«Եթե սուր անհրաժեշտություն չկա, լավ կլինի Հայաստանը ձեռնպահ մնա Թուրքիայի օգնությունից». Թուրքագետ

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը

– Պարոն Մելքոնյան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Պոլսի հայոց պատրիարք Սահակ արք. Մաշալյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում պատրաստակամություն է հայտնել Հայաստանին օժանդակություն ցուցաբերել դեղորայքի հարցում ։ Ի՞նչ ուղերձ ունի Թուրքիայի նախագահի այս առաջարկը։

– Նախ պետք է երկու հանգամանքի ուշադրություն դարձնել։ Առաջինը, որ դա հեռախոսազրույցի ընթացքում ի թիվս այլ հարցերի շոշափված թեմա է։ 

Այսինքն՝ պաշտոնական հայտարարություն կամ պաշտոնական ուղերձ չէ։ Ճիշտ է, երկրի նախագահի կողմից է հնչել, բայց դրա արարողակարգային ստատուսը բավական ցածր է, որովհետև հեռախոսազրույցի ընթացքում հիմնական հարցին զուգահեռ արծարծված թեմա է։

Երկրորդ հանգամանքն այն է, որ դա Թուրքիայի իշխանություններին բնորոշ ձեռագիր է, նրանք նման իրավիճակներում փորձում են իրենք արտաքին իմիջի համար դրական հենքեր ստեղծել՝ ցույց տալով իրենց հավատարմությունը հումանիստական տարբեր սկզբունքներին։ 

Եվ հետագայում նրանք դա օգտագործում են իրենց քաղաքական հռետորաբանության մեջ։ Ես վստահ եմ, որ այս հայտարարությունը, անկախ նրանից, Հայաստանը դրան կարձագանքի, թե ոչ, հետագայում տեղ կգտնի թուրքական պաշտոնական հռետորաբանության մեջ։

 Եվ Էրդողանի, և այլոց կողմից դա կշեշտադրվի և միջազգային հարթակներում, և այլ հնարավոր ամբիոններում, որ իրենք Հայաստանին օգնություն են առաջարկել։

Իրենք նմանօրինակ հայտարարություններ միշտ անում են, օրինակ, ասում են՝ մենք վերականգնել ենք Աղթամարի Սուրբ խաչը, մեզ մոտ կան հայաստանցի ապօրինի միգրանտներ և այլն։ Նմանատիպ հայտարարություններ արվել են նաև Հունաստանի, Սիրիայի պարագայում։

Մենք տեսնում ենք, որ Իրաքի գաղթականների հարցը նույնպես Թուրքիան օգտագործում է, այսպես ասած, իր հումանիստական իմիջն ամրապնդելու համար։ Վստահ եմ, որ սա նույնպես կունենա նման շարունակություն։

Հայաստանն ինչպե՞ս պետք է արձագանքի Թուրքիայի այս առաջարկին։ Արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է, որ ձեռնպահ են մնում մեկնաբանությունից։

 – Հայաստանն ինչպես էլ արձագանքի, ըստ էության, շատ մեծ նշանակություն չունի Թուրքիայի համար, քանի որ այն, ինչի նրանք ուզում էին հասնել, արդեն հասել են։ Նկատի ունեմ քարոզչական խնդիրը լուծելը։ Իմ կարծիքով՝ եթե Հայաստանը ձեռնպահ է մնում, ավելի տրամաբանական է։ 

Կամ եթե լինի արձագանք, ապա հավասարազոր մակարդակում պետք է լինի։ Եթե թուրքական կողմից պատրիարքի հետ հեռախոսազրույցում արված հայտարարություն է եղել, ապա չարժի, որ Հայաստանը դրան պաշտոնական պատասխանի։ Կարող է համանման մի պատասխան տալ։ 

Օրինակ՝ նույն պատրիարքին կարող է զանգել մեր հոգևորականներից մեկը և հեռախոսազրույցի ընթացքում ինչ-որ կերպ արձագանքել։

Չնայած որոշ մասնագետներ նշում են, որ սա առիթ է՝ Թուրքիային հակադարձելու, նշելու, որ Թուրքիան շրջափակում է Հայաստանը և այլն, բայց այս պահին, երբ միջազգային քաղաքական օրակարգը լրիվ այլ թեմաներով է հագեցած՝ կորոնավիրուսի հետ կապված, Հայաստանի հակադարձումը, չեմ կարծում, որ շատ մեծ էֆեկտ տա։

Մի հանգամանք էլ եմ ուզում շեշտել։ Չնայած Հայաստանի ու Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, բայց հայտնի է, որ կան դիվանագիտական ու պետական այլ խողովակներ, որոնց միջոցով հնարավոր է ուղերձներ փոխանակել։

 Եվ նման նախադեպեր կան։ Ես չեմ կարծում, որ սա Էրդողանի կողմից պաշտոնական ուղերձ է, ինչպես նշեցի, սա ավելի շատ քարոզչական բնույթ ունեցող խնդիր է։

– Եթե նույնիսկ Թուրքիան գործնական քայլեր անի, արդյոք Հայաստանը պե՞տք է Թուրքիայից օգնություն ընդունի։

– Դա ամենավերջին բանն է, որ ես կցանկանայի։ Ես չգիտեմ, թե նրանք ինչ դեղեր են առաջարկում, բայց եթե, Աստված մի արասցե, Հայաստանն իրոք կարիք ունենա, այդ կարիքն այդքան սուր դրսևորվի, դա վերջին բանն է, որ կարելի է օգնություն խնդրել Թուրքիայից։ 

Չնայած նման իրավիճակներում պետությունների հակամարտությունները ստորադասվում են, բայց դա Թուրքիային չի վերաբերում։ Մենք տեսնում ենք, որ այդ երկիրը հումանիզմի հետ կապված լրջագույն խնդիրներ ունի։

Եվ անգամ այս պարագայում մենք տեսնում ենք, թե թուրք-հունական սահմանին ինչ իրավիճակներ են ստեղծվում սիրիացի գաղթականների համար, որպեսզի նրանք չտեղափոխվեն Եվրոպա, ինչպիսի անմարդկային դեպքեր կան թուրք-հունական սահմանին։ 

Կարծում եմ՝ եթե սուր անհրաժեշտություն չկա, ապա ավելի լավ կլինի Հայաստանը ձեռնպահ մնա այդ օգնությունից։

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայում գտնվող հայաստանցիների տեղափոխման հարցին, ապա դա այն հարցն է, որում Թուրքիան պարտավոր է Հայաստանի հետ համագործակցել՝ այդ քաղաքացիներին Հայաստան տեղափոխելու հարցում։ Եվ սա ամենևին մեծ զիջում չէ Հայաստանին, սա գրված ու չգրված միջազգային պարտավորություններից է։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am