– Այն դեպքում, երբ սպասվում է ֆինանսատնտեսական ճգնաժամ, արդարացվա՞ծ էր ընկերության նման առաջարկը։

– Ես առաջարկում եմ՝ մենք ուղղորդվենք բացառապես պրագմատիկ ցուցանիշներով։ Ուղղակիորեն կապել Հայաստանի ներսում սակագնային քաղաքականությունը միջազգային տնտեսական ճգնաժամի ու էներգետիկ անցուդարձի հետ՝ այնքան էլ նպատակահարմար չէ։

Ինչո՞ւ, որովհետև ոլորտի գիտակները շատ լավ հասկանում են, որ Ռուսաստանն այն բացառիկ երկրներից է, որ կարողացել է իր էներգետիկ քաղաքականության մեջ հասնել մի այնպիսի կետի, որ նավթի գնանկումը չի անդրադառնում գազի գնի վրա, ի տարբերություն շատ այլ նավթ և գազ արտահանող երկրների։

Երկրորդ՝ առհասարակ գազի շուկան դեռ չի ձևավորվել որպես ինքնուրույն շուկա և, իհարկե, կախված է նավթի գնանկումից։ Այստեղ կարող ենք եզրահանգման գալ՝ եթե նավթի գինը անկում է ապրել վերջին շրջանում, ապա պետք է նույնը լինի նաև գազի գնի հետ։ Բայց գազի շուկան սեգմենտավորվում է՝ կա հեղուկ գազի շուկա, որը կախված է նավթի գներից, և խողովակաշարային գազ, որը նավթի գներից կախված չէ։

Ըստ այդմ՝ Հայաստանի ներսում սակագնային քաղաքականությունը կապել միջազգային անցուդարձի հետ՝ այնքան էլ տրամաբանական չեմ համարում։ Առավել ևս, Հայաստանում իրականացվող սակագնային քաղաքականությունն ունի կարևոր առանձնահատկություն՝ Հայաստանի գազատրանսպորտային համակարգի մոդելն է, որն ընդունվել է 2013-ի հայտնի գազային համաձայնագրերով։

Դրանց մի քանի հիմնադրույթների համաձայն՝ երկրի ներսում սահմանափակվում են ողջամիտ սոցիալակենտրոն սակագնային քաղաքականություն իրականացնելու հնարավորությունները։ Մասնավորապես, խոսքն այն դրույթի մասին է, որի համաձայն, «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարեկան շահութաբերությունը պետք է կազմի 9 տոկոս։

Վստահեցնում եմ՝ դա բարդ ցուցանիշ է ընկերության համար՝ հաշվի առնելով ներդրումային պարտավորությունները, երկրի ներսում սպառման դինամիկան։ Իմ խորին համոզմամբ՝ հայ-ռուսական գազային բանակցության սեղանին պետք է դրվի ոչ թե սակագնի վերանայման հարցը, այլ պետք է բանակցությունների օրակարգ բերվի այդ համաձայնագրերի խմբագրման հարցը։

Այդ համաձայնագրերը թույլ չեն տալիս երկրի ներսում իրականացնել սոցիալամետ քաղաքականություն։ Այնպես որ, հարցը բացառապես ունի ներքին կոմերցիոն բնույթ և դա կապել ճգնաժամի հետ՝ ճիշտ չէ։ 

– Ստացվում է՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետության մեջ հանդես է գալիս այս ոլորտում գլխավոր թելադրող։

– Այո, ավաղ, տարիներ շարունակ իշխանություններն իրականացրել են էներգետիկ քաղաքականություն, որը բերել է մեզ մի այնպիսի վիճակի, երբ մենք կորցրել ենք երկրի ներսում ազգային էներգետիկ քաղաքականություն իրականացնելու հնարավորությունը։

2013-ի դեկտեմբերի պայմանագրերը ոչ միայն սահմանափակում են երկրի ներսում սոցիալակենտրոն սակագնային քաղաքականության իրականացումը, այլ նաև սահմանափակում են ազգային գազատրանսպորտային քաղաքականություն իրականացնելու պետության հնարավորությունները։

Օրինակ՝ այդ համաձայնագրերում առկա է մի դրույթ, որի համաձայն՝ ընկերության խորհրդում կարող է լինել կառավարության ընդամենը մեկ ներկայացուցիչ, բայց՝ առանց ձայնի իրավունքի։ Սա նշանակում է, որ գազատրանսպորտային ոլորտում կառավարության, պետության դերը սիմվոլիկ նշանակություն ունի։

Սա ես կնկարագրեի մի իրավիճակ, որտեղ պետությունը, կառավարությունը չի աշխատում այն ուղղությամբ, որ համապատասխան լծակներ, գործիքակազմ ձևավորի իր կշիռը երկրի գազատրանսպորտային համակարգում ավելացնելու ուղղությամբ։ Պետք է խնդիրը նախևառաջ փնտրել մեզանում։ 

– Պարոն Դավթյան, օրեր առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակով դիմել էր «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ առաջարկելով ստեղծված ֆինանսատնտեսական իրավիճակում նոր քննարկումներ ծավալել Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի շուրջ։ Այդ նամակից հետո, փաստորեն, «Գազպրոմ Արմենիան» դիմում է ՀԾԿՀ՝ սակագների փոփոխման հարցով։ Ի՞նչ է սա նշանակում։

– Բայց արդյո՞ք «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտը հաջորդել է փոխվարչապետի նամակին։ Իմ մոտ տպավորություն է, որ այդ երկու քայլերը միաժամանակ զուգահեռաբար են մտել հանրային տեղեկատվական տիրույթ։

Խնդրի վերաբերյալ իմ պատկերացումը հետևյալն է՝ սահմանին գազի գնի հարցը վերջնականապես լուծում ստանալուց հետո միայն երկրի ներսում կարող է որևէ էական քննարկում տեղի ունենալ սակագնային քաղաքականության վերաբերյալ։

Քանի որ Մհեր Գրիգորյանը նամակ է ուղարկել Միլլերին, ու դրան զուգընթաց եղավ «Գազպրոմ Արմենիայի» հայտը, սա վկայում է այն մասին, որ սահմանին գազի գինը դժվար թե որևէ փոփոխության ենթարկվի։ Հակառակ դեպքում կողմերը կսպասեին, մինչև փոխվարչապետի նամակին արձագանք լիներ, և դրանից հետո միայն անցում կատարվեր սակագնային քաղաքականությանը։

Չէ՞ որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ռուսաստանյան «Գազպրոմի» 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է, և սակագնային կարգավորման հարցերը համաձայնեցվում են մայր ընկերության հետ։

Քանի որ հարցը նման ընթացք է ստացել և ոչ հօգուտ մեզ, ըստ այդմ, կարծում եմ, Մհեր Գրիգորյանը փորձեց համաշխարհային տրենդից հետ չմնալու համար նման քայլի դիմել՝ փորձելով ցույց տալ, թե կառավարությունն ինչ-որ գործողություններ իրականացնում է այս ուղղությամբ։

Վերջին մեկ տարվա ընթացքում մենք ժամանակ ենք կորցրել․ հայտարարել ենք ինչ-որ բանակցային գործընթացների մասին, որոնք հիմա, երևում է՝ ապարդյուն են եղել։

Ես կարծում եմ՝այդ նամակը չի կարող ունենալ կիրառական նշանակություն, որևէ արդյունքի չի բերի։ 

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am