Աստված տա՝ մի լույս բացվի․ Ձորագյուղում կորոնավիրուսից փրկվելու համար Աստված են կանչում

57-ամյա Լևոն Գրիգորյանը Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքը ղեկավարում է արդեն 21 տարի։ Ասում է՝ ոչ իր կյանքի և ոչ էլ պաշտոնավարման ընթացքում չի եղել դեպք, երբ գյուղն ամբողջությամբ շրջափակված լինի։ 

Սակայն այսօր իրավիճակն այլ է․ կորոնավիրուսի բռնկված օջախը մարելու համար ՀՀ արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ հունիսի 6-ից մինչև 20-ը Ձորագյուղը փակ է մնալու, ոստիկանության, ԱԱԾ ծառայողները հսկում են գյուղի մուտքերն ու ելքերը։

Այսօր Ձորագյուղում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 65-ն են։ Արդեն մեկ մահ ունեն, երեքի վիճակը ծայրահեղ ծանր է։ Վարակվածների թվում երեխաներ չկան, բոլորը մեծահասակներ են։ 

«Երիտասարդ էր, 46 տարեկան։ Խոցելի խմբում էր։ Մարզպետարանի, ուժայինների օգնությամբ կազմակերպելու ենք, որ թաղումը կայանա», – «Մեդիալաբին» պատմում է գյուղապետ Լևոն Գրիգորյանը։ 

Գյուղում կորոնավիրուսի բռնկման օջախը, համարում են՝ հուղարկավորությունն է եղել։ Սակայն գյուղապետն ասում է՝ մայիսին ունեցել են հուղարկավորության երկու դեպք՝ մայիսի 14-ին և 25-ին, մասնակիցները քիչ են եղել են, դիմակով ու ձեռնոցով։

«Էսօր ոչ մեկը ապահովագրված չի, ու մեզ համար էլ անհասկանալի է՝ ոնց է այս օջախը բռնկվել։ Գիտեք՝ Մարտունու տարածաշրջանում ոնց է․ թաղումներին մասնակցում են բոլորը, որովհետև բոլորն իրար ճանաչում են։

Այդպես է նաև մեր գյուղում, դե հիմա էդպես է։ Բայց էս իրավիճակը փոխել է ամեն ինչ։ Վերջին թաղումները մեր մոտ սակավամարդ են եղել, առավելագույնը՝ 30 հոգի, էն էլ՝ ձեռնոցներով ու դիմակով։ Բայց չիմացանք՝ ոնց սկսվեց էս ամենը»,- տարակուսած է գյուղապետը։

Նրա խոսքով՝ հիմնական վարակակիրները եղել են «տվյալ տնտեսության, ծխի ղեկավարները», այսինքն՝ տղամարդիկ, որոնց շփումը շատ է եղել։ Նրանք գնացել են ամբուլատորիա, թեստավորվել են, և վարակը հաստատվել է նրանց մոտ։ Գրեթե ամեն օր գյուղում թեստավորումներ են իրականացվում։

«Ամեն ինչ խիստ հսկողության տակ է»,- ասում է գյուղապետը և հույս հայտնում, որ շուտով կորոնավիրուսի բռնկումը գյուղում կմարի։ 

Ձորագյուղում շուրջ 5000 բնակիչ կա, և բոլորը, գյուղապետի խոսքով, այժմ տանն են, զբաղված են իրենց տնտեսության գործերով։ Գյուղի երեք-չորս ելքն ու մուտքը փակ են ոստիկանության ու Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների հսկողությամբ։ Աշխատում է սպասարկման ոլորտը, հնարավոր է մուտք գործել գյուղ ու ապրանքներ առաքել խանութների համար։

«Մարդիկ նստած սպասում են, որ բոլորիս վրա Աստված տա՝ մի լույս բացվի, այս դժվար, այս ծանր օրերից ուզում ենք շուտ դուրս գանք, ահավոր ա»,- ասում է 57-ամյա գյուղապետը։

Նրան ապշեցրել է, որ նույնիսկ այս ծանր վիճակում կան մարդիկ, որ չեն հավատում վարակի վտանգավորությանը, ծանր հետևանքներին։

«Այսօր գյուղում ունենք 65 հիվանդ, մահացել է երիտասարդը, բայց էլի մարդիկ կան, որ թերահավատ են։ Մեր դժբախտությունը հենց դրա մեջ է։ Առավոտից իրիկուն հեռուստատեսությամբ տեսնում ենք՝ ինչ են ասում, վարչապետին ենք լսում, տեղերում համայնքապետները բոլորի հետ բացատրական աշխատանքներ են տանում, բայց ժողովրդի մի մասն էլի չի հավատում»,- նշում է Լևոն Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ թեպետ բնակիչները թերահավատ են, բայց կրում են դիմակներ, պահպանում են կանոնները։ Այդ հարցում, նրա խոսքով, համոզվել է նաև Գեղարքունիքի մարզպետը։ Օրերս նա անակնկալ այց է կատարել գյուղ, և, գյուղապետի խոսքով, համայնքի կենտրոնում 10 մարդ է կանգնած եղել, բոլորն էլ՝ դիմակներով։ 

«Բոլորն էլ դիմակներով են, ձեռնոցներով, բոլոր հնարավոր տեղերում տեղադրված են ալկոգելեր։ Խանութների մուտքերը գրեթե փակ են, այցելուները խանութ չեն մտնում, քաղաքացին մոտենում է, պահանջը ներկայացնում է, գնում է ապրանքը ու հեռանում։ Չէ, էս օջախի բռնկումը զգոն ա պահում մարդկանց, բայց, դե, մի քանի թերահավատներ կան, էլի»,- պատմում է Լևոն Գրիգորյանը։

Այսօր գյուղի խնդիրը ոչ միայն կորոնավիրուսն է, այլ նաև «փակ» խոպանը․ երկար տարիներ արտագնա աշխատանքի մեկնած շատ քաղաքացիներ՝ 50 տոկոսը, հիմա մնացել են տանը, ճանապարհները փակ են, աշխատելու հնար չկա։ 

«Բայց բոլորս գիտակցում ենք, որ առաջին ու կարևոր բանը առողջությունն է, այս հարցը լուծենք, մյուս հարցերը կլուծվեն ու կլուծվեն»,- հուսադրում է գյուղի ղեկավարը։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am