Պարետատան հետ քննարկում եմ «Գլորիա» կարի ֆաբրիկայի գործունեությունը 14 օրով կասեցնելու հնարավորությունը․ մարզպետ

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը քննարկում է Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան ոչ թե 3, այլ 14 օրով փակելու հնարավորությունը՝ այդ մասին «Մեդիալաբին» ասում է մարզպետը։

Թեստավորման արդյունքում պարզ է դարձել, որ այժմ կարի ֆաբրիկայում կա կորոնավիրուսի հաստատված 36 դեպք։ Պարետատան որոշմամբ՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայի գործունեությունը 72 ժամով դադարեցվել է՝ հակահամաճարակային պայմանների խախտումներ թույլ տալու պատճառաբանությամբ։

Երեկ, հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Ֆեյսբուքի էջում հրապարակել էր մի լուսանկար, որում ֆաբրիկայի աշխատակիցները, առանց հեռավորություն պահպանելու, խցկվում են ավտոբուսի մեջ։ Այս լուսանկարի հրապարակումից հետո հայտարարվեց, որ ֆաբրիկան փակվում է 72 ժամով։

«Հավանաբար հնարավոր էլ չէ, որ 2000-ից ավելի աշխատակից ունեցող ընկերությունում չլիներ որևէ մեկը վարակակիր, ի հետևանք ունենք նման իրավիճակ»,- նշում է Լոռու մարզպետը։

Նրա ներկայացմամբ՝ «Գլորիա» կարի ֆաբրիկայում բուն աշխատանքային գործընթացում խախտումներ չեն գրանցվել, կանոնները պահպանվել են, սակայն ավտոբուսով աշխատակիցների տեղափոխումը կատարվել է խախտումներով։

«Ունենք վարակի տարածում և պետք է դրան համապատասխան գործողություններ ու միջոցառումներ իրականացնենք»,- հավելում է Անդրեյ Ղուկասյանը։

Վարչապետի կողմից այդ լուսանկարի հրապարակումից անմիջապես հետո ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում տարակուսանք էր հայտնել՝ արդյոք իրավաչափ որոշում է, ու հայտարարել էր՝ ի՞նչ են անելու այն 3600 աշխատողները, եթե գործարանը փակվում է։ Մարզպետը Մարուքյանի այս դիրքորոշումը պոպուլիստական է համարում․

«Վերջին շրջանում պարոն Մարուքյանի մոտ պոպուլիստական հայտարարությունների պակաս չի զգացվում, սա հերթական անպատասխանատու ու պոպուլիստական հայտարարությունն էր։ Մարդիկ, իհարկե, կարևոր է, որ աշխատեն, բայց ամենակարևորը մարդկանց առողջությունն է։ Յուրաքանչյուր քաղաքացու կյանքը մեզ համար թանկ է, և մենք պետք է անենք բոլոր գործողությունները իրավիճակը վերահսկելի պահելու համար»։

Ավելին, մարզպետը պատրաստվում է պարետատան հետ քննարկել «Գլորիա» կարի ֆաբրիկայի գործունեությունը ոչ թե 3, այլ 14 օրով կասեցնելու հարցը, որպեսզի «վիրուսի հետ կապված անկառավարելի զարգացումներ չլինեն»։

Մարզպետն ասում է՝ գործարանի չաշխատելու հետևանքով սոցիալ-տնտեսական վնասների հաշվարկ չի կատարվել, սակայն այս պարագայում կարևորը մարդկանց կյանքն է։ 

«Ամենակարևորը մարդկանց առողջությունն է, և եթե, աստված չանի, որևէ դժբախտ ելքով դեպք լինի ֆաբրիկայից, բացի մարզային ու հանրապետական իշխանություններից, դրա համար պատասխանատվության զգացում չի ունենալու։ Իսկ մենք դա ունենք, հետևաբար թույլ չենք տալու, որ լինեն նման զարգացումներ»,-ընդգծում է Ղուկասյանը։

Դիտարկմանը, թե տարբեր քննարկումներում հնչում էին պնդումներ, որ ֆաբրիկան հնարավորություն չունի այլ, ավելի հարմարավետ ավտոբուսներ ներգրավել մարդկանց տեղափոխելու համար, մարզպետը արձագանքում է․

«Հնարավորությունները ավելի մեծ են, և այս պայմաններում կարող են ներգրավել ավելի մեծ ավտոբուսներ և ապահովել մարդկանց նորմալ տեղափոխումը։ Մենք ունենք փաստ՝ կա 36 վարակակիր, և մենք մեր գործողությունները կազմակերպում ենք՝ այս իրողությունից ելնելով»։

Լոռու մարզում կորոնավիրուսի 133 հաստատված դեպք է գրանցվել, որոնցից 66-ը՝ առողջացած, 1 մահվան դեպք։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am