«Հայաստանը, որը բոլոր կողմերից շրջափակված է, իրավունք չունի ազգային ավիափոխադրող, սեփական ավիացիա չունենալու». Դմիտրի Ադբաշյան

Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտում ստեղծված իրավիճակի մասին «Մեդիալաբը» զրուցել է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ,  Հայաստանի ազգային ավիացիոն միավորման նախագահ, օդաչու Դմիտրի Ադբաշյանի հետ

– Պարոն Ադբաշյան, դուք, վստահ եմ, հետևում եք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) հետ կապված վերջին լուրերին։ Փորձագետներն ասում են՝ ավիացիայի ոլորտը վտանգված է։ Դուք ի՞նչ կասեք։

– Ճիշտ են ասում ՝ ավիացիայի ոլորտը վտանգված է։

– Կբացատրե՞ք՝ ինչպես է վտանգված։ 

– Եվրոպացի մասնագետները ստուգել են մեր ավիացիայի ոլորտում գործող կարգերը ու շատ թերություններ են գտել, ու իմ տվյալներով՝ երկու ավիաընկերության զրկել են Եվրոպա թռչելու իրավունքից։ 

Դա նշանակում է, որ վտանգի տակ է ոլորտը։ Այսինքն՝ նրանք կորցրել են Եվրոպա թռչելու իրավունքը։ Հավանաբար շատ թերություններ են եղել, որոնց հիման վրա նման բան է որոշվել։

– Ինչպե՞ս եք գնահատում Քաղավիացիայի կոմիտեի գործունեությունն այդ առումով։ Թերի՞ է աշխատել, որ նման իրավիճակում են հայտնվել։ 

– Ես իրավունք չունեմ քննադատել կամ գովաբանել Քաղավիացիայի կոմիտեի աշխատանքները, դրանց արդյունքները։ Ինչ պարզել է Եվրոպան (նկատի ունի Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA.- խմբ), ուրեմն այդպես էլ կա։ Ես մանրամասն ծանոթ չեմ։ Ես այս աուդիտի արդյունքներին ծանոթ չեմ ու իրավունք չունեմ գնահատական տալու։

– Լավ, ինչ եք կարծում՝ Հայաստանին անհրաժե՞շտ է ազգային ավիափոխադրող։

– Հայաստանը, որը բոլոր կողմերից շրջափակված է, իրավունք չունի ազգային ավիափոխադրող, սեփական ավիացիա չունենալու։ Այդ հարցը պետք է լինի Կառավարության, նախագահի ուշադրության կենտրոնում։ Սա իմ կարծիքն է։ 

Ուրիշները կարող են ուրիշ կարծիք ունենալ։ Բայց ես գտնում է, որ հակառակ կարծիքն ունենալը այս հարցում սխալ է՝ պետք է ունենանք հզոր, սեփական ավիացիա։

– Կառավարությունը կարծես դրան հակված չէ։

– Կառավարությունը ի վերջո պետք է փոխի այդ քաղաքականություն ու գնա այս ճանապարհով։

– Այս հարցով դուք խոսե՞լ եք ՔԱԿ ղեկավար Տաթևիկ Ռևազյանի հետ։

– Ես նրա հետ ունեցել եմ մի քանի հանդիպում և, իհարկե, այդ մասին իմ կարծիքը նրան ասել եմ։ Մի բան են ցանկությունները, մեկ այլ բան՝ հնարավորությունները։ 

Չգիտեմ՝ ինչ են մտածում, բայց ես գտնում եմ, որ Հայաստանը իրավունք չունի սեփական ավիացիա չունենալ։ 

Ամենամեծ խնդիրն էլ այն է, որ մենք մինչև հիմա չունենք օդային օրենսգիրք, չնայած 200-ից ավելի երկիր ունի օդային օրենսգիրք, սակայն դրա փոխարեն մենք ունենք ավիացիայի մասին օրենք։ 

Այդ օրենքը թույլ է տալիս պահել մեր ավիացիան այս վիճակում։ Ես դիլխոր եմ, որ մենք չունենք սեփական ավիացիա։ 

Օրինակ՝ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի ավիացիան ավելի հզոր լինի, քան Հայաստանինը կամ Վրաստանինը։ Ինչո՞ւ մեզ մոտ պետք է ավելի թույլ լինի։

– Ազգային ավիացիա ունենալու համար մե՞ծ գումարներ են պետք։

– Ավիացիան, հակառակը, մեծ գումարներ, եկամուտ է բերում։ 90-ական թվականներին եթե նայեք, կտեսնեք, որ պետական բյուջեի 25 տոկոսը ավիացիան է բերել։

– Պարոն Ադբաշյան, Հայաստանը նաև տխուր փորձ ունի ազգային ավիափոխադրող ունենալու հարցում։ Դուք կարծում եք կհաջողի՞ էլի նույն ջուրը մտնել։

– Ես լավատես եմ։ Պետք է բարի ցանկություն ունենալ, ու ամեն ինչ կստացվի։

– Իսկ դուք ձեր խորհուրդներով աջակցություն ցուցաբերո՞ւմ եք ՔԱԿ-ին։

– Իհարկե, որ դիմում են՝ անպայման։

– Ասում են՝ ՔԱԿ նոր ղեկավարը անփորձ է։

– Ես իրավունք չունեմ նրան գնահատական տալու։ Նրան գնահատական տալիս է մեր Կառավարությունը, նախագահը։ Ես ո՞վ եմ, որ նրան գնահատական տամ։

– Ոլորտի մասնագետ։

 – Ոլորտի մասնագետը (ժպտում է հեղ․) նայում է ու տեսնում է այն, ինչ կա։ Շատ տխուր է վիճակը, արդյունքները շատ տխուր են։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am