PFA-ի նոր զեկույցը վերլուծում է Հայաստանում կոռուպցիայի դրսևորումները և ահազանգում քաղաքական բարեփոխումների անհրաժեշտության մասին

PFA-ի նոր զեկույցը վերլուծում է Հայաստանում կոռուպցիայի դրսևորումները և ահազանգում քաղաքական բարեփոխումների անհրաժեշտության մասին
PFA-ի նոր զեկույցը վերլուծում է Հայաստանում կոռուպցիայի դրսևորումները և ահազանգում քաղաքական բարեփոխումների անհրաժեշտության մասին

Վաշինգտոնում գործող Policy Forum Armenia (PFA) վերլուծական կենտրոնը այսօր հրապարակել է «Երկրի իրավիճակը» շարքից հերթական զեկույցը՝ «Կոռուպցիան Հայաստանում» վերտառությամբ։ Գիտության տարբեր ուղղություններ ներկայացնող մասնագետների խմբի աշխատանքի արդյունք հանդիսացող այս զեկույցը լուսաբանում է Հայաստանում կոռուպցիայի դրսևորման խոշոր և մանր դեպքերի վրա և առաջարկում դրանց նվազեցման մեխանիզմներ։

Զեկույցի հիմնական եզրակացությունն այն է, որ Հայաստանի տնտեսության վրա կոռուպցիայի բացասական ազդեցությունը ահռելի է։  Օրինակ կոռուպցիայի հետ առընչված ընկերություններին նվիրված զեկույցի հատվածում բացահայտվում է, որ «մեծ ընկերությունների՝ կոռուպցիայի առաջացրած լրացուցիչ ծախսերը կազմում են դրանց տարեկան վաճառքի հինգ տոկոսը, որն ամենաբարձրն է համեմատված երկրների շարքում և քայքայում է ընկերությունների մրցունակությունն ու արդյունավետությունը»։  Զեկույցը մատնացույց է անում, որ հանրային քաղաքականությունը մշակվում և իրականացվում է հիմնականում ամուր արմատներ ձգած կոռումպացված էլիտայի, այլ ոչ թե քաղաքացիների շահերը սպասարկելու համար։

PFA-ի գործադիր խորհրդի անդամ դոկտոր Զավեն Քալաջյանը նշեց որ «Իր բնույթից ելնելով, կոռուպցիան շատ դժվար է բացահայտել։ Հենց այդ պատճառով էլ մեթոդների ընտրությունները և վերլուծության ոլորտները ընտրվել են շատ զգուշորեն՝ զեկույցն առավելագույնս արժեքավոր դարձնելու համար։ Խումբը օգտագործել է ինչպես քանակական այնպես էլ իրական դեպքերի ուսումնասիրման մեթոդներ՝ Հայաստանի տնտեսության և հանրային կյանքի տարբեր ոլորտներում՝ արդարադատությունից ու ռազմական ոլորտից մինչև փողերի լվացում և մանրածախ կոռուպցիա, ընդհանուր կոռուպցիայի և կաշառակերության մակարդակը առավելագույնս ճշգրիտ չափելու համար։ Ամենաապշեցուցիչ բացահայտումն այն էր, որ կոռւոպցիան Հայաստանում խիստ կենտրոնացված է և ստեղծում է անհաղաթահերելի արգելքներ երկրի տնտեսական զարգացման և առաջընթացի համար»։

Զեկույցի հիմնական ուղերձը հետևյալն է․ «Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների արդյուանվետ հաղթահարումը պետք է սկսվի լեգիտիմ իշխանության ձևավորումից, որ կկարողանա ժողովրդի անունից նոր քաղաքական կուրս իրականացնել։ Այն կարող է իրականանալ միայն այնպիսի քաղաքական իշխանության դեպքում, որը կունենա կտրուկ համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կարողություն և դրդապատճառներ։ Ներկայումս Հայաստանի իշխանության և ժողովրդի միջև հետադարձ կապը խզված է։ Այն երկրում հաստատված ռեժիմին անհաղորդ է դարձնում ընտրազանգվածից եկող ճնշումների նկատմամբ և հիմնարար կերպով փոխում է իշխող բուրգի գագաթին գտնվող անհատների խթանները»։

ԱՄՆ-ի Մասաչուսեթսի Տեխնոլոգիական Ինստիտուտի տնտեսագիտության պրոֆեսոր և վերջերս շատ լայն տարածում գտած «Ինչու են ազգերը տապալվում․ իշխանության, բարօրության և աղքատության արմատները» գրքի հեղինակ Տարոն Աճեմողլուն նշում է․ «Ոմանք ասում են, որ Հայաստանը դատապարտված է տնտեսապես տապալվելուն իր աշխարհագրության և աշխարհում ունեցած տեղակայության պատճառով։ Բայց աշխարհի ներկա և անցյալ շատ այլ երկրների նման դրա տապալումը պայմանավորված է կոռուպցիայով, անազնիվ քաղաքական գործիչներով և թույլ ինստիտուտներով։ Հայաստանի դժբախտությունների հիմքը ոչ թե հնարավորությունների սահմանափակությունն է, այլ վատնված հնարավորությունները, և այն կարող է առաջադիմել բացառապես այս փաստին դիմագրավելու և անհաջողությունների համար պատասխանատուներին հաշվետու դարձնելու միջոցով։ Այս հրաշալի զեկույցը առաջին քայլն է այդ ուղղությամբ»։

Երկրորդելով նշված կարծիքը, ԱՄՆ-ի Բերքլիի համալսարանի Տեղեկատվության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր ԱննաԼի Սաքսենյանը նշում է. «Այս տվյալներով հարուստ հետազոտությունը ներթափանցում է Հայաստանի կառավարման ներկա իրականությանը խորքը՝ իրականություն, որ երկար ժամանակ ստվերված է եղել։ Այն հաստատում է, որ քաղաքական բարեփոխումները էական նշանակություն ունեն երկրի տնտեսական և սոցիալական զարգացման համար»։

Որպես լուծում, զեկույցը առաջարկում է Հայաստանում կոռուպցիայի նվազեցման ռազմավարություն, որ հիմնված է անհատի՝ կոռուպցիայի շնորհիվ սահմանափակված ազատությունների և հնարավորությունների խթանման սկզբունքի վրա։ Ի լրումն, զեկույցը մանրամասն առաջարկություններ է ներկայացնում բարձր ռիսկային ոլորտներում կոռուպցիայի և ապաշնորհ կառավարման դեմ պայքարի ուղղությամբ։ Այն նշում է, որ միջազգային հանրության  և Սփյուռքի աջակցությունն անհրաժեշտ են Հայաստանի ժողովրդին՝ կառավարման բարելավման համար, իր դիրքերին կառչած կոռումպացված էլիտայի բարեփոխման կամ այդ դիրքերը լքել ստիպելու միջոցով։ Երկրի ներսում անհրաժեշտ է վերնախավում իրենց դիրքերը չարաշահողներին պատժելու համար հավատ ներշնչող քայլեր ձեռնարկել։ Դրանցից կարող են լինել արդարադատության համակարգի բարեփոխումն ու գողացված ունեցվածքի վերադարձման մեխանիզմների մշակումն ու հաստատումը։

Վերջինի հետ կապված զեկույցը քննարկման է ներկայացնում «Գողացված ունեցվածքի վերադարձման նախաձեռնություն» նախագիծը, որ կառուցվել է այլ երկների փորձի, ինչպես նաև նշված ոլորտը կարգավորող միջազգային իրավունքի դրույթների հիման վրա․ նշված նախաձեռնությունը առաջարկում է Հայաստանում և դրանից դուրս պահվող ապօրինի կերպով յուրացված ունեցվածքի բացահայտման, վերադարձման և կառավարման կամ վերաբաշխման եղանակներ։

Այս զեկույցը նպատակ ունի խթանել Հայաստանում կոռուպցիայի մասին քննարկումներն և նախազգուշացնել կոռումպացված պաշտոնյաներին այն մասին, որ քաղաքացիական հասարակության կառույցները պատրաստ և կարող են աջակցել բացահայտելու գողացված ունեցվածքը՝ անկախ դրանց գտնվելու վայրից և վերադարձնել դրանք իրենց օրինական տերերին։

Policy Forum Armenia-ն 501(c)3 շահույթ չհետապնդող վերլուծական կենտրոն է, որ նպատակ ունի ամրապնդել Հայաստանի տնտեսական զարգացման և ազգային անվտանգության դիսկուրսը և այդպիսով աջակցել Հայաստանում արդյունավետ հանրային քաղաքականության իրականացմանը։ PFA-ի այս և այլ զեկույցները, որոնք գնահատականներ են տալիս Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող առանցքային զարգացումներին, հասանելի են www.pf-armenia.org/reports հղումով։