Ամերիկյան «թայմ աութի» կանոնները

Ամերիկյան «թայմ աութի» կանոնները
Ամերիկյան «թայմ աութի» կանոնները

Սիրիական հիմնախնդրի հանգուցալուծման միտող, կամ ավելի ճիշտ` ռազմական գործողությունների մեկնարկը առկախելու փորձ կատարող ռուսական նախաձեռնությանը, հստակորեն գեթ որոշակի հանգրվանի համար, հաջողվեց փոխել իրավիճակը: Համատարած տպավորություն եւ համոզում էր գոյացել այն մասին, որ ամերիկյան Կոնգրեսի քվեարկությունից անմիջապես հետո, նույնիսկ Սենատի քվեարկության ավարտին ռազմական գործողությունները պիտի մեկնարկեին սիրիական թիրախների ուղղությամբ:

Հետաքրքրական զուգադիպությամբ ռազմական գործողությունների մեկնարկի թվականը, թեկուզ ոչ պաշտոնական, նախատեսվել էր սեպտեմբերի 11-ը, որ ամերիկյան տրամաբանությամբ պիտի խորհրդանշեր միջազգային ահաբեկչության դեմ պայքարի օրը…

Իհարկե, ռուսական նախաձեռնությունը թվականի եւ ներկայացման ժամանակի իմաստով եւս պատահականություն չէր։ Շատ շուտով պարզ դարձավ, որ նախաձեռնությունը համաձայնեցված էր Միացյալ Նահանգների հետ: Նախաձեռնության հրապարակմանը հաջորդեց համաձայնեցված երկրորդ հանգրվանը: Միացյալ Նահանգները հայտարարեցին «թայմ աութը»: Իսկ այստեղ, միջանկյալ ձեւակերպումները հարգելու համար անմիջապես պետք էր Դամասկոսի ողջունումը, որ անուշտ տեղին եւ ժամանակին կատարվեց:

Ամերիկյան «թայմ աութի» բացատրությունը երեկ տվեց նախագահ Օբաման։ Դրական շեշտադրումներով հագեցած բացատրողական էր, որի հիմնական միտքն այն էր, որ այս ամենում դիվանագիական լուծումն է գերադասելի Միացյալ Նահանգների համար, թե ԱՄՆ-ը չպիտի միջամտի ներսիրիական պատերազմին, թե այս ամենի նպատակը զանգվածային ոչնչացման զենքերի չեզոքացումն է եւ բացառումը նման միջոցների օգտագործման: 

Ճիշտ է, որ իբրեւ ռուսական համաձայնեցված նախաձեռնության արդյունք` ռազմական գործողությունները անժամկետ հետաձգվում են։ Մի քանի դիտարկում սակայն, պետք չէ բաց թողել, ամերիկյան «թայմ աութի» հիմնավորումների եւ դադարի այս հանգրվանի նախապատրաստությունում կատարված հայտարարությունների վրա բացվող լուսարձակները ամփոփ ձեւով նշելու համար:

Ռուսական կոչը Դամասկոսին, հանձնելու համար քիմիական զենքի պահեստը միջազգային ընտանիքին, ինքնին փաստում է սիրիական իշխանությունների մոտ զանգվածային ոչնչացման նման միջոցների առկայությունը: Ավելի ճիշտ` այդ առկայության ռուսական հաստատումը: Ռուսական այս հաստատումը կատարվեց ճիշտ ՄԱԿի փորձագետների հետազոտման արդյունքի հայտարարության նախօրյակին: Դեռեվս միջազգային մակարդակով չհաստատված, թե ո՞վ է քիմիական զենքերի օգտագործման հասցեատերը, Մոսկվան առաջարկում էր Դամասկոսին հանձնել քիմիական պաշարը:

Սա, իհարկե, բավարար էր քիմիական պաշարի առկայությունը փաստելու. բայց սրանով էլ չէր բավարարվում քիմիականի առկայության հաստատումը: Դամասկոսը ողջունեց ռուսական նախաձեռնությունը, ուղղակի-անուղղակի ինքնախոստովանելով իր մոտ նման զինամթերքի առկայությունը:
Անշուշտ, այստեղ կա տրամաբանություն, որ նման զենքերի առկայությունը չի ենթադրում անպայման դրա օգտագործումը կամ օգտագործված լինելը: Մնանք սակայն գերտերությունների հայտարարությունների ճշտած տրամաբանության սահմաններում: Երբ օգտագործված քիմիականի ուղղությամբ ամբաստանությունները երկկողմանի էին, առնվազն ակնկալվում էր նաեւ հակառակորդ կողմին եւս պահանջ ներկայացնել քիմիական զենքի պահեստները հանձնելու միջազգային ընտանիքին: Կոչը կարելի էր ուղղել կողմերին, հանձնելու զանգվածային ոչնչացման միջոցները: Մանավանդ, երբ նույն այդ միջազգային ընտանիքը դեռեվս չէր եզրակացրել պատասխանատվության խնդիրը:

Ռուսական համաձայնեցված այս նախաձեռնությունը ենթահող պատրաստեց միջազգային փորձագիտական եզրակացության համար: Փորձագետները այլեւս հանգիստ կարող էին հայտարարել, թեեւ առանց ուղղակի փաստեր ունենալու, որ կառավարական ուժերն են քիմիականի օգտատերերը: Սա էլ ռուսական առաջարկից, ամերիկյան «թայմ աութից» հետո համաձայնեցված ընդհանուր նախաձեռնության միջազգային երրորդ արարն էր:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր