«Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը սկանդալային էր և վնասեց Նիկոլ Փաշինյանին». Արմեն Բաղդասարյան

Լուսանկարը՝ media.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը

Պարո՛ն Բաղդասարյան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրապարակած ձայնագրությունը, ի վերջո, սկանդալայի՞ն էր: Վնասե՞ց, թե՞ օգնեց Նիկոլ Փաշինյանին:

– Այո՛, ինչ-որ իմաստով դա սկանդալային էր և վնասեց Նիկոլ Փաշինյանին:

Ինչո՞վ վնասեց, որովհետև մարդկանց մեծ մասը պնդում է, թե այդ ձայնագրությամբ Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը հայրենասեր ղեկավար է:

– Այդ ձայնագրությունը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար ղարաբաղյան բանակցությունների 25 տարիների ընթացքը փորձել է շեղել, ամբողջ տրամաբանությունը փոխել, սկսել իր կետից, ինչն ավարտվել է կատարյալ ձախողմամբ:

Այդ ձայանգրությունը ցույց տվեց, որ Փաշինյանը դա արել է գիտակցաբար, ռիսկի է դիմել՝ առանց հասկանալու, որ ռիսկի դիմելու իրավունք չուներ, և արդյունքում ունենք այն, ինչ ունենք:

Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հանրության մի մասի մոտ այդ ձայնագրությունը ճիշտ հակառակ տպավորությունը թողեց:

– Չեմ կարծում, թե լուրջ մարդկանց մոտ ձևավորվեց կարծիք, որ այդ ձայնագրությունը օգնեց Նիկոլ Փաշինյանին: Պարզապես, քանի որ Սերժ Սարգսյանը խոստացել էր ընտանիքին վերաբերող սկանդալային ինչ-որ բաներ, իսկ հետո լրիվ այլ բան հրապարակեց, կարծում եմ, հասարակության այդ՝ սկանդալների հետևից գնացող հատվածը մի փոքր հիասթափվեց:

Իրականում, սա ավելի լուրջ հրապարակում էր:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս հրապարակմանը՝ նշելով, որ այն լիովին և ամբողջությամբ հիմնավորում է իրենց այն դիրքորոշումները, որ վերջին ամիսների ընթացքում տարբեր հարթակներից իրենք արել են:

– Նիկոլ Փաշինյանը ժամանակին այդ մասին ամբողջությամբ չի ասել, խոսել է բանակցությունները իր սեփական կետից սկսելու մասին: Իսկ ձայնագրության մեջ ասում է, որ Բելառուսի, Ռուսաստանի և Ղազախստանի նախագահներն իրեն ներկայացրել են հարցի ողջ էությունը:

Այսինքն՝ նա պետք է հասկանար, որ, կոպիտ ասած, կողմերի վրայից թռնելու դեպքում ինքը շատ լուրջ առճակատման մեջ է մտնելու առնվազն այդ երեք պետությունների հետ, և նա, կրկնում եմ՝ ռիսկի է դիմել, և արդյունքում դա չի արդարացել: Փաշինյանը բախտախաղի է դրել արցախյան խնդրի ապագան և արդյունքում տանուլ է տվել, ինչի իրավունքը չուներ:

Եթե նա համաձայներ, ու խնդիրը լուծեր Լավրովի պլանով, իսկ այդ ձայնագրության մեջ հստակ է, որ իրեն հենց դա են առաջարկել, մենք բոլորովին այլ պատկեր կունենայինք:

Իսկ ո՞րն էր այս ձայնագրության մեջ, Սերժ Սարգսյանի ասած, միջազգային սկանդալի տարրը, և ի՞նչ հետևանքներ այն կունենա:

– Բացասական հետևանքներ կունենա Հայաստանի համար որոշ առումներով, որովհետև եթե պետության ղեկավարը այլ երկրների ղեկավարների մոտ իրեն գժի տեղ է դնում՝ դա համարելով տակտիկական քայլ և այդ մասին բարձրաձայն ասում է, իհարկե, դրանով այդ պետության ղեկավարի միջազգային վարկանիշն ու հեղինակությունը կտրուկ նվազում են:

Եվ Սերժ Սարգսյանի քայլի բացասականը կողմը հենց դա է, որ նա դրանով հարվածել է Նիկոլ Փաշինյանին, բայց հարվածի տակ է հայտնվել նաև Հայաստանը՝ իր միջազգային հեղինակությամբ, որովհետև Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում երկիր է ներկայացնում, և այդ երկրի վարկն է նվազում, երբ տվյալ ղեկավարն իրեն գժի տեղ է դնում:

Պարո՛ն Բաղդասարյան, մինչև քարոզարշավի ավարտը հնարավո՞ր է նմանատիպ ձայնագրությունների ականատես լինենք:

– Վստահ եմ, որ ականատես կլինենք, ուղղակի շատ տհաճ երևույթ է, որովհետև կարող են արդյունքում ջրի երես դուրս գալ նաև պետական կարևորագույն գաղտնիքներ, ինչն անթույլատրելի է, որովհետև ընտրությունները կավարտվեն, կգնան, բայց պետական շահն ու գաղտնիքը պետք է պահպանել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am