«Նրանք այլևս երկիրն ու Երևանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն». ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը

«Նրանք այլևս երկիրն ու Երևանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն». ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը
«Նրանք այլևս երկիրն ու Երևանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն». ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը

Երեկ կայացած Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ հայտարարություն է տարածել նաեւ ««Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ: 

« Չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից

Մայիսի 5-ի ընտրություններին ՀՅ Դաշնակցությունը մասնակցեց՝ նպատակ ունենալով երկրում փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահություն ու ապագայի հույս ներշնչել:

Մենք փորձեցինք հիմնավորել իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտությունը, մայրաքաղաքի արդյունավետ կառավարման ծրագիր առաջարկեցինք:

Հավատով ու անկեղծորեն տարանք մեր քարոզարշավը՝ ձգտելով երևանցիներին գաղափարա-ծրագրային ընտրություն կատարելու հնարավորություն տալ:

Եղավ՝ ինչ եղավ: Հերթական անգամ պետության և իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը:

Իշխանական մենաշնորհը ավելի կարծրացավ: Նրանք այլևս երկիրն ու Երևանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն: Կսպասենք արդյունքներին, թեև դրանք մեզ համար կանխատեսելի են:

Ցավոք, այս անգամ էլ մեզ չհաջողվեց մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն ձևավորել:

Մենք շնորհակալ ենք Դաշնակցությանը ձայն տված երևանցիներին: Վստահ եղեք՝ մենք գիտենք այդ ձայների իրական արժեքը:

Եվ նրանց, և բոլոր երևանցիներին, և Հայաստանի քաղաքացիներին մենք խոստանում ենք, որ չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից, չենք դադարեցնելու ամենօրյա աշխատանքը հանուն մեր երկրում արմատական փոփոխությունների, մեր քաղաքացիների ազատության և բարեկեցության»:

Հիշեցնենք, որ երեկ կայացած ավագանու ընտրություններում, ըստ պաշտոնական նախնական տվյալների,  ձայների  55,86  տոկոսով հաղթանակ է տարել իշխող ՀՀԿ-ն, ինչը նշանակում է, որ  կուսակցության համամասնական ցուցակը գլավորող գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրկին կզբաղեցնի այդ պաշտոնը:

ԿԸՀ տվյալների համաձայն, ՀՀԿ-ին ստացած ձայներով հաջորդում է ԲՀԿ-ն, երրորդը «Բարև Երևան» դաշինքն է: Նվազագույն շեմը չհաղթահարած ՕԵԿ-ը, ընդդիմադիր ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն տեղ չեն ունենա քաղաքի իշխանություններում:

© Medialab.am