«Ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման». ԲՀԿ-ն առաջիկայում կվերլուծի

«Ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման». ԲՀԿ-ն առաջիկայում կվերլուծի
«Ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման». ԲՀԿ-ն առաջիկայում կվերլուծի

Երեկ կայացած Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ հայտարարություն է տարածել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

««Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբը շնորհակալություն է հայտնում բոլոր այն երևանցիներին, ովքեր մայիսի 5-ին քվեարկել են սեփական խղճի և քաղաքական համոզմունքների համաձայն՝ անկախ նրանից, թե որ կուսակցությանն են տվել իրենց ձայնը:

ԲՀԿ նախընտրական շտաբը շնորհակալություն է հայտնում նաեւ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր քվեարկել են ԲՀԿ օգտին: Վստահեցնում ենք՝ ձեզանից յուրաքանչյուրի ձայնը մեզ համար կարևոր է հետագա քաղաքական պատասխանատվության և հետագա ծրագրերի մշակման համար:

Թե ինչպես անցան ընտրությունները` արձանագրեցին զանգվածային լրատվության բազմաթիվ միջոցներ, դիտորդական կազմակերպություններ, կազմվեցին տասնյակ արձանագրություններ, գրվեցին հատուկ կարծիքներ: ԲՀԿ նախընտրական շտաբն առաջիկա օրերին կվերլուծի կուտակված տեղեկատվությունն ու փաստերը:

Մայիսի 5-ի ավագանու ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման»:

Հիշեցնենք, որ երեկ կայացած ավագանու ընտրություններում, ըստ պաշտոնական նախնական տվյալների,  ձայների  55,86  տոկոսով հաղթանակ է տարել իշխող ՀՀԿ-ն, ինչը նշանակում է, որ  կուսակցության համամասնական ցուցակը գլավորող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրկին կզբաղեցնի այդ պաշտոնը:

ԿԸՀ տվյալների համաձայն, ՀՀԿ-ին ստացած ձայներով հաջորդում է ԲՀԿ-ն, երրորդը «Բարև Երևան» դաշինքն է: Նվազագույն շեմը չհաղթահարած ՕԵԿ-ը, ընդդիմադիր ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն տեղ չեն ունենա քաղաքի իշխանություններում: 

© Medialab.am