«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը
– Պարո՛ն Շիրինյան, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցություններին, ասել է, որ անցած տարվա ապրիլին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ հանդիպմանն առաջարկվել են նախագծեր, որոնք հիմա ակտիվորեն քննարկվում են:
Այդ փաստաթղթերը, Լավրովի խոսքով, ենթադրում են կարգավորման փուլային լուծում՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում և տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների բացում: Ինչպե՞ս եք գնահատում նրա այս հայտարարությունը:
– Լավրովը Ղրիմը նկատի ունի՞: Կորոնավիրուսն ու նավթի գների անկումը, ինձ թվում է, իրոք պետք է հուշեին Ռուսաստանի ներսում ու դրսում առաջացած վիճակի բարելավմամբ զբաղվել:
Երկրորդ՝ այդպիսի խնդիր իրենք ունեն՝ Դոնբասից զորքերը պետք է դուրս բերեն, փոխանակ դրանով զբաղվեն, ինչո՛վ են զբաղվում: Տարածքների վերաբերյալ հարցեր չկան այլևս, հարցը լուծված է: Խնդիրը մնում է այն, որ մեր բարեկամը՝ Ռուսաստանը, դա մի օր հասկանա և ընդունի այն իրողությունը, որը կա:
Իսկապես զարմանալի է, բան ու գործ չունեն, այս Սոդոմ-Գոմորի մեջ նման հարց են բարձրացնում: Մոսկվայում իսկական համաճարակ է՝ թաքցնում են, նավթի գները կտրուկ նվազել են, այս պայմաններում ինչի՛ մասին է խոսում:
– Արդյոք հայկական կողմը կարո՞ղ է համաձայնել փուլային լուծման տարբերակին, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ տարածքների ազատում: Արդեն իսկ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հերքեց Լավրովի առաջ քաշած տարբերակը:
– Հայկական կողմը ոչ մի զիջման չի համաձայնում, և Հայաստանում չկա իշխանություն, որը կարող է հարցի նման լուծման գնալ: Այդ հարցը լուծված է, մնում է՝ այդ իրողությունն ընդունեն:
Առաջինը Ռուսաստանը պետք է այդ իրողությունն ընդունի, որովհետև ինքն իբրև թե մեր դարավոր բարեկամն ու ռազմավարական դաշնակիցն է: Այդպիսի դաշնակից կլինի՞, անընդհատ դավեր է նյութում իր դաշնակցի դեմ: Դա նույն է, որ դուք բարեկամ ունեք, որն անընդհատ ձեզ վնաս է տալիս:
– Անդրադառնալով Հայաստանի համար գազի գնի նվազեցման հարցին՝ Լավրովն ասել է, որ Հայաստանն ունի պայմանագրային պարտավորություններ: Հայտնի է, որ ՀՀ Կառավարությունը պաշտոնապես դիմել է «Գազպրոմին»՝ սահմանին գազի գնի նվազեցման համար, սակայն Լավրովի հայտարարությունից պարզ դարձավ, որ կարծես պատրաստ չեն նվազեցնել գինը: Ի՞նչ պետք է անել այս իրավիճակում:
– Հայաստանի նախկին ծախված իշխանությունը բավարարել է Ռուսաստանի ամեն քմահաճույք: Իսկ հիմա Հայաստանում իշխանություն է փոխվել, եղել է հեղափոխություն, և ժողովուրդն իր կամքը դրսևորելով այլ իշխանություն է ձևավորել:
Երկրորդ՝ նավթի և գազի համաշխարհային շուկայում իրադրությունն արմատապես փոխվել է: Հիմա նավթի գների անկման պայմաններում կարո՞ղ է իրենք մեզ վրա նավթը թանկ ծախեն, որովհետև ժամանակին ինչ-որ մի տխմար նման պայմանագիր է ստորագրել:
Եթե ինքն ասում է, որ Հայաստանն ունի պայմանագրային պարտավորություններ, որպես մեր դաշնակից՝ պարտավոր է նախ պարզեցնել այդ պայմանագրային պարտավորությունները, ասել, թե ինչ է եղել ժամանակին:
Երկրորդ՝ իրադրությունը փոխվել է աշխարհում, և ինքը պարտավոր է պայմանագրային պարտավորությունները փոխել: Իրենք ուրիշների հետ հարաբերություններում այդպես են ասում, ասում են՝ իրադրություն է փոխվել: Իրենց համար դա աշխատում է, աշխարհում ուրիշ ոչ մեկի համար չի՞ աշխատում: Ա՛յ քեզ դաշնակից:
– Այսինքն՝ հայկական կողմի դիմումի հիման վրա սահմանին պետք է միանշանակ նվազեցվի՞ գազի գինը:
– Ոչ միայն պետք է նվազեցվի, այլև հայկական կողմը պետք է քննի այն հանձնաժողովի աշխատանքը, որոնք այդ ճորտային պայմանագրերը Ռուսաստանի հետ կնքել են:
Պարզ չէ, թե հայկական պետականության անունից ո՛վ է հայկական կողմի շահերը հետևողական ծախել օտարին, այս դեպքում՝ Ռուսաստանին:
Իրավիճակն արմատապես փոխվել է, հիմա իրենք ի՞նչ են ուզում, ուզում են այդ իրականության մեջ Հայաստանը նոր քաղաքական կողմնորոշո՞ւմ որդեգրի:
Դա՞ են ուզում, սա խայտառակություն է, աշխարհում նավթի ու գազի գները բոլորի համար ցածր են, մենք պետք է բա՞րձր վճարենք: Այդ դեպքում իրենք թող ոչ մի խոչընդոտ չառաջացնեն, մենք Իրանի հետ մեր հարցերը կլուծենք:
Դեպի Իրան՝ գազ էլ կա, նավթ էլ, աշխատանք էլ: Հայկական կողմը հիմա թող բանակցություններ սկսի Իրանի հետ գազի մատակարարման վերաբերյալ և մտածի «Գազպրոմի» հետ հարաբերությունները խզելու մասին:
Ռոզա Հովհաննիսյան
MediaLab.am