«Միակ պլյուսն էն ա, որ մարդիկ Նոր տարի չեն անի». Հայաստանում մինչև հունվարի 11-ը սահմանված կարանտինը՝ դժգոհության առիթ

Կառավարության որոշմամբ Հայաստանում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ սահմանվել է կարանտին: Ներկայացվել են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումները և սահմանափակումները:

Թեպետ Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ կարանտինը սահմանվում է` ամբողջ աշխարհում և Հայաստանում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային լարված իրավիճակով, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախազգուշացմամբ համավարակի երկրորդ ալիքի վտանգի մասին, այդուհանդերձ որոշման հրապարակումից շատ չանցած դժգոհության ալիք բարձրացավ հանրության որոշակի շրջանում:

«Այսինքն մինչև 2021թիվը դիմակով ենք մնալու, ասա գնանք կախվենք, էլի, լրիվ ցնդել են էս զոմբիները», «Ի՜նչ մեղք է մեր ժողովուրդը, Աստված էլ բեթարից ազատես», «Բյուջեի փողը պակասուրդի վրա՞ ա»՝ այս և նման գրառումներով ողողվել է համացանցը:

Սոցիալական մեդիայում օգտատերերը բողոքում են, որ կարանտինը բավական երկար է սահմանված՝ մինչև հունվարի 11-ը, և այդքան ժամանակ ստիպված են լինելու դիմակ կրել։

Կարանտինը որոշ օգտատերերի կողմից բնորոշվում է տուգանքներով պետական բյուջե գումար լցնելու հնարավորություն, ոմանք հումորով նշում են, որ միակ մխիթարիչ կողմն այն է, որ կշրջանցեն Նոր տարվա ծախսերը:

Կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների վերաբերյալ հավելվածը հասանելի է այստեղ:

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի հոգեբան Անի Ապիտոնյանի խոսքով՝ մարդկանց նման արձագանքը պայմանավորվում է մարդու՝ իր պատկերացրած ազատության սահմանափակմամբ։

Սակայն, ըստ հոգեբանի, կարևորագույն հատկանիշ է հարմարվողականությունը, երբ մարդը, հաշվի առնելով փաստերը, որոնք իրականում գոյություն ունեն, կարող են վնաս տալ իրեն, իր կենսաբանական տեսակին, ճկունություն է դրսևորում իրավիճակին գիտակցաբար հարմարվելու համար և այլևս էներգիա չի ծախսում։

«Մարդիկ սիրում են ազատություն։ Մենք փոքր տարիքից ձգտում ենք ազատության, և ազատության դեմ ցանկացած խոչընդոտի փոքր տարիքից կարող ենք բացասական ու ագրեսիվ պատասխան տալ։ Այստեղ խնդիրը ոչ թե պարետի, Կառավարության որոշումն է, այլ մարդու՝ իր պատկերացրած ազատության սահմանափակումը։

Օրինակ՝ դա ինձ համար ազատության սահմանափակում չէ, ես հաշվի եմ առնում, որ այսքան ամիս չեմ հիվանդացել, քանի որ պահպանել եմ կանոնները: Ինձ համար դա սահմանափակում չէ, այլ իմ առողջության և հարազատների պահպանմանը միտված գործողություններ։

Հարմարվողականության դրսևորումը հիմա ամբողջ աշխարհում է։ Հարմարվելու և հարմարվողականության շնորհիվ են մարդիկ, կենսաբանական տեսակները գոյատևել։

Այսինքն՝ հարմարվողականությունը ոչ միայն կենսաբանական ձևով է լինում, այլև հոգեբանական, երբ մարդը, հաշվի առնելով փաստերը, որոնք իրականում գոյություն ունեն, կարող են վնաս տալ իրեն, իր կենսաբանական տեսակին, ճկունություն է դրսևորում իրավիճակին գիտակցաբար հարմարվելու և այլևս էներգիա չի ծախսում դրա վրա։ Մենք ինչքան էներգիա ենք ծախսում դիմակի մասին խոսելու վրա, երբ պարզապես կարելի է կրել»,- ընդգծում է Ապիտոնյանը։

Սեպտեմբերի 11-ի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմել է 28.422.362: Գրանցվել է 915.193 մահվան դեպք: Առողջացել է 20.428.293 մարդ:

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 45503 դեպք, որոնցից 41434-ը` առողջացած, 909-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2880 պացիենտ:

«Կարանտին» բառը իտալերեն quarantena բառից է ծագում, որը նշանակում է 40 օր: Օգտագործվել է 14-15-րդ դարում Իտալիայում: Դա այն ժամանակահատվածն է բնորոշում, երբ ժանտախտի համաճարակի նկատմամբ ոչ ապահով վայրերից ժամանած բոլոր նավերից պահանջվում էր հարկադիր կերպով խարսխակայանում մնալ 40 օր: Այստեղից էլ առաջացել է անվանումը: Կարանտինն օգտագործվում է կանխելու վարակիչ հիվանդությունների տարածումը՝ սահմանափակումների և կանոնների գործադրմամբ: Հետագայում կարանտինը սկսեցին կիրառել այլ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի համար։

Արփինե Արզումանյան

MediaLab.am